Չկար Միայն Զարուհի Փոստանջյանը

Չկար Միայն Զարուհի Փոստանջյանը

Հայաստանում գտնվող ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ արդեն հանդիպել է իշխանությունների հետ, քիչ հետո կհանդիպի նախագահի հետ՝ ժամանակը քիչ է, ինքը չի խոսի, կլինի լսողի դերում: ԱԺ-ում հանդիպումը տեւել է մոտ 40 րոպե, մասնակցել է 10 ընդդիմադիր պատգամավոր, նրանց թվում՝ Ստեփան Դեմիրճյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Հրանտ Բագրատյանը, Ալեքսանդր Արզումանյանը, էդմոն Մարուքյանը, Թեւան Պողոսյանը: Չգիտես ինչու, չի մասնակցել Զարուհի Փոստանջյանը: Ըստ ԵՄ աղբյուրների` հրավերքը եղել է ոչ թե կուսակցական, այլ` անվանական: Հիմնականում խոսվել է սահմանադրական փոփոխությունների եւ Ընտրական օրենսգրքի մասին, բոլորը «հայցել» են ԵՄ օգնությունն այդ եւ էլեկտրոնային քվեարկության հարցում: Միայն Էդմոն Մարուքյանն է խոսել Հայաստանի կողմնորոշումից. ԵՄ տիկնոջը ներկայացրել է, որ իրենց կուսակցությունը դեմ է քվեարկել ԵԱՏՄ-ին, շնորհակալություն է հայտնել հանձնակատարին, որ նա բավականին կառուցողական դիրքորոշում է հանդես բերել Ադրբեջանում` Ղարաբաղի հարցում, ասելով, որ գործընթացի կարգավորմամբ լիազորված մանդատ ունի միայն ԵԱՀԿ ՄԽ-ն: Վարդան Օսկանյանը եւս անդրադարձել է այդ խնդրին` ԱԳ 10-ամյա նախարարի իր դիրքերից: Ընդդիմադիրներից յուրաքանչյուրը հասցրել է խոսել ընդամենը 2 րոպե: