Մենք էլ կգնանք Մխչյան

Մենք էլ կգնանք Մխչյան

ՀՀԿ-ն, չնայած Հովիկ Աբրահամյանին շռայլած խոստումներին, կարծես չի շտապում նույնիսկ ակնարկներով հասկացնել, թե ի վերջո ինչ պաշտոն է զբաղեցնելու նախկին վարչապետը, որպեսզի կարողանա դեռ ծառայել իր ազգին ու պետությանը: ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, խորհրդարանի նախագահ, երկրի նախագահ, նախագահի աշխատակազմ… Իհարկե, այս ամենը միասին վարչապետի պաշտոն չարժեն, բայց այն է, ինչ ՀՀԿ-ն գոնե մամուլի մակարդակով լսեցրել է Հովիկ Աբրահամյանին՝ նրա հրաժարականից օրեր ու ժամեր առաջ: Այսօր, սակայն, երբ Աբրահամյանը սահուն կերպով հրաժարական է տվել, այդ խոսակցությունները դադարել են կամ, առնվազն, նույն թափով չեն շրջանառվում:



Վստահաբար, կան նաեւ ներքին պայմանավորվածություններ, որոնց մասին մեզ չեն ասում ու չեն էլ ասի, բայց ուշադիր հետեւելու դեպքում կարելի է բավականին հետաքրքիր շարժումներ նկատել, որոնք, աներկբայորեն, հետեւանք են վարչապետի փոփոխության: Այս առումով բավականին հետաքրքրական է Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու (կամ նրան համոզելով վերադարձնելու) մասին շշուկը: Այն, որ «խորքային» ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ գրկաբաց է սպասում նրան, երկու կարծիք լինել չի կարող, բայց կարեւոր հարցն այստեղ ԲՀԿ-ի սպասումը չէ, այլ այն, թե ինչպես կարձագանքի դրան նախագահ Սարգսյանը, որին վերջապես հաջողվել է թուլացնել իր իրավահաջորդ նկատվող Աբրահամյանին, որը, եթե հաջողացներ պահպանել վարչապետի պաշտոնը նաեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո,



ՀՀԿ-ի համար ամուր կաղին էր դառնալու՝ անկախության առումով:
Կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց Գագիկ Ծառուկյանի հեռանալու եւ պայքարը դադարեցնելու գնով: Նույն կարծիքի կողմնակիցներն այսօր պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը կարող է վերադառնալ, եւ դա այն գինն է, որ արդեն Սերժ Սարգսյանը կվճարի Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անելու համար: Կապ տեսնելը դժվար չէ, իհարկե, բայց անհասկանալի է, թե ինչու է Հովիկ Աբրահամյանի տեղն զբաղեցնում մի մարդ, որը ոչ Հովիկ Աբրահամյանի եւ ոչ էլ, մանավանդ, Գագիկ Ծառուկյանի շանսերն ունի ՀՀԿ-ի համար նույնքան «փառահեղ» հաղթանակներ ապահովելու գործում: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ Կարեն Կարապետյանի բարեկամական կապը ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջ հետ, ապա Սերժ Սարգսյանի քաղաքական ապագան ավելի կարող է մթագնել ու հարց առաջանալ՝ ո՞ւմ վրա է հույսը դրել Սերժ Սարգսյանը, մի՞թե կայծակնային բարեփոխումների եւ որպես այդ բարեփոխումների արդյունք՝ ժողովրդի քվեի:



Կարող է թվալ, որ Սերժ Սարգսյանը կրակի հետ է խաղում, բայց եկեք չմոռանանք, որ նա ուղղակի հանճարեղ է խաղում շախմատ, երբ մանավանդ միայնակ է խաղում միաժամանակ երկու գույնի ֆիգուրներով: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ապագա կառավարությունը կոմպլեկտավորվելու է Կարեն Կարապետյանի կադրերով, ապա չարաչար սխալվում է: Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանին հեռացնելով, հրաշալի հնարավորություն ստացավ ձերբազատվելու այն ամենից, ինչը կարող էր դույզն-ինչ վտանգել հեռացող նախագահի քաղաքական ապագան եւ քաղաքականության վրա վճռական ազդեցություն ունենալու նրա հնարավորությունը: Իսկ ամենահետաքրքիրն էլ այն է, որ այդ հարցում նրան ակամա օգնելու է մի մարդ, որն ավելի շատ իր նախորդի եւ «հակառակորդի» ճամբարի ներկայացուցիչ է նկատվում, քան ՀՀԿ ջատագով:



Ոչինչ, որ բարեփոխումները կամ նոր կադրերի ներմուծումը կարող են կապվել Կարապետյանի անվան հետ: Կարեւորն այս պահին կառավարության բովանդակությունն է, որը, անկասկած, հագեցած է լինելու Սարգսյանների տոհմածառի մարդկանցով: Մինչեւ Կարեն Կարապետյանը հասկանա, թե ինչ է կատարվում եւ ինչու, կպարզվի, որ «մատն» անխուսափելի է, եւ ժամանակն է ավելի բարձր վարձատրվող աշխատանք փնտրելու:
Այսուհանդերձ՝ Սերժ Սարգսյանն այն քաղաքական գործիչն է, որը, ի նպաստ իրեն, նույնիսկ մկան մեզն է օգտագործում՝ ջաղացի քարի հետ կապված հայտնի խոսքի տրամաբանությամբ: Այսու չի բացառվում, որ նա դեռ Հովիկ Աբրահամյանին կպահի որեւէ պետական պաշտոնում: Դա ոչ միայն սոլիդ կդիտվի, այլեւ թույլ չի տա ԲՀԿ-ի այնպիսի ակտիվություն, որ բանը հասնի Գագիկ Ծառուկյանի վերջնական, կոշտ եւ քոչարյանախառն վերադարձին:



Սերժ Սարգսյանը հասկանում է, որ եթե Աբրահամյանը նեղացած գնաց Մխչյան, Հայաստանի ընդդիմադիր մարզերի թիվը մեկով ավելանալու է: Իսկ դա թույլ չտալու համար մի պաշտոնը շատ մեծ բան չէ: Չի բացառվում նաեւ, որ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնի հարցը քննարկած լինի Բրազիլիայում, բայց ոչ թե Բրազիլիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի, այլ Գագիկ Ծառուկյանի հետ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ