Իսկ մյուսները լռում են

Իսկ մյուսները լռում են

«Դաշնակցության սատարած 80 թեկնածուների մեծ մասն ընտրվել է, հիմնականում՝ գյուղական համայնքներում»- տեղեկացնում է «Երկիրը», www.hraparak.am եւ մանրամասնում, որ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար է ընտրվել «ծնունդով Սիրիայի Կամիշլիից, Լիբանանից հայրենադարձված, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը»:

Դաշնակցությունը «հաղթել է նաեւ Արցախի Աշան, Կաղարծի, Պառավաթումբ, Հացի, Ննգի, Դրախտիկ, Ավետարանոց, Ծոփաձոր, Քաշունիք եւ Գիշի, Չարեքտար, Նոր Էրքեջ, Հավսաթաղ եւ մի շարք այլ համայնքներում»:

ՏԻՄ ընտրություններում տպավորիչ հաջողության է հասել «Ազատ հայրենիք» կուսակցությունը:

Ըստ հավաստի աղբյուրների փոխանցած տեղեկատվության, ավելի քան 150 համայնքներում հաղթել են ԱՀԿ անդամ եւ համակիր թեկնածուները: Ու թեեւ կուսակցության մամլո խոսնակը ֆեյսբուքում գրառում էր արել, որ Ստեփանակերտ եւ Հադրութ քաղաքներում թեկնածու չեն ունեցել, իրազեկ շրջանակներից հայտնի է դարձել, որ մայրաքաղաքի համայնքի ղեկավար ընտրված Դավիթ Սարգսյանը նույնպես «Ազատ հայրենիքի» համակիր է: Ըստ այդմ, ՏԻՄ ընտրություններին մասնակցած ընտրողների կեսից ավելին քվեարկել է «Ազատ հայրենիք,» կուսակցության թեկնածուների օգտին:

Սա պատկառելի քաղաքական կապիտալ է: Փաստացի ՏԻՄ ընտրությունները հաստատեցին, որ Արցախի քաղաքական դաշտի առաջատարն «Ազատ հայրենիք» կուսակցությունն է, որն այս անգամ ընտրություններին մասնակցեց առանց վարչական ռեսուրսի. կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը մեկ տարուց ավելի է՝ որեւէ պաշտոն չի զբաղեցնում եւ, բնականաբար, ազդեցության լծակներ չունի: Մյուս կուսակցություններն ունեցե՞լ են համայնքի ղեկավարի նախընտրելի թեկնածու՝ տեղեկություններ չկան: Ըստ երեւույթին՝ չեն ունեցել կամ էլ ձախողվել են, այլապես իրենք էլ սեփական հաջողությունների մասին կխոսեին: Լռում է նաեւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը, թեեւ հայնտնի է, որ մի շարք համայնքներում Բաբայանի համակիրներն առաջադրվել էին: Երեւում է, նրանք էլ հաջողության չեն հասել: ՏԻՄ ընտրություններից հետեւություններ դեռ կարվեն: Բայց դրանից, ամենայն հավանականությամբ, քաղաքական դասավորության պատկերը չի փոխվի: Մի քանի ամսից Արցախում տեղի կունենան նախագահի եւ խորհրդարանի ընտրություններ: