Միջուկային գործարքի վերականգնման համար պետք է սանկցիաների չեղարկման հարցում հստակություն մտցվի․ Մոսկվայի կոչը Վաշինգտոնին

Միջուկային գործարքի վերականգնման համար պետք է սանկցիաների չեղարկման հարցում հստակություն մտցվի․ Մոսկվայի կոչը Վաշինգտոնին

Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի կամ Իրանի Միջուկային գործարքի համաձայնագրի մասով ընթացող բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Միխայիլ Ուլյանովը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ Միջուկային գործարքի վերականգնման համար, Միացյալ Նահանգները պետք է հստակություն մտցնի Իրանի դեմ սահմանված սանկցիաների չեղարկման հարցում։ Ռուս դիվանագետը սա համարել է բազային հիմք, հետագայում բանակցություններում հաջողության հասնելու համար։ Իրանի մասով, ամեն բան, ըստ Ուլյանովի, այսպես թե այնպես արդեն հասկանալի է։

Հիշեցնենք, որ առկա ռեժիմով Միջուկային գործարքի մասով համատեղ հանձնաժողովը նիստ էր գումարել ապրիլի իննին։ Այս շաբաթվա կեսերին տեղի կունենան անուղղակի բանակցություններ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Հիշեցնենք, որ Թեհրանը դեռեւս հրաժարվում է ԱՄՆ մասնակցությամբ ուղիղ բանակցություններից։ Իր հերթին ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Պրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել Իրանի դեմ Միջուկային գործարքի համաձայնագրի առնչությամբ սահմանված սանկցիաները, սակայն ամբողջապես բոլոր սանկցիաների չեղարկման մասին խոսք դեռեւս չկա։