Իսկ Ռիտա Սարգսյանը գլխաբաց էր Մայր Տաճարում

Իսկ Ռիտա Սարգսյանը գլխաբաց էր Մայր Տաճարում

Հայ Առաքելական եկեղեցին մյուս ավանդական քրիստոնեական եկեղեցիների պես տոնեց Քրիստոսի Հրաշափառ Ս. Հարության կամ Ս. Զատկի տոնը: Քրիստոնեական ուսմունքի մեջ Ս Հարությունը առանցքային դերակատարություն ունի, այն նյութական վկայությունն է հավիտենական կյանքի, մահվան նկատմամբ հաղթանակի Աստծո եւ մարդու միջեւ Հայր ու որդի հարաբերությունների նորոգման: Տոնի առիթով Ս Պատարագ, ավանդույթի համաձայն, մատուցեց նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ներկա էին Հայաստանի ղեկավարները, դիվանագիտական կորպուսը եւ թիկնապահները: Արդեն իսկ հայտնի է դարձել, որ թիկնապահները սովորական քաղաքացուն թույլ չեն տվել մոտենալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Զարմանալի է, քաղաքացին, ում հարկերի հաշվին ապրում եւ աշխատավարձ է ստանում Գալուստ Սահակյանը, եւ որեւէ պաշտոնյա, ներառյալ Հանրապետության նախագահը, չի կարող մոտենալ պաշտոնյային, որին պահում է իր հաշվին: Ինչպես ասում են՝ սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես:



Սուրբ Հարության տոնական Ս. Պատարագ մատուցվեց նաեւ Մոսկվայի Փրկչի Մայր Տաճարում ձեռամբ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի: Այնտեղ էլ ներկա էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը իր տիկնոջ հետ: Էջմիածնի Մայր Տաճարում Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ պաշտոնյաների կանայք գլխաբաց էին, Մոսկվայում Սվետլանա Մեդվեդեւան եւ մյուս բոլոր պաշտոնավոր եւ պաշտոնյաների կանայք գլուխները ծածկել էին գլխաշորով՝ համաձայն Սուրբ Գրքում արձանագրված քրիստոնեական ավանդության, ըստ որի, կինը իրավունք չունի եկեղեցում գլխաբաց մուտք գործելու: Առավել քան վստահ պետք է լինել, որ եթե Մոսկվայում Դմիտրի Մեդվեդեւի կինը կամ որեւէ այլ պաշտոնյայի կին կամ պաշտոնավոր կին գլխաբաց մուտք գործեր Տաճար, ապա մինչ պատրիարք Կիրիլին հարցը հասնելը, հավատացյալները կարգելեին նրա մուտք գործելը. պատմությունը նման բազմաթիվ նախադեպեր ունի, դա օրթոդոքս-պրավոսլավ հոգեկերտվածքի եւ ինքնության մի մասն է կազմում:



Ի՞նչ կարող է սա նշանակել:



Աստծո Տաճարում բոլոր մարդիկ հավասար են եւ կապ չունի Հանրապետության նախագահի տիկինն ես, թե սովորական հավատացյալ տատիկ, կամ եկեղեցի այցելած տնային տնտեսուհի: Կանոնները գործում են բոլորի համար: Հետեւաբար անհասկանալի է Էջմիածնի Մայր Տաճարում Ռիտա Սարգսյանի եւ մյուս պաշտոնյաների կամ պաշտոնավոր կանանց գլխաբաց լինելը (բացառություն են օտարերկրացիները, որոնք, հետեւելով իրենց երկրների սովորության, ծածկել էին գլուխները ըստ համաքրիստոնեական օրենքի, որի մասին արդեն ասացինք): Մայր Աթոռը պարտավոր է պարզաբանելու` կամ օրենքը գործում է բոլորի համար, կամ պաշտոնապես հայտարարվում է, որ կախված պաշտոնից, ունեցվածքից եւ այլ հանգամանքներից, Հայ եկեղեցու զավակների կեցվածքը եկեղեցի մտնելուց տարբեր է լինելու հետայսու եւ այդպիսով օրինականացնելու է հավատացյալ հայորդիների կաստայավորումը ըստ պաշտոնի, ունեցվածքի եւ այլ նմանատիպ պարամետրերի:



Գուցե Ռիտա Սարգսյանը ավելի լավ քրիստոնյա է իր հոգում, քան Սվետլանա Մեդվեդեւան, սակայն հոգով լավ լինելը քիչ է. եկեղեցին ունի իր օրենքները եւ իր ներկայացուցչական արարողակարգը: Ռիտա Սարգսյանը պետք է հիշի, որ Հռոմի Սրբազան Քահանայապետի մոտ ընդունելության ժամանակ իր դուստրը ոչ միայն գլուխն էր ծածկել գլխաշորով այլ նաեւ հագնվել էր ըստ Սուրբ Աթոռի էթիկետի եւ դրեսս-կոդի: Այդ դեպքում ո՞րն է խնդիրը. ինչո՞վ է արդյոք Սուրբ Աթոռն ավելի առավել, քան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Գուցե միայն տարբերությունն այն է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, տարբեր հանգամանքներից ելնելով, ի վիճակի չէ Մայր Եկեղեցու օրենքները պահել (կամ գոնե հուշել եկեղեցական ներկայացուցչական արարողակարգի եւ դրես-կոդի մասին) եւ աչք է փակում նման հարցերի վրա: Սպասենք պարզաբանման:



Տիգրան Վահանե