Կարողացե՞լ են ԲՀԿ-ին համոզել՝ մտափոխվի

Կարողացե՞լ են ԲՀԿ-ին համոզել՝ մտափոխվի

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարում է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
Նիստի մեկնարկից առաջ լրագրողների ճեպազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, նշեց, որ դրանք նպաստելու են երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը:



Hraparak.am-ի հարցին, թե ՀՀԿ-ն կարողացե՞լ է ԲՀԿ-ին համոզել կողմ լինել սահմանադրական բարեփոխումներին, Բաղդասարյանն ասաց․ «Մենք որևէ մեկին չենք համոզում, իրենք են կողմնորոշվում»։



Իսկ կարողացե՞լ են այնպես անել, որ ԲՀԿ-ն կողմնորոշվի հօգուտ ՀՀԿ-ի, Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենք ներկայացնում են հայեցակարգը, իսկ քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց կարծիքը:



Հարցին, թե անիմաստ չե՞ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներն այլ քաղաքական ուժերի հետ, Բաղդասարյանն ասաց, որ քաղաքական հանդիպումներն ու քննարկումները երբեք անիմաստ չեն կարող լինել:



Իսկ այն, որ երկրում աղքատության բարձր մակարդակ, արտագաղթ, կոռուպցիա կա, սոցիալական վիճակը վատ է, սահմանադրական փոփոխությամբ այս վիճակը կկարգավորվի՞, թե՞ ավելի կվատանա, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Կնպաստի»,-ապա շարունակեց․ «Դուք զերծ մնացեք անձերով երկիրը գնահատելուց, համակարգերը, մեխանիզմները պետք է փոխվեն»։ Իսկ համակարգերը, ըստ Բաղդասարյանի, պիտի մշակվեն ժողովրդի կողմից։ 



Մեր այն հարցին էլ, թե քանի՞ անգամ են իշխանությունները հաշվի առել ժողովրդի կարծիքը, Վահրամ Բաղդասարյանն ասաց, ժողովրդի կարծիքը անընդհատ հաշվի են առնում:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ