Մարզերում պետպատվերից օգտվելով՝ սկսել են արդեն 3 տե՞ղ պառկել

Մարզերում պետպատվերից օգտվելով՝ սկսել են արդեն 3 տե՞ղ պառկել

 «Հրապարակին» տեղեկություններ էին հասել, որ նախորդ տարիների համեմատ ավելի շատ պետպատվեր ստացած մարզերում կրկին աշխատել է հայի հնարամիտ խելքը, և արդյունքում կան դեպքեր, երբ մի հիվանդը երեք բուժհաստատությունում միաժամանակ բուժվում է։ Իսկ առողջապահության նախարարությունն էլ խումբ է ուղարկել մարզեր՝ ստուգումների։ Առայժմ սահմանամերձ մարզերը զերծ են ԱՆ-ի ստուգումներից։

Փաստորեն, մարզպետարանների առողջապահական վարչությունները, որ տեղում են և շատ ավելի լավ կարող են իրազեկվել պրոցեսից, թերանում են։ Հիշեցնենք, որ առողջապահական բյուջեի ավելացման հաշվին մարզային հիվանդանոցների պետպատվերի ավելացումը համարվում էր նախարար Թորոսյանի ուժեղ կողմերից։

Տեղեկությունը ճշտելու և մեկնաբանությունների համար զանգահարեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանին, ով, ըստ էության, չհերքեց՝ ասելով, որ դրանում որևէ արտառոց բան չկա։ «Ոչ մի իրավիճակ չկա, կարող է մեր ընթացիկ ուսումնասիրություններն են, որպես այդպիսին՝ մենք ստուգումների իրավասություն չունենք։ Մենք որպես պայմանագրային կողմ կարող ենք ուսումնասիրություն անել՝ լինի մարզերում, թե քաղաք Երևանում, ըստ նպատակահարմարության արվում է, բայց ինչ-որ արտառոց վիճակներ չկան»։ Արտյոմ Սմբատյանը շեշտեց, որ իրենք ստուգումներ՝ չէ, ուսումնասիրություններ են անում, քանի որ իրենց լիազորություններով քաղաքականություն մշակող մարմին են, և ուսումնասիրություններն էլ արվում են նաև Երևանում։

Պարոն Սմբատյանին նաև հարցրինք, թե ինչ ազդակներ, կարծիքներ ու արձագանքներ ունեն մարզերից, մասնավորապես՝ պետպատվերի ավելացման հետ կապված։ ԱՆ պաշտոնյան ասաց․ «Ինքը համապետական մակարդակով աճել է, ու այստեղ շատ կարևոր է արձանագրել էն հանգամանքը, որ եթե նախկին տարիներին բուժհաստատությունները կատարողական էին ներկայացնում պետպատվերի շրջանակներում ու համապատասխան ֆինանսավորում չէին ստանում, քանի որ բյուջեն սահմանափակ էր, ու չկային համապատասխան միջոցներ, էս տարի մենք էդ խնդիրը չունենք»։ Կենցաղային լեզվով ասած, օրինակ՝ անհետաձգելի բժշկական օգնության հետ կապված, ենթադրենք, դիմում է 100 քաղաքացի, բայց նախարարության իջեցրած ֆինանսավորումը հերիքում է 70, 50 կամ 20 հոգու համար։ Եվ մյուս կողմից՝ անկախ ֆինանսավորումից, բուժհիմնարկը պարտավոր է ընդունել և մատուցել անհետաձգելի բժշկական օգնություն, այն մատուցվում էր, և դա մնում էր, այսպես ասած, իր վրա։ Սա՝ քիչ դեպքերում, իսկ որպես կանոն՝ չէր մատուցում։ Միայն մեկ օրինակ՝ 2018-ի հունվարից։ 2018 թ. հունվարին, օրինակ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներն արձանագրել էին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը չնայած տառապում էր մի շարք այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են՝ սրտամկանի ինֆարկտը, 2-3-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիան, «Մալաթիա» ԲԿ-ի ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ ադմինիստրատիվ պատճառներով վիրահատությունը հետաձգվել է: Որպես համակարգային խնդիր՝ դիտորդների խումբն արձանագրել էր, որ առկա են ծանր հիվանդություններ, որոնց բուժումը պահանջում է մեծ գումարներ և պետպատվերի շրջանակներում չի սպասարկվում՝ ստեղծելով սպառնալիք անձի կյանքի համար: