«Հրապարակ». Եռակողմ շահավետ գործարք

«Հրապարակ». Եռակողմ շահավետ գործարք

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երեկ Գագիկ Ծառուկյանին առնչվող երկու որոշում կայացրեց, երկուսն էլ՝ Ծառուկյանի օգտին։ Մեկը ֆինանսական էր, մյուսը՝ «աստվածապաշտական»։ Առաջինն այն է, որ ֆինանսների նախարարությունը, պարտվելով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերության հետ դատական վեճում, ներկայացրել էր մի նախագիծ, որով բյուջեի հաշվին պետք է փոխհատուցեն Ծառուկյանի ընկերության` իրենց մեղքով կուտակված մոտ 4.2 մլրդ դրամի հարկային պարտավորությունները։ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն Երեւան-Սեւան մայրուղում կառուցված Հայաստանի ամենախոշոր՝ «Շանգրի լա» խաղատունն աշխատեցնող ընկերությունն է, որի` դեռեւս 2014 թվականին տրված լիցենզիան ֆինանսների նախարարությունը 2020 թվականի նոյեմբերի 20-ին ուժը կորցրած էր ճանաչել։

Ընկերությունն էլ դատի էր տվել պետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության, եւ ներպետական երկու ատյաններում՝ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում շահել է դատը։ Ֆիննախն էլ որոշել էր չդիմել վճռաբեկ դատարան, որովհետեւ անիմաստ է, ու քանի որ 2020 թ. նոյեմբերի 20-ից մինչեւ 2022թ․ մայիսի 18-ը՝ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը,  «Օնիրա քլաբ» ընկերությունը կուտակել է ավելի քան 4 մլրդ դրամի հարկային պարտավորություն, կառավարությունը ստիպված է արտոնություն սահմանել եւ այդ պարտքը վճարել պետբյուջեի հաշվին։ Բայց պետությունը մի պայման է դրել, որ «Օնիրա քլաբ» ընկերությունը փոխհատուցման պահանջով հանդես չգա` պահանջելով սխալ որոշման եւ պատճառած վնասների դիմաց կլորիկ գումար վճարել իրեն, քանզի այդ պարագայում կարող էր պետությունը մի քանի անգամ ավելի մեծ գումար փոխհատուցել Ծառուկյանին պատկանող ընկերությանը։ Նշենք, որ այս ամենը տեղի չէր ունենա, եթե 2020 թ․ նոյեմբերի 20-ին ֆինանսների նախարարությունը՝ այն ժամանակվա նախարար Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ, սխալ որոշում չկայացներ Ծառուկյանին պատկանող ընկերության նկատմամբ եւ լիցենզիայից չզրկեր խաղատունը։ Հիմա խաղատունը դարձյալ կսկսի գործել ու հարկ վճարել պետությանը։

Երկրորդ որոշումն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ կառավարությունը դեմ չէ, որ Հատիս սարի վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձանը տեղադրվի։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը սկսել է համագործակցել ժամանակին իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր առաջնորդի հետ: Պատճառը շատ պարզ է՝ Ծառուկյանը չի աշխատում նրա դեմ, դե ֆակտո այս պահին քաղաքականությունից դուրս է, նա ու իր թիմը չեն քննադատում իշխանությանը, եւ հիմա ԲՀԿ առաջնորդը զբաղվում է բացառապես բիզնեսով՝ հեռու պոլիտիկայից, ինչին Փաշինյանը երկու ձեռքով կողմ է։ Միայն թե իր աթոռին չկպչեն։