ՀՀԿ-ի համար ԲՀԿ-ից միայն Ծառուկյանի կարծի՞քն է պաշտոնապես արժեքավոր

ՀՀԿ-ի համար ԲՀԿ-ից միայն Ծառուկյանի կարծի՞քն է պաշտոնապես արժեքավոր

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կարձագանքի նրան, որ ոչ իշխանական ուժերը մերժում են բանակցությունների գնալ իշխանությունների հետ



«Ո՞վ մերժեց ոչ իշխանականներից, ՀԱԿ-ը չմասնակցեց, բայց չեն մերժել»,-ասաց նա և հռետորական հարցադրմամբ ավելացրեց․ «ԲՀԿ-ից դուք լսե՞լ եք, որ մերժել են»:
Լրագրողների դիտարկմանը, որ այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, Շարմազանովը պատասխանեց. «Մենք ո՛չ Լևոն Զուրաբյանին ենք դիմել, ո՛չ Ռուբիկ Հակոբյանին, ես չեմ կարծում, որ նրանք ԲՀԿ-ի կարծիք արտահայտող ներկայացուցիչներն են»: Նա հիշեցրեց, որ ԱԺ նախագահի մոտ եղած հանդիպումից հետո ԲՀԿ ներկայացուցիչը տեսակետ չի հայտնել:




«Մենք ո՛չ Լևոն Զուրաբյանին ենք անձնապես դիմել, ո՛չ Ռուբիկ Հակոբյանին: Չեմ կարծում, որ նրանք այն քաղաքական գործիչներն են, ովքեր այլ կուսակցության փոխարեն լիազորված են պաշտոնական հայտարարություն անելու: Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` Դուք տեղյակ եք, թե ՀՀԿ-ն Բարգավաճ Հայաստանից ում կարծիքն է ընդունում` որպես պաշտոնական կարծիք»,-շեշտեց ՀՀԿ խոսնակը։
Հարցին, թե խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՞ մասին է, նա ասաց. «Դուք ասացիք, ես չասացի»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ