Հոգով էնքա՜ն բանի ենք դեմ

Հոգով էնքա՜ն բանի ենք դեմ

Ազգային ժողովի երեկվա քվեարկություններից երկուսի դեպքում բավականին տարօրինակ արդյունքներ գրանցվեցին: Կառավարության բերած օրենքի նախագծերից երկուսն ընդդիմության որոշ ուժերի բոյկոտով ու ՀՀԿ-ականների «թեթեւ ձեռքով» չհավաքեցին բավարար քանակությամբ ձայներ եւ չընդունվեցին: Դրանցից մեկն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծն էր, որը մերժվեց 61 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:



Նշենք, որ այս քվեարկությանը մի շարք ՀՀԿ-ականներ, այդ թվում՝ նախագծի ջատագով եւ հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը, չմասնակցեցին: Թեեւ նրանք հայտարարեցին, որ տեխնիկական խնդիր է եղել՝ իրենց կողմ ձայները էլեկտրոնային համակարգն ուղղակի չի ֆիքսել, սակայն դա ուշադրության չարժանացավ:



Մյուսը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն էր, որին եւս ընդդիմադիրները դեմ էին: Այս օրենքի նախագծին էլ, որը, ըստ ԲՀԿ-ի, իսկական թալան է, կողմ քվեարկեց 57 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1: Այդ մեկ դեմ քվեարկողը ՀՀԿ-ից Գարեգին Նուշիկյանն էր: Եվ եթե նախորդ օրենքի դեպքում ՀՀԿ-ականների «մեղքը» զուտ տեխնիկական էր, ապա «Նուշիկյան ասոցիացիա»-ի սեփականատեր Գարեգին Նուշիկյանը սեփական կամքով է դեմ քվեարկել սիրելի կառավարության բերած նախագծին:



Ավելի ուշ Նուշիկյանը պարզաբանեց իր այդ «հանդուգն» արարքը: «Տենց ուզեցի՝ տենց քվեարկեցի: Դեմ էի՝ դեմ քվեարկեցի»,-ասաց ըմբոստ պատգամավորը՝ հասկացնելով, որ ԴԱՀԿ-ի մասով ինքը վերապահումներ ուներ: Հետո նշեց, որ իրենք պայմանավորվածություն չունեին խմբակցությունում, որ պետք է անպայման կողմ քվեարկեին, ինքն էլ օգտվել է ազատ կամարտահայտության իր իրավունքից: Իսկ հնարավո՞ր է նկատողություն ստանաք դրա համար, Նուշիկյանը նեղացավ. «Ի՞նչ նկատողություն, մանկապարտե՞զ ա, ի՞նչ ա՝ նկատողություն անեն»:



Մեր դիտարկմանը, թե սովորաբար կառավարության բերած օրինագծերը ՀՀԿ-ն «հալած յուղի» տեղ է ընդունում ու միաձայն անցկացնում, ի՞նչն էր պատճառը, որ ինքը դեմ գնաց ձեւավորված ավանդույթին, Նուշիկյանն ասաց. «Դե հիմա տենց էլ ա լինում, անընդհատ էդ միօրինակությունն էլ ա ձանձրալի»: Այսինքն՝ սա դեմոկրատիայի յուրօրինակ դրսեւորո՞ւմ համարենք ՀՀԿ-ում: «ՀՀԿ-ն միշտ էլ դեմոկրատական սկզբունքներով ա առաջնորդվել: Դե հիմա գիտե՞ք, նենց չի, որ մենակ ես եմ էս ամբողջ ընթացքում դեմ կամ ձեռնպահ քվեարկել»,-ասաց նա:



Ի դեպ, Նուշիկյանը նաեւ խոստովանեց, որ եղել են դեպքեր, երբ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել, ինքն էլ է կողմ քվեարկել, բայց իրականում դեմ է եղել: Այսինքն՝ հոգո՞վ եք դեմ եղել: «Դե հիմա հոգովը ո՞րն ա է... հոգով էնքա՜ն բանի ենք դեմ»:



Մեր դիտարկմանը, թե զգացվում է, որ հանրապետականներից ոմանք շատ մեծ ու բարի հոգի ունեն եւ իրականում չեն ցանկանում պրոբլեմատիկ, վնասակար նախագծերին կողմ քվեարկել, բայց իրենց կատարած քվեարկություններից այն տպավորությունն է ստեղծվում՝ կարծես նրանք ընդհանրապես սիրտ ու հոգի չունեն, որովհետեւ հակառակն են անում, ՀՀԿ խմբակցության ոչ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ի՞նչ ա նշանակում՝ հակառակն են անում, Ձեզ թվում ա՝ ՀՀԿ-ն կողմ ա քվեարկում կամ օրենքների նախագծեր ա բերում ոչ ի նպաստ մեր հասարակությա՞նը, ժողովրդի՞ն: Դա տենց չի»:



Քվեարկություններից սահուն անցում կատարեցինք նաեւ նրա բիզնեսներին ու մի քանի հարց էլ այս թեմայի շուրջ ուղղեցինք:



- Նախագահի եղբայրը «փայ» ունի՞ Ձեր բիզնեսներում: Բոլորը բողոքում են, թե նա բոլոր լավ բիզնեսներում ձգտում է իր մասնաբաժինն ունենալ:



- Դուք չարաշահում եք իմ...



- Բարությո՞ւնը:



- Բարությունը չասեմ, էլի, բայց ի՞նչ հարց եք օրինակ տալիս, եթե ուրիշ հարցեր ունեք՝ տվեք: Էդ ո՞ւմ բիզնեսի մեջ ա փայ մտել, որ իմին էլ չի հասցրել: Կամ ինչի՞ պիտի մեր բիզնեսի մեջ մտներ:



- Հասարակության մեջ տարածված է այդ կարծիքը, բոլորն այդ մասին են խոսում, անգամ անեկդոտներ, հումոր կա այդ թեմայով, չե՞ք լսել:



- Ես Ձեզ հավատացնում եմ, որ 99.9 տոկոսն էդ ամեն ինչի չի համապատասխանում իրականությանը: Ժամանակին էլ ուրիշ մարդկանց էին ասում, թե փայ են մտնում:



- Իսկ որեւէ մեկը կա՞, բացի Ձեզանից, որ մասնաբաժին ունի Ձեր բիզնեսում:



- Մեր բիզնեսն ընտանեկան բիզնես է, եւ մեր բիզնեսում փայ ունեցող ես եմ, իմ եղբայրն է եւ իմ հայրն է:



- Դուք այն երջանիկ բիզնեսմեններից եք, որ ունեք ընտանեկան բիզնես, եւ որտեղ կողմնակի անձինք «փայ» չունեն:



- Չէ, ես էդպիսի երջանիկ բիզնեսմեններ շատ գիտեմ: Եթե կա ինչ-որ մեկը, որ գիտեք՝ ինքը հակառակ դրա դժբախտ ա, անունն ասեք, միգուցե ինչ-որ բանով կարողանանք օգտակար լինել: