ՀՅԴ Գերագույն մարմնի կազմը հայտնի է

ՀՅԴ Գերագույն մարմնի կազմը հայտնի է

Կիրակի օրը ուշ երեկոյան Աղվերանում ավարտվել է Դաշնակցության հայաստանյան կառույցի ընդհանուր ժողովը, որի ժամանակ, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, քննարկել են ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, ընտրել են հայաստանյան ղեկավար կառույց՝ Գերագույն մարմին:



Hraparak.am-ին հասած տեղեկություններով՝ ժողովը անցել է խաղաղ, առանց վեճերի, կոնֆլիկտների: Մասնակիցները՝ մոտ 100 հոգի, որոշել են Գերագույն մարմնի կազմը դարձնել 13 հոգի՝ նախկին 11-ի փոխարեն: Կազմը ընտրվել է ժողովի մասնակիցների առաջադրումների հիման վրա: Մասնակիցների 2/3-ի ձայներով հենց առաջին փուլում ընտրվել են ՀՅԴ երեք նախարարները՝ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ինչպես նաեւ ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավորներ Միքայել Մանուկյանը եւ Աղվան Վարդանյանը: ՀՅԴ ԳՄ անդամներ են ընտրվել նաեւ սոցապ նախկին նախարար Արսեն Համբարձումյանը,  Հրաչ Թադեւոսյանը, Պետրոս Մեղրյանը, Աշոտ Փափազյանը (մականունը՝ «Պադոշ»), Իշխան Սաղաթելյանը՝ երիտթեւի ներկայացուցիչ, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, Գագիկ Գեւորգյանը եւ երգիչ Սմբուլը:



Այսօր ՀՅԴ ԳՄ նոր կազմը առաջին ժողովը կանի, կընտրի ԳՄ ներկայացուցիչ: Հավանաբար վաղը ասուլիս կտան եւ կհրապարակեն ժողովի ընդունած հայտարարությունը, ԳՄ կազմը:



Նշենք, որ 2014թ ընտրված ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին կազմում ընդգրկված էին հետեւյալ անձինք՝   Արմեն Ռուստամյան (այժմ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է), Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Հրաչ Թադեւոսյան, Միքայել Մանուկյան, Պետրոս Մեղրյան, Արտաշես Նիկոյան, Հովհաննես Թադևոսյան, Վարդան Ալեքսանյան և Սամվել Երանյան: