Չեմ կարծում, թե մեծ վնաս կկրի ՀՀԿ-ն նրա հեռանալով

Չեմ կարծում, թե մեծ վնաս կկրի ՀՀԿ-ն նրա հեռանալով

«Ուրեմն Գայանե Սողոմոնյանը դիմում է ներկայացրել կանոնադրությանը համաձայն, որ իր անդամակցությունը կասեցնի կուսակցությանը։ Սա՝ մեկ։ Իսկ Հովիկ Աբրահամյանը դիմում է գրել, դա ձեր՝ լրատվամիջոցների գրածով եմ ասում, որովհետեւ պաշտոնապես ես որեւէ դիմում չեմ ստացել»,- երեկ կեսօրին երկու ՀՀԿ-ականների՝ ՀՀԿ-ից հեռանալու մասին լուրերն այսպես մեկնաբանեց ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը։



Մենք մի քանի հարց եւս ուղղեցինք պարոն Թադեւոսյանին։ Ի դեպ, երեկ նա շատ խառն էր, թեպետ գրեթե միակ անձն էր ՀՀԿ-ից, որ պատասխանում էր լրատվամիջոցների զանգերին։ Մյուսները նորից անցել էին ընդհատակ։ Երեկ կեսօրին ՀՀԿ գրասենյակում էր նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը, եւ տեւական ժամանակ խորհրդակցում էին ՀՀԿ մի խումբ կուսակցականներով։ Նրանց մեջ էր նաեւ Ռազմիկ Զոհրաբյանը։ Աշոտյանը չկար, քանի որ Բրյուսելում է։ Երբ նկատեցինք, որ ՀՀԿ-ից դուրս են գալիս առանցքային դեմքեր, դրան ինչպե՞ս է վերաբերվում, Թադեւոսյանը նախ մի փոքրիկ ուղղում մտցրեց մեր ձեւակերպման մեջ․ «Ներողություն, ես ձեւակերպումների հետ համաձայն չեմ»։



- Հովիկ Աբրահամյանն առանցքային դե՞մք չէր ՀՀԿ-ում։



- Հասկացա, բայց էդ նույն բանը չես կարող ասել, չէ՞, Սողոմոնյանի մասին։ Դրա համար հարցը ճիշտ ձեւակերպեք, որպեսզի հետո շահարկման թեմա չդառնա՝ առաջին հերթին ձեր կողմից։



- Հարցս հստակ ձեւակերպեմ՝ ՀՀԿ-ից դուրս եկավ մեկ կարկառուն, առանցքային դեմք՝ Հովիկ Աբրահամյանը, եւ Գայանե Սողոմոնյանը, ով թեպետ գուցե շարքային ՀՀԿ-ական էր, բայց շոշափելի պաշտոն է զբաղեցնում, նաեւ ձեր երբեմնի թիմակից Իշխան Զաքարյանի կինն է։ Սրան ինչպե՞ս եք վերաբերվում։



- Շատ նորմալ, երկու դեպքում էլ նորմալ եմ վերաբերվում։ Դա իրենց ընտրելու իրավունքն էր, եւ իրենք արտահայտել են նմանատիպ ձեւով։



- Հովիկ Աբրահամյանի հեռանալով կուսակցությունը կտուժի՞, ի՞նչ կորուստ կկրի, թե՞ գուցե հակառակը լինի։



- Երբ որ դիմումը կստանանք, կքննարկենք, ձեզ էլ այդ մասին կասենք։



- Մե՞ծ վնաս կկրի ՀՀԿ-ն նրա հեռանալով։



- Չեմ կարծում։



- Բայց Աբրահամյանը կարեւոր ֆիգուր է եղել ՀՀԿ-ում, ընտրություններում մեծ ներդրում է ունեցել մշտապես։



- Քաղաքական պրոցեսներն այլ տրամաբանությամբ եւ այլ շահերով ու գործընթացներով են պայմանավորված։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ