Ո՞վ կզբաղեցնի Կարեն Անդրեասյանի տեղը

Ո՞վ կզբաղեցնի Կարեն Անդրեասյանի տեղը

Փնտրվում է 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվող և քաղաքացիություն ունեցող անձ, ով բիզնեսներ չունի և որևէ կուսակցության անդամ չի հանդիսանում, շատ-շատ կարող է զբաղվել գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքով: Ամուսնական բյուրոյի հայտարարություն չէ, ընդամենն այն չափանիշներն են, որոնք պահանջվում են Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանից: Կարեն Անդրեասյանի բավականին «միստիկ» հրաժարականը դեռ հաստատված չէ, 10 օրվա ընթացքում Օմբուդսմենը երկրորդ անգամ պետք է հաստատի, որ հրաժարվում է այդ պաշտոնից: Թեպետ 10 երկար և «տանջալից» օրերը դեռ նոր են սկսվում, տաբրեր մարդկանց անուններ են շրջանառվում, ներկայացնում ենք մեր պոտենցիալ, ապագա ՄԻՊ-երին:



Սամվել Ֆարմանյանի Ավետիք Իշխանյանը



Երբ դեռ նոր էր գյուղացի Համբոյի տունը կռիվ ընկել, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտնել էր, որ ունի ՄԻՊ-ի իր թեկնածուն. «Ինձ համար լավագույն թեկնածուն եղել և մնում է Ավետիք Իշխանյանը»: Կռահում ենք, որ երեկվանից պարոն Իշխանյանի ականջների կարմրությունը չի անցել: Մեզ հետ զրույցում Ավետիք Իշխանյանը պատասխանելով այն հարցին, արդյոք տեսնո՞ւմ է իրենց այդ պաշտոնում, տվեց հետևյալ պատասխանը. «Այդ հեքիաթներին հավատո՞ւմ եք: Ես այդ հարցին այդպես եմ պատասխանում՝ ես բացառում եմ, որ իմ թեկնածությունն ընդհանրապես կառաջադրվի: Այլ մեկնաբանություններ չեմ տալիս»: Ի դեպ, նախորդ անգամ Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը հետևյալ կերպ էր պատասխանել մեր հարցին. «Ես հիմա իմ ցանկությունն ունեմ, թե չունեմ, դրա մասին չեմ ասի, որովհետեւ այդպիսի բան մարդ կարող է ասել այն ժամանակ, երբ իրեն առաջարկեն։ Ես չեմ սիրում նախապես ասել՝ ես այսպես եմ, ես այնպես եմ, այլն»: Մնում է առաջարկեն:



Միգուցե ցանկանում են, որ Դուք լինեք



ՀՀԿ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը չգիտի, թե ով է իր անունը շրջանառում և ինչի համար. «Չգիտեմ, ով է շրջանառում, ու բնականաբար այսպես օդից մեկնաբանությունների կարիք չկա: Իհարկե չեմ ցանկանում մեկնաբանել, ես չեմ հասկանում, թե այդ ով է շրջանառում, ինչ նպատակով, ես ի՞նչ մեկնաբանեմ»: Միգուցե ցանկանում են, որ Դուք լինեք հաջորդ ՄԻՊ-ը. «Այդ դեպքում ցանկացողի հետ է պետք խոսել, ոչ թե իմ: Ես այդ հարցի շուրջ չեմ էլ մտածել, որովհետև գտնում են անլուրջ այսօր դրա շուրջ մտածելը»:



Ճիշտ կլինի խոսել Կարեն Անդրեասյանի մասին



Ինչպես մեր նախորդ զրուցակիցները, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, նույնպես համեստություն արեց, այն տարբերությամբ, որ նախընտրեց խոսել Կարեն Անդրեասյանի մասին, քան իր. «Չգիտեմ ինչ պատճառներով է հրաժարական տվել Կարեն Անդրեասյանը և չգիտեմ, արդյոք 10 օր հետո նա կհաստատի՞ իր հրաժարականը, թե՞ ոչ: Ուստի որևէ բանից առաջ անցնել չեմ ուզում, և ինքս ինձ այդ պաշտոնում… չգիտեմ ինչ ասեմ, մարդիկ ուզում են տեսնել, տեսնում են, բայց երևի թե ճիշտ կլինի խոսել այն մասին, թե ի՞նչ է արել Կարեն Անդրեասյանը և ինչո՞ւ է նա հրաժարական տվել հիմա, և ինչո՞ւ չկա դրա բացատրությունը: Սա է ավելի կարևոր, ոչ թե ով է նրան փոխարինելու: Ինձ թվում է այս պահին ավելի կարևոր է այդ հանգամանքը, թե ինչո՞ւ են իշխող կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներն այդպես քննադատում, ընդ որում, առանց որևէ գիտական հիմք ունենալու»: Դո՞ւք էլ եք համարում, որ ՀՀԿ-ի մատը խառն է. «Համենայն դեպս, կարծում եմ, որ հանիրավի էր այն քննադատությունը, որ հնչում էր պարոն Անդրեասյանի հասցեին, բոլորովին չարդարացված: Նա իրավապաշտպանական զեկույց էր ներկայացրել, իսկ հանրապետականները, քանի որ այսպես կոչված բնական մրցակիցներ չունեն, իրենք իրենց վրա չեն աշխատում և առնվազն այդ ոլորտում տգետ են, եթե չասեմ այլ բան»:



Ի դեպ, պոտենցիալ Մարդու իրավունքների պաշտպան է համարվում նաև Թևան Պողոսյանը: