Բոյկո՞տ, թե՞ անփութություն

Բոյկո՞տ, թե՞ անփութություն

Կառավարության ներկայացրած երկու նախագծերի տապալումը խորհրդարանում երեկ բազմազան կարծիքների առիթ դարձավ, ոմանք դա բացատրում էին տեխնիկական խոտանով եւ ՀՀԿ-ականների բացակայությամբ (մի քանիսը գործուղումների են), ոմանք էլ՝ կանխամտածված, իբր այդպիսով Գալուստ Սահակյանը Հովիկ Աբրահամյանից իր որդու վրա ձայն բարձրացնելու մուռը հանեց: Չնայած ՀՅԴ-ն արջի ծառայություն մատուցեց՝ մասնակցելով քվեարկություններից մեկին, սակայն կրկին քվորում չապահովվեց:



«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին 61 կողմ, 1 ձեռնպահ, 2 դեմ գրանցվեց, եւ ընդամենը երեք ձայն էր հարկավոր քվորում ապահովելու եւ օրենքն անցկացնելու համար: Ուշագրավ է, որ քվեարկության պատկերը երբ հայտնվեց ցուցատախտակին, տեղից մի քանի ՀՀԿ-ականներ, որոնց թվում Արփինե Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը, բարձրաձայնեցին, որ իրենց քվեարկությունը չի գրանցվել, սակայն Գալուստ Սահակյանը չանսաց նրանց կոչերին եւ առաջ անցավ: Մինչդեռ նախկինում նման դեպքերում Գալուստ Գրիգորիչը վերաքվեարկություն էր կազմակերպում եւ ՀՀԿ-ին սեւերես չէր թողնում: