Նորանշանակ դեսպանը քաջածանոթ է արևելյան մենթալիտետին

Նորանշանակ դեսպանը քաջածանոթ է արևելյան մենթալիտետին

Փոխվել է իրավիճակը Հայաստանում՝ սրվել է ու բարդացել: Փոխվեց նաեւ Միացյալ Նահանգների դեսպանը մեր երկրում: ԱՄՆ Պետքարտուղարությունը դեսպան է նշանակել Հայաստանին ամենատեղյակ իր աշխատակցին՝ Ռիչարդ Միլսին: Նորանշանակ դեսպանը Երեւանում երեկ անցկացված իր առաջին մամլո ասուլիսում հպարտացավ, որ Պետդեպարտամենտում Հայաստանի հարցերով ամենաառաջին պատասխանատուն եղել է հենց ինքը եւ վերջին 25 տարիների ընթացքում հետեւել է երկու երկրների գործընկերությանը: Ենթադրվում է, որ դեսպան Միլսը կկարողանա ճիշտ գնահատել Հայաստանում սպասվելիք հետագա գժական իրադարձությունների իմաստն ու կանխատեսել դրանց հետեւանքները: Այդ մասին է վկայում նրա աշխատանքային կենսագրությունը:



Ռիչարդ Միլսը վերջին երկու տարիներին եղել է ոչ պակաս «գժական» երկրում՝ Լիբանանում ԱՄՆ փոխդեսպան: 2009-2010-ին էլ՝ էլ ավելի անհասկանալի մի երկրի՝ Իրաքի ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության հարցերով ավագ խորհրդատու: Կարծում ենք, որ դա աշխարհի ամենաանշնորհակալ գործն է եղել: Ավելի վաղ նա աշխատել է էներգետիկ հարցերով կցորդ եւ տնտեսական հարցերով խորհրդատուի պաշտոնակատար Սաուդյան Արաբիայի ԱՄՆ դեսպանությունում: Իսկ դրանից առաջ եղել է քաղաքական խորհրդատուի տեղակալ Իսլամաբադի (Պակիստան) ԱՄՆ դեսպանատանը:



Այնպես որ, նորանշանակ դեսպանի համար հանելուկային չեն դառնա մեր իշխանական ու տնտեսական «էլիտայի» գործողությունները, խոսքերն ու մտածելակերպը: Կարծում ենք, որ նա իր աշխատանքի ընթացքում հանդիպել է շատ ավելի գավառական ու շուստրի մարդկանց, որոնց մենթալիտետը եղել է շատ ավելի արեւելյան, քան մերոնցը: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանները չունեին դեսպան Միլսի փորձը, եւ նրանց համար, ինչպես եւ ցանկացած արեւմտյան մենթալիտետ ունեցող մարդու համար, չափազանց դժվար էր հասկանալ մեր ղեկավարների մտածելակերպը եւ կռահել նրանց մտքին եղածը:



Ռիչարդ Միլսը ծնվել է ԱՄՆ Լուիզիանա նահանգում: Այդ պատճառով նրան չեն շփոթեցրել Գագիկ Ծառուկյանի հասցեին ՀՀ նախագահի կողմից մեկ օր առաջ արված վարկաբեկիչ արտահայտությունները: Դեսպանի խոսքերով, Լուիզիանայում ընդունված է քաղաքական դաշտում միմյանց անվանարկելը: Այնպես որ, նորանշանակ ԱՄՆ դեսպանին Հայաստանում հնարավոր չի լինի զարմացնել եւ փակուղի մտցնել: Առավել եւս, որ նա ունի իրավագիտության դոկտորի, նաեւ ազգային անվտանգության ռազմավարության մագիստրոսի կոչումներ: Ծանոթ է նաեւ Ռուսաստանի կյանքին՝ աշխատել է Սանկտ Պետերբուրգի ԱՄՆ հյուպատոսարանի օրենսդրական հարցերի գրասենյակում, ինչպես նաեւ Խորհրդային Միության վարչությունում: Տիրապետում է խոսակցական ռուսերենին:



Կարծում ենք` ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսի աշխատանքային փորձը թույլ կտա նրան ճիշտ հասկանալ հայաստանյան իրողությունները եւ ճշգրիտ զեկույցներ կազմել ԱՄՆ ղեկավարության համար: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Օբամային, ըստ Ռիչարդ Միլսի, նրա նպատակն է տեսնել ազատ եւ բարեկեցիկ Հայաստան, որը խաղաղ ապրում է իր հարեւանների հետ: Եվ նորանշանակ դեսպանի ջանքերն ուղղված են լինելու այդ նպատակի իրագործմանը:



Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ