ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը և Թևան Պողոսյանը:

Աշխատանքային այցի սկզբում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և պատվիրակության անդամները Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր: Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է դրել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել ազատամարտիկների շիրմաքարերին:

Այնուհետև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիներին սերտ համագործակցություն է ձևավորվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջև և այդ համատեքստում կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների դերը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Նա հավելել է, որ խորհրդարանականները մշտապես ձգտում են միջազգային հարթակներում ճանաչելի դարձնել Ղարաբաղյան հիմնահարցը: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև ձևավորված փոխշահավետ համագործակցությունը:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել ԼՂՀ և ՀՀ օրենսդիր մարմինների միջև համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի նախագահի ներդրումն այդ գործում:

Ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները և երկու խորհրդարանների պատգամավորները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են փորձի փոխանակմանն օրենսդրական գործունեության մեջ, փոխայցերին, միջխորհրդարանական հարաբերություններին և բյուջետային ծրագրերին:
ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: