Միֆերի երկիր Հայաստանս

Միֆերի երկիր Հայաստանս

Մարգար Մելքոնյանը եղբոր՝ Մոնթեի մասին հրաշալի հուշապատում է հրապարակել: Համոզված չեմ, սակայն, թե այն հայ ընթերցողի, ինչպես ասում են, «սեղանի գրքերից» է կամ երբեւէ կդառնա: Մարգար Մելքոնյանը շատ դառը բաներ է գրել: Իսկ մենք «դեղահաբ կուլ տվող» չենք: Գերադասում ենք գեղեցիկ միֆը:
Եվ հավատում, որ Իսրայելի՝ գերհզոր հետախուզագործակալական ցանց ունեցող երկրի «քթի տակ»՝ Բեքաայի հովտում, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն ուներ զորավարժարաններ, որտեղ սփյուռքահայ երիտասարդությունը մարզվում-վարժվում-կոփվում էր, որպեսզի X ժամին ազատագրի Արեւմտյան Հայաստանը: Կարդացեք Մարգար Մելքոնյանի գիրքը: Նա գիտի, թե իրականում ինչ էր կատարվում Բեքաայի հովտում: Բեքաայի հովտի Այնճար գյուղաքաղաքում:



Իսկ եթե չենք կարդում, քանի որ ականատեսի փոխանցած ճշմարտությունը դառն է, իսկ միֆը հաճելիորեն փափկացնում է բոլորիս հոգիները, ուրեմն եկեք ընդունենք, որ «Հիմնադիր խորհրդարան» կոչվող կառույցի «մղումներն ազնիվ-հայրենասիրական են, եւ նա է, որ պիտի Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորի»: Որովհետեւ այդ «պինդ ընկույզի» մի կեսը Բեքաայի հովտում է «պտղվել», մյուսը՝ Հադրութում:
Եվ Արցախն էլ այն «կեղեւն» է, որ «գուրգուրանքով պետք է ծոցն առնի հազվագյուտ սերմը, իր շնչով տաքացնի, որպեսզի ծլի, բարձրանա, արմատներ ձգի, բարձր հասակ նետի եւ համայն հայության վրա հովանի դառնա Ազատ, անկախ, միացեալ Հայաստանի հզոր ընկուզենին»:



Մեր աչքի առաջ, մեր լուռ մասնակցությամբ «հիմնադիր խորհրդարանական» Էմիլ Աբրահամյանը կեղծում է, հայտարարելով, որ շարժումն «սկսվել է Հադրութից» (http://www.mediamax.am/am/news/sharjum25/7005/), եւ ինքն Արցախում «առաջինն է ըմբոստացել կեւորկովյան ռեժիմի դեմ»: Որովհետեւ, գիտե՞ք, 88-ի փետրվարի 12-ին Հադրութի շրջկոմի աստիճանահարթակին կանգնել՝ ներսում հավաքվածներին սպառնացել է, որ եթե ենթարկվեն Բաքվից եկածներին, «վերջը վատ է լինելու»:
Այդ օրը ԼՂԻՄ բոլոր շրջաններում եւ Ստեփանակերտում նման միջոցառումներ կազմակերպվել են: Նպատակն էր, որ մարզի կոմունիստները «դատապարտեին մի խումբ ծայրահեղականների արկածախնդրությունը»: Եվ բոլոր տեղերում էլ տասնյակ, հարյուրավոր մարդիկ ինքնաբուխ ցույցի են ելել՝ ղեկավարներին հորդորելով կանգնել ժողովրդական շարժման կողքին: Եվ, ի պատիվ նրանց, ոչ մի ղեկավար Բաքվի սպառնալիքներից չի երկնչել, շարժումը դատապարտող որոշում չի ընդունվել:



Շարժման իրական կազմակերպիչների եւ առաջնորդների մի մասը հեռացել է կյանքից: Մյուսները պետական բարձր պաշտոնների են: Նրանց կարգավիճակը թույլ չի տալիս անդրադառնալ Էմիլ Աբրահամյանի «շարժումն սկսվել է Հադրութից» կեղծիքին: Աճել է սերունդ, որ տեղյակ չէ շատ բանից, ամեն խոսքի հավատում, առանց աղբյուրներից կամ այլ մասնակիցներից ճշտումներ անելու, լսածը տիրաժավորում է:



Եվ «կեւորկովյան ռեժիմի դեմ առաջինն ըմբոստացած» Էմիլ Աբրահամյանը, երբ ասում են, որ Արցախն ինքնուրույն պետություն է, Հայաստանի ներքաղաքական խնդիրներն այստեղ չպետք է քննարկվեն, «արդարացիորեն խոցված» է զգում: Այնքան, որ Արցախի իշխանություններին անվանում է «կեւորկովներ», նրանց վարքը՝ «թրքաբարո»:
Միֆերն ստեղծվում են քաղաքական նկատառումներով: Այդ միֆերից էր նաեւ «Շուշիի առանձնակի գումարտակ» անվանումը: Չի՞ եկել, արդյոք, մեր Հայրենիքը միֆերից ազատելու ժամանակը: Մարգար Մելքոնյանի գրքում մի զարհուրելի նկարագրություն կա, թե ինչպես Երեւանում հազարավոր մարդիկ հերթի մեջ տրորվում էին, որպեսզի ՕՎԻՐ-ից ԱՄՆ մեկնելու թույլտվություն ստանան: Մոնթեի եւ Սեդայի պսակադրության օրն է տեսել՝ 1991-ի վաղ աշնանը:



Արդեն Միացյալ Նահանգներում նա Հայաստանից գնացած մարդկանց է հանդիպել, որ ասել են՝ «կարծում էինք, թե սփյուռքահայերն իրենց միլիարդներով կհեղեղեն Երեւանը, մեզ համար ամերիկյանի նման կյանք կստեղծեն»: Պսակազերծվե՞լ է Սփյուռքի ներդրումներով Հայաստանը, թեեւ շրջափակման մեջ, ծաղկուն երկիր դարձնելու միֆը:
Եթե ոչ, ուրեմն դեռ շա՜տ անգամ «Հիմնադիր» կամ «Միակ օրինական խորհրդարան», «Ստվերային» կամ «Վտարանդի կառավարություն» է հանդես գալու: Եվ անպայման ձգտելու է «մկրտվել» Արցախում:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ