ՕՐՕ+1` նոր ձևաչափ

ՕՐՕ+1` նոր ձևաչափ

Հեռակա կարգով ՕՐՕ-ին միացած Անդրիաս Ղուկասյանը Ղարաբաղի հարցի լուծման երկու տարբերակ է նկարագրել` մեկը չլինելու, իսկ մյուսը` խայտառակ: Ընդ որում, նա ավելի շատ երկրորդ` խայտառակ տարբերակի կողմնակից է եւ, առանց մեր նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի կարծիքը հաշվի առնելու, առանց Օհանյանից հետաքրքրվելու, թե ինչպես է դա հնարավոր, առաջարկում է ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու դրանով հարցը լուծել: Ավելի ճիշտ` ասում է` եթե ՕՐՕ-ն գա իշխանության, տուտ ժե կճանաչի Ղարաբաղի անկախությունը` 12,5 հազար կիլոմետրի վրա: Հա, Անդրիաս Ղուկասյանը չի մոռացել նաեւ փախստականների հարցը, բայց ոչ մեր, այլ նրանց: Ասում է՝ բոլորին հավասար իրավունքներով բերենք Արցախ, միավորենք մեկ ժողովրդական անկախ պետության մեջ ու երջանիկ ապրենք:



Հեռու Անդրիաս Ղուկասյանից, երջանիկ ապուշների համար ոչ մի տարբերություն չկա, թե ով է ապրում այդ հողի վրա, ով է այդ հողի տերը, ինչպես են հողը խլել նրա իսկական տերերից, ինչեր են արել, որ բերովի թափթփուկը շատանա ու տեր դառնա հափռած հողակտորին: Անդրիաս Ղուկասյանն առաջարկում է թուրքին կրկին վերադարձնել Աղդամ, Խոջալու, Քելբաջար, Լաչին եւ Շուշի, թուրքերով լցնել տասնյակ գյուղեր, որոնք, չունենալով պատմական որեւէ շերտ, Խորհրդային Միության տարիներին, ընդհուպ մինչեւ ազատագրումը, համարվում էին, այսպես կոչված, ադրբեջանական բնակավայրեր:



Մյուս կողմից էլ` դժվար է Անդրիաս Ղուկասյանի նման մտածողներին համոզելը, որ «փախստականների վերադարձ« ասվածը միայն բանակցային սեղանի գեղեցիկ արտահայտություն է, եւ նման բան երբեք չի եղել պրակտիկայում, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է պատերազմի միջոցով հետ վերցված տարածքներին: Մենք արդեն տեսել ենք, թե Արցախի հողի վրա ապրող ադրբեջանցիներն ինչպես ընդունեցին ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմի մեջ մտցնելու որոշումը, թե ինչպես այդ որոշումն ընդունեց Բաքուն: Այն ժամանակ նույնիսկ ազատագրված տարածքների մասին խոսք չկար: Անդրիաս Ղուկասյանը մոռացել է Արցախի պատերազմը եւ ասում է` Ստեփանակերտը գնդակոծող թուրքերին հետ բերենք Կրկժան, Լաչինը փակող թուրքին` Լաչին, Ասկերանին խփող թուրքին` Խոջալու եւ Աղդամ: ՕՐՕ-ն որ գա, փաստորեն, պետք է ճանաչի 12.5 հազար քառակուսի կիլոմետրի վրա կիսով չափ հետ բերած թուրքերով առլեցուն մի երկիր, որին նույնիսկ անուն տալը դժվար կլինի:



Անդրիաս Ղուկասյանը` արտաքին քաղաքականության գծով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի խորհրդատուն (ես կասեի` ղեկավարը), մոռացել է, միտումնավոր մոռացել է «ազատագրված» բառը եւ խոսում է «միացված տարածքներ»-ի մասին: Իսկ դրանք տարբեր բաներ են: Երբ խոսում ես միացված տարածքի մասին, նշանակում է` խոսում ես ինչ-որ մեկից տարածք վերցնելու մասին: Քավ լիցի, մենք ոչ մեկից տարածք չենք վերցրել, այլ ազատագրել ենք մերը, վերականգնել մեր իրավունքն այդ տարածքի վրա: Մենք` հայերս, ոչ մի սխալ քայլ չենք արել, որ հնարավոր լիներ դատապարտել միջազգային որեւէ օրենքով:



Ինչո՞ւ, հետեւաբար, Հայաստանը կարճ չի կապում եւ չի ճանաչում Արցախի Հանրապետությունը: Վստահաբար՝ այնպես չէ, որ ՀՀԿ-ն կամ Դաշնակցությունը պակաս շահագրգիռ են այդ հարցում, քան ՕՐՕ-ն կամ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», որի` այս հարցի հետ կապված խորհրդարանական վետվետումներով հիացած է Անդրիաս Ղուկասյանը: Իրոք դժվար չէ վերցնել ու ճանաչել Արցախը՝ որպես անկախ հանրապետություն`Ադրբեջանի, Հայաստանի եւ Իրանի հետ իր դե ֆակտո սահմաններով: Իսկ հետո՞: Ավաղ, հետոյի մասին Անդրիաս Ղուկասյանը դեռ չի գրել, իսկ այն, ինչ առաջարկել է արդեն, այսպիսի տպավորություն է թողնում` մի սալյուտի եղածն ի՞նչ է, ներսում տանք ու տեսնենք ինչ կլինի: Այսքան է ՕՐՕ-ին միացած «քաղբանտարկյալ» Անդրիաս Ղուկասյանի պատասխանատվության աստիճանը: Սա ոչնչով չի տարբերվում այն կոչերից, որոնց հեղինակներն ասում են` ամեն գնով պետք է ազատվել Արցախի բեռից:



Բայց մի՞թե դժվար է հասկանալ, որ այս պահին Արցախի Հանրապետության անկախությունը միակողմանիորեն ճանաչելը, ուժային կենտրոնների հազիվհազ պահպանվող հավասարակշռությունը մեր տարածաշրջանում խախտելը կարող են հայ-ադրբեջանական նոր պատերազմի հանգեցնել: Եթե ՕՐՕ-Ղուկասյան դաշինքի գեներալները վստահ են իրենց թողած բանակի վրա, հարց չկա, հենց վաղը ճանաչենք՝ վերջանա-գնա: Բա էլ ինչո՞ւ ենք Ղարաբաղի ղեկավարություն պտտում աշխարհով մեկ, ընդունելություններ կազմակերպում միջազգային կառույցներում, միջազգային դիտորդներ բերում Ղարաբաղ, պատգամավորական խմբեր` զանազան խորհրդարաններից: Մի՞թե հանցավոր կերպով ձգձգում ենք Ղարաբաղի ճանաչման գործը:



Կասե՞ք, թե ինչը կանգնեցրեց քառօրյա պատերազմը: Սեյրան Օհանյանը շատ լավ գիտի` ոչ մեր ցմփոր գեներալների շնորհքն էր դա, եւ ոչ էլ թուրքերն էին ազդվել մեր տղաների անօրինակ սխրանքներից: Պատերազմը կասեցվեց դիվանագիտական հզոր ճնշումների արդյունքում, ընդ որում՝ հենց Բաքվի վրա եղած ճնշումներով: Այնպես որ՝ շատ էլ թույլ չենք, երբ չենք քամահրում միջազգային ընդունված նիստուկացը:



Առաջիկա ընտրությունները շատերին են խելքահան արել, այդ թվում եւ ՕՐՕ-ի առանձին դաշնակիցների: Հետաքրքիր կլիներ իմանալ` ինչպե՞ս է ՕՐՕ-ն վերաբերվում նման աջակցություններին: Ի վերջո, Անդրիաս Ղուկասյանը հենց ՕՐՕ-ի անունից է խոստում տալիս ժողովրդին` հենց գանք իշխանության, ճանաչելու ենք Արցախի Հանրապետության անկախությունը: Եթե սա ծիծաղելի չէ, ապա, երեւի, պետք է ՕՐՕ-ի նախընտրական պլատֆորմում նաեւ այս կետն ավելացնել: Խաբել` խաբել է, մինչեւ վերջ խաբեն ժողովրդին` վերջանա-գնա:




Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ