Փաշինյանի խոսքերի օրինակները վախեցնո՞ղ, հրապուրո՞ղ, թե՞ վանող տպավորություն են կարողանալու թողնել

Փաշինյանի խոսքերի օրինակները վախեցնո՞ղ, հրապուրո՞ղ, թե՞ վանող տպավորություն են կարողանալու թողնել

«Սա նորություն չէ եւ նաեւ կան հետազոտություններ, որ ՀՀ-ում ցավալիորեն իրավագիտակցության մակարդակը բարձր չէ` ցածրի եւ միջինի համադրման մեջ է»։ Այս մասին այսօր ՍԴ-ում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը` պատասխանելով ՍԴ դատավոր Վաղարշյանի այն հարցին, թե ինչպես է գնահատում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը:

Վաղարշյանի հարցին, թե միջին իրավագիտակցության մակարդակ ունեցող քաղաքացու համար Փաշինյանի խոսքերի օրինակները, որը ներկայացվել են ՍԴ, վախեցնո՞ղ, հրապուրո՞ղ, թե՞ վանող տպավորություն են կարողանալու թողնել. «Միգուցե միջին քաղաքացին այդ խոսքերից վանվեր, կամ չգիտեմ օտարվեր այն քաղաքական ուժից, կամ անձից, ով ասում էր այդ խոսքերը: Ինչու եմ ասում, որովհետեւ ձեր դիմումում այդ փաստերը միակողմանիորեն էին ներկայացված, թե դրանք վախեցնող, սարսափեցնող ազդեցություն էին թողնում, ուզում եմ հասկանալ, թե հնարավո՞ր է հակառակ ազդեցությունը, թե՞ ոչ»։

Վարդեւանյանը, պատասխանելով ՍԴ դատավորի հարցին, ասաց, որ այս հարցի բացահայտման մեջ առանցքային է, թե ում կողմից է  դա արվում. «Մեր կողմից, երբ որ արձանագրվել է, որ այն  ունեցել է վախեցնող նպատակ եւ հետեւանք եւ դրանով նաեւ ազդել է ընտրողների կամքի եւ ազատության վրա, մեկ կարեւոր բաղադրիչի վրա է կառուցված, որ դա արվում է վարչական ամենամեծ լծակներ ունեցող անձի կողմից, ոչ թե պարզապես մեկ հանրային քաղաքական գործչի, այլ զուգահեռաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնող»։