Սերգեյ Լավրովն սկսել է խոսել շանտաժի լեզվո՞վ

Սերգեյ Լավրովն սկսել է խոսել շանտաժի լեզվո՞վ

Սերգեյ Լավրովն օրերս Արցախյան կարգավորման փուլային տարբերակի մասին «ավետելուց» զատ խոսեց նաև գազի գնի ու ռուսական ընկերությունների նկատմամբ քրեական գործերը դադարեցնելու մասին։ Շատ փորձագետների գնահատմամբ՝ շանտաժի լեզվով։ «Եթե գործընկերության մասին, ապա այն պետք է դրսևորվի բոլոր ոլորտներում։ Եթե խոսում ենք տնտեսության մասին, ապա մենք շատ մեծ հույսեր ունենք, որ այն քրեական վարույթները, որոնք վերջին տարիներին սկսվել են համատեղ ձեռնարկությունների նկատմամբ, ներառյալ «Հարավկովկասյան երկաթուղին», դրանք կկարգավորվեն առանց որևէ փորձերի՝այնտեղ ներմուծել բաներ, որոնք հարիր չեն ռազմավարական դաշնակիցներին։ Այդ մասին  շատ  անկեղծ եմ խոսում, որովհետև ստեղծվել են մի քանի բարդ իրավիճակներ, որոնցում հայտնվել են ռուսական ընկերությունները»։

Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը փորձում է միջամտել այլ ինքնիշխան պետության ներքին գործերին՝ խոսում է շանտաժի լեզվով հերիք չէ, դեռ «համատեղ» է անվանում Հայկական երկաթուղին, որը համատեղ հայ-ռուսական ձեռնարկություն չէ, այլ հանձնվել է Ռուսաստանի դուստր ձեռնարկությանը՝ լիազորագրային կառավարման։ Ավելին՝ պարոն Լավրովը լիահույս է, որ բոլոր այս հարցերը կկարգավորվեն այնպես, որ կողմերը երկուստեք  բավարարված կլինեն։

Սերգեյ Լավրովն իր հույսերը բացատրել է նրանով, որ վերջերս տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որում Լավրովի փոխանցմամբ՝ «Նրանք տեսնում են ռազմավարական գործընկերության զարգացման ուղիները»։