Բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն մարզպետների

Բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն մարզպետների

Քիչ առաջ Hraparak.am-ի խմբագրություն էին զանգել Արագածոտնի մարզից մի խումբ կանայք, իրենց ներկայացմամբ զոհված ազատամարտիկների այրիներ ու խնդրում-հորդորում էին «ձեռք» չտալ իրենց մարզպետ Սարգսի Սահակյանին, ով ըստ ամենայնի մոտ օրերս, միգուցե հենց այսօր հրաժեշտ տա պաշտոնին: ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն համաձայնությունների արդյունքում որոշում է կայացվել Արագածոտնը «հանձնել» դաշնակցականներին եւ ՀՅԴ-ական թեկնածուն նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանն է: «Սարգիս Սահակյանն ամեն պահի մեր կողքին է եղել ու ուզում ենք խնդրել, որ թույլ տան էլի մեր կողքին լինի», կանանց խնդրանքը փոխանցեց Վարդուհի Շահբազյանը՝ ազատամարտիկ Ժորա Պետրոսյանի այրին, Վարդուհի Շահբազյանի կողքից ձայնակցում էին տիկին Վարդուհու ներկայացմամբ՝ Գեղազնիկ Միքայելյանի՝ Չաուշի այրին, Գալուստ Շահբազյանի այրին եւ ուրիշներ:



Մեր հարցին, թե ինչո՞ւ են կարծում, որ նոր մարզպետն իրենց «կողքին» չի լինելու, տիկին Վարդուհին պատասխանեց. «Չենք կարծում, պարզապես ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր մարզպետին»: Հետաքրքրվեցինք՝ չեն պատրաստվո՞ւմ հանուն մարզպետի բողոքի ակցիաներ անել նախագահականի ու կառավարության դիմաց, տիկինը ծիծաղեց.«Չէ, չէ, մենք հասկանում ենք, որ մեր ուզելով չի նշանակումը, բայց ձեր միջոցով ուզում ենք խնդրել»:



Հ.Գ.Օրերս էլ Շիրակի մարզի մի խումբ համայնքապետեր էին որոշել բողոքի ձայն բարձրացնել ի պաշտպանություն ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների մեկ այլ պոտենցիալ «զոհ», Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, իսկ երեկ արդեն լուրեր կային, որ Շիրակի հարցում փոշմանել են ու այն չեն պատրաստվում զիջել դաշնակցականներին: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հավանաբար որոշել է ինքն էլ փորձել այս միջոցը: Պարզապես ցավալի է, որ այս հարցում ներքաշվում են զոհված ազատամարտիկների կանայք: