Մարզերը գուբերնիաների կվերածվեն, մարզպետները կդառնան ընտրովի

Մարզերը գուբերնիաների կվերածվեն, մարզպետները կդառնան ընտրովի

Փետրվարի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում ստորագրված ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրում, որն ընդհանուր առմամբ բարի մտադրությունների հռչակագիր է հիշեցնում, կոնկրետություն պարունակող որոշ կետեր էլ կան: Բացի նրանից, որ կողմերն անհավատալի պարտավորություններ են ստանձնում, մասնավորապես, Ընտրական նոր օրենսգրքով եւ «Հանրաքվեի մասին» նոր օրենքով երաշխավորել հանրության համար վստահելի, ազատ ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպում ու անցկացում, ազատ, արդար դատական համակարգի ձեւավորում, տնտեսական քաղաքականության հիմքում դնել սոցիալական շուկայական կողմնորոշումը, կառուցվածքային բարեփոխումների միջոցով բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակության աստիճանը, ժողովրդագրական եւ դեմոգրաֆիական խնդիրներին լուծումներ գտնել, նպաստել բնակչության աճին եւ այլն, եւ այլն, կոնկրետ խոստումներ էլ են տալիս՝ այս կամ այն ոլորտում փոփոխություն կատարելու մասին: 



Օրինակ, հուշագրի «Քաղաքական համագործակցության կազմակերպման կարգը» խորագրի ներքո կարդում ենք. «Վերանայել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը եւ ձեւավորել կայուն զարգացում երաշխավորող, պատասխանատու եւ արդյունավետ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգեր»: Ի՞նչ է սա ենթադրում, երեկ հարցրինք հուշագիրն ստորագրած երկու կողմերի ներկայացուցիչներին, որոնք խորհրդարանում ողջ օրը հակադարձում էին կոնկրետության բացակայության մեջ իրենց հասցեագրված մեղադրանքներին, մյուս կողմից՝ չէին ցանկանում մանրամասնել, թե ինչ պարտավորությունների ու կատարվելիք փոփոխությունների մասին է խոսքը:



Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վարչատարածքային բաժանումների մասին կցկտուր տեղեկություն հայտնեց. «Պետք է վերանայվի մարզերի հետ կապված բաժանումները, ճիշտ սահմաններ պետք է մենք ունենանք, անցում կատարենք, արդեն կատարվում է, տեսնում եք՝ Գյումրի, Վանաձոր, նոր ձեւով ավագանու ձեւավորում, ապա ՏԻՄ ղեկավարի ընտրության կարգի փոփոխություն, ինչպես Երեւանում է»։ Ռուստամյանը կարծիք հայտնեց նաեւ, որ 900-ից ավելի համայնքները շատ են․ պետք է կրճատել:



Մեզ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննարկվում է ՀՀ քաղաքներում ուղղակի ընտրությունները վերացնելու հարցը։ Ասենք՝ Գյումրիում եւ Վանաձորում, Երեւանի նման, ժողովուրդը կընտրի ոչ թե քաղաքապետ, այլ ավագանի, որի կազմից էլ կընտրվի քաղաքապետը: Սկզբում այն կփորձարկեն խոշոր քաղաքներում, համապատասխան օրենքում կներմուծվի «100 հազարից ավելի ընտրող ունեցող» տերմինը:



Մինչդեռ տարիներ շարունակ ընդդիմությունը բողոքում է, թե ինչու Երեւանի քաղաքապետին ժողովուրդն ուղիղ չի ընտրում, բանն այն է, որ քաղաքաբնակ բնակչությունը մեզանում ամենաըմբոստն է, եւ ընդդիմությունը կարող է հաղթել, իսկ քաղաքապետերը լուրջ լծակների են տիրապետում։ Սահմանադրությամբ մայրաքաղաքի ընտրությունները կարգավորվում են «Երեւանի մասին» օրենքով, ՏԻՄ ընտրությունների կարգավորումը թողնվել է ԸՕ-ին: Քննարկվում է նաեւ համայնքների խոշորացումից հետո մարզերի խոշորացում իրականացնել, ըստ որի՝ Վայոց Ձորի մարզը կմիանա Սյունիքին, Արարատը՝ Արմավիրին, Լոռին՝ Տավուշին, Արագածոտնը՝ Շիրակին: Կդառնան գուբերնիաներ՝ Ռուսաստանի նման:



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր զրույցում հայտնեց, որ բազում տարբերակներ են քննարկվում. «Դեռ 90-ականների վերջից տարածքային վերաբաժանման խնդիրը միշտ դրված է, եւ միշտ հարցն արդիական է եղել՝ արդարացվա՞ծ է մարզպետների ինստիտուտը»։ Նա տեղեկացրեց նաեւ, որ ՀՅԴ-ի հետ քննարկումների ժամանակ տարբեր առաջարկներ են եղել՝ մարզերի գլոբալացում, նախկին շրջանների վերականգնում, մարզպետների ընտրովի համակարգ եւ այլն: Ուղիղ ընտրության բացառման մասին էլ քննարկում կա. «Նման ձեւաչափով ընտրություններն ավելի արդարացված են, ուղիղ ընտրությունները փոքր երկրներում միշտ բերում են ավելի շատ թշնամությունների, ես անձամբ հակված եմ, որ փոքր համայնքներում ընդհանրապես վերացվեն ընտրությունները, մոտավորապես լիներ հետեւյալ տարբերակը՝ մարզերը մեծացնել գուբերնիաների մակարդակի, մարզպետները լինեին ընտրովի, փոքր համայնքները՝ նշանակովի, եւ ընտրովի մարդը ղեկավարեր նշանակովի մարդուն։ Մեզ մոտ հակառակն է»: Վահրամ Բաղդասարյանը չթաքցրեց նաեւ, որ տարբերակներից մեկն է նախկին շրջանների վերականգնումը. «Օրինակ՝ մոտ 30 շրջան լինի»:



Նկատենք, որ մարզերի խոշորացումով ՀՀԿ-ն, ըստ ամենայնի, մտադիր է փոքրացնել ընտրությունների ժամանակ հնարավոր ռիսկերը եւ գուբերնիաներում լիսկայակերպերի նշանակումով լուծել բոլոր հարցերը:



Հուշագրի կոնկրետություն պարունակող կետերից մեկն էլ հետեւյալն է. «Օրենքով վերանայել բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները եւ պատասխանատվությունը: Սրա վերաբերյալ Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, թե դետալային քննարկում չի եղել։ «Բայց եթե ստեղծվել է հանձնաժողով, ուրեմն պետք է դրա լիազորությունները մեծացնել»,- ասաց նա: