Բնակա՞ն, թե՞ արհեստական ընտրություն

Բնակա՞ն, թե՞ արհեստական ընտրություն

«Ռեւյու» հաղորդման ընթացքում «Հայաստան» դաշինքի անդամ Ասպրամ Կրպեյանը մի հետաքրքիր, բայց բնական ընտրությանը հակասող միտք արտահայտեց. «Պետք է փնտրել միջոցներ՝ ստեղծված իրականությանը հակազդելու, հայի տեսակը փրկելու համար»: Ազնիվ ու վեհ գաղափար, առաջին հայացքից՝ իրատեսական: Ասվածի հիմնաբառը «տեսակ» եզրույթն է, որն օգտագործվում ինչպես բնական, այնպես էլ արհեստական ընտրության առնչությամբ:

Այս միտքը, պատկերավորության համար, կարելի է ընկալել այսպես. մամոնտները ժամանակին պետք է փնտրեին միջոցներ՝ միջավայրի փոփոխվող պայմաններում գոյատեւելու համար: Այսինքն՝ ոչ թե հարմարվեին միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին, այլ ուղղակի հակազդեին դրանց՝ իրենց տեսակը պահպանելու համար:

Բնական ընտրությունն էվոլյուցիայի հիմնական գործոնն է, որի գործողության արդյունքում պոպուլյացիայում (այս դեպքում՝ աշխարհի բոլոր ազգությունները) մեծանում է այն առանձնյակների (ազգերի) թիվը, որոնք օժտված են միջավայրի պայմանների նկատմամբ ավելի բարձր հարմարվողականությամբ (առավել բարենպաստ հատկանիշներով), այն դեպքում, երբ անբարենպաստ հատկանիշներով առանձնյակների թիվը նվազում է: Այժմ էլ կարելի է հանդիպել ասորացիների, գուցե՝ բաբելոնացիների, ինկերի, ացտեկների ու այլ ազգությունների, բայց այդ տեսակները չեն դիմացել բնական ընտրությանը, չեն գտել «միջոցներ՝ իրականությանը հակազդելու, իրենց տեսակը փրկելու համար»:

Բնական ընտրությունը հարմարվողականության ամրապնդման միակ հայտնի պատճառն է, բայց ոչ՝ էվոլյուցիայի միակ պատճառը: Անհարմարվողականության պատճառներից են գենետիկական դրեյֆը, գեների հոսքը եւ մուտացիաները: Հավանաբար, մեր գենետիկները կկարողանան բացատրել, թե ինչ է տեղի ունեցել հայերիս հետ՝ այդ իմաստով, եւ որքանով է իրագործելի Ասպրամ Կրպեյանի գաղափարը:

«Բնական ընտրություն» եզրույթը մասսայականացրած Չարլզ Դարվինն այդ գործընթացը համեմատել է արհեստական ընտրության հետ: Համեմատելու գաղափարն այն է, որ բնության մեջ նույնպես տեղի է ունենում առավել «հաջողակ», «լավագույն» օրգանիզմների ընտրություն, բայց տվյալ դեպքում հատկությունների օգտակարության  «գնահատողի» դերում հանդես է գալիս բնական միջավայրը:

Մինչդեռ հասարակական օրգանիզմների, այս դեպքում՝ ազգերի առումով, «գնահատողի» դերում հանդես են գալիս աշխարհի ուժային կենտրոնները: Ընդ որում, ինչպես բնական, այնպես էլ արհեստական ընտրության համար որպես նյութ են հանդիսանում ժառանգական ավելի շատ փոփոխությունները, որոնք կուտակվում են սերնդեսերունդ:
Կրկին, հավանաբար, մեր գենետիկները կկարողանան բացահայտել, թե սերնդեսերունդ ինչպիսի կուտակումներ են եղել հայի տեսակի մեջ, որոնք նվազեցրել են նրա հարմարվողականության մակարդակը, վերացրել ազգերի միջեւ անընդհատ ընթացող մրցակցության համար անհրաժեշտ, բարենպաստ հատկանիշները:

Հիմա, տարածաշրջանում, օրինակ, վերջին հարյուր տարիների զարգացումների խորապատկերին, ինչպե՞ս կարելի է գնահատել հայի տեսակի էվոլյուցիան:

Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ Ռուսաստանն առանձնապես հետաքրքրված չեն ո՛չ հայի տեսակի պահպանմամբ, ո՛չ էլ ոչնչացմամբ: Ընթանում է յուրօրինակ արհեստական ընտրություն. աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների յուրաքանչյուր փուլում ավելի մեծ աջակցություն են ստանում այդ փոփոխությունների նկատմամբ հարմարվողականության առավել բարձր աստիճան դրսեւորած «առանձնյակները» (իմա՝ ազգերը, պետությունները):
Թուրքիան դրանց շարքում է:

Հարավային Կովկասում Թուրքիան կրկին ապացուցեց իր կենսունակությունը եւ ցուցադրեց փոփոխություններին արձագանքելու իր առավել բարենպաստ հատկանիշները: Որպես «պարգեւատրում»՝ այդ պետությանը հանձնվեց Քաբուլի միջազգային օդանավակայանի վերահսկողությունը (փաստորեն՝ ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ին Աֆղանստանում եկավ փոխարինելու Թուրքիան), ինչը գերտերությունների միջեւ մեծ խաղի հաջորդ մակարդակն է, գուցե՝ ճակատագրական ամբողջ աշխարհի համար: 

Այս զարգացումները, թերեւս, այնքան էլ վտանգավոր չլինեին առայժմ ինքնիշխան Հայաստանի համար, եթե հայի տեսակի հետ կապված խորքային գենետի-կական գործընթացներ տեղի ունեցած չլինեին:

Այդուհանդերձ, մեր «տեսակի» համար պայքարը դեռ ավարտված համարել չի կարելի: Բայց պայքարը հաջողությամբ պսակելու համար, անհրաժեշտ է ական-ջալուր լինել Դարվինին. «Գոյատեւում է տեսակներից ոչ ամենաուժեղը, այլ այն, որը մյուսներից ավելի լավ է հարմարվում փոփոխվող միջավայրին»:

ՀԳ. Մեծամիտ ու պոռոտախոս հայերին՝ մտորելու եւ մի փոքր համեստանալու համար. «Ինչո՞ւ ԱՄՆ-ն Հայաստանին չի փոխանցել Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը: Իսկ Եթե փոխանցեր, ի՞նչ կլիներ»: Կներեք, արժանապատիվ տեսակը զոռով պահող հայեր, բայց կլինեն մոտավորապես այսպիսի արձագանքներ. «Էս ի՞նչ ես ասում, հընգեր: Ոնց որ ֆռռում ես մեզ վրա, հա՞»:

Գագիկ Վարդանյան