Դառնանք կաթոլիկներ, Գարեգին Բ-ին էլ կարգենք կարդինալ. սա խորհուրդ չէ, այլ՝ պահանջ

Դառնանք կաթոլիկներ, Գարեգին Բ-ին էլ կարգենք կարդինալ. սա խորհուրդ չէ, այլ՝ պահանջ

Հայ առաքելական եկեղեցին կաթոլիկի վերածել, իսկ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կարգել Հռոմի Պապի կարդինալ. այսպիսի կարծիք-հորդոր ունի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը:



Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցելությունը Հայաստան գրեթե բոլորին է ոգևորել, սակայն այս աստիճանի ոգևորությունն անսպասելի էր, եթե անգամ մի կողմ դնենք մեր հասարակության արձագանքը նման խնդրի շուրջ, ապա գոնե չպետք է մոռանանք, որ պաշտոնյաները, լինեն քաղաքական, թե հոգևորական, պաշտոնի իջեցում չեն սիրում:



«Ես այսպես կասեի, միանգամից ընդունել դա չի կարելի, միանգամից այդպիսի գաղափարական հարթություն չի կարելի քայլեր կատարել, բայց պետք է խիստ մոտենալ կաթոլիկությանը և դառնալ դրա բաղադրիչը՝ պահպանելով մեր ավտոնոմիան: Հիմքերը որո՞նք են. երկուսն էլ առաքելական եկեղեցիներ են, նրանց հիմնադիրը առաքյալ Պողոսն է եղել, մեր՝ առաքյալը Բարդուղեմիոս, նրանք չէ՞ որ ընկերներ են եղել, ինչո՞ւ իրարից տարանջատենք այդ աստիճան, ով որ տարանջատել է ժամանակին, սխալ է գործել: Երկրորդը՝ գաղափարական տարբերությունը շատ չնչին է, որոնք կարելի է կուլ տալ: Այս ամենը հիմք են տալիս մոտենալ այս հարցին այլ տեսանկյունից, չեմ ասում մենք ընդունենք միանգամից, խնդրենք Հռոմի Պապին մեր կաթողիկոսին տա կարդինալի կարգավիճակ».- ասաց Էդուարդ Մանուկյանը, ով համոզված է՝ այսպիսի մոտեցումը պրագմատիկ է և ընդունելի բոլոր տեսակետներից:



Պրոֆեսորի խոսքերով՝ եթե գաղափարական վեճերը կարելի է դնել մի կողմ. «Պրագմատիկ մոտեցում պետք է ցույց տանք, մենք տեսել ենք Ցեղասպանություն, պարզ է, որ 15 թվին եթե մերոնք լինեին այսպիսի կարգավիճակում՝ լինեին կաթոլիկ, թուրքերը, գերմանացիները ռիսկ չէին անի այդքան մարդ սպանել: Ուրեմն՝ այդքան մարդու մահվան պատճառը, կարելի է ասել, նաև այն է, որ հեռացել ենք կաթոլիկությունից: Մի՞թե չի կարելի գաղափարական վեճը դնել մի կողմ»:



Hraparak.am-ի այն հարցադրմանը, արդյոք այդ կերպ մեր եկեղեցին չի՞ կորցնի իր ինքնուրույնությունը և թելադրվող մարմին դառնա այլ եկեղեցու կողմից, Էդուարդ Մանուկյանը պատասխանեց. «Այդպիսի հարց չկա էլ, որ թելադրի: Ըստ էության ոչինչ չի փոխվում, նույն քրիստոնեությունն է, գոնե մեր կյանքի ապահովությունը կբարձրանա: Ադրբեջանն այլևս մեզ առաջվա պես չի նայի, մեզ վրա կրակելը կհամարվի կրակել կաթոլիկ աշխարհի վրա: Նրանք մեկ միլիարդ են, իսկ մենք՝ մեկ միլիոն էլ չկանք այստեղ»: Ի դեպ, դասախոսը ընդգծեց, որ մեր հայրենակիցների մի մեծ թիվ, որոնք արտասահմանում են բնակվում, նույնպես կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ են և այդկերպ նաև որոշակի տեսանկյունից միացում կլինի նրանց հետ. «Այսինքն՝ այդ քայլն ամեն կերպ կնպաստի ազգի միացությանը և կյանքի ապահովվածությանը».- եզրափակեց Էդուարդ Մանուկյանը: