Կաշառքի պահանջ, ռենտգեն, խոշտանգում և հոգնա՝ Մեղրիի անցակետում

Կաշառքի պահանջ, ռենտգեն, խոշտանգում և հոգնա՝ Մեղրիի անցակետում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Տիգրան Գրիգորյանի կինը՝ Տաթեւիկ Համբարձումյանը, մեզ 15 էջանոց նամակ է գրել, որում այնպիսի մեղադրանքներ են, որոնք ոչ թե «Նոր Հայաստանում», այլ ԽՍՀՄ տարիներին ու «վայրի 90»-ականներին կարող էին տեղի ունենալ․ պարսիկների մասին տվյալներ տալու առաջարկ, ուղեբեռում «պլան գցել», հարկադիր ռենտգեն եւ անգամ՝ հոգնա։ Ապա՝ 10 հազար դոլար կաշառքի պահանջ եւ գործ սարքել։  

Պատմությունը, ըստ կնոջ, այսպիսին է․ Տիգրանը Հայաստանում աշխատանք չի ունեցել եւ պարբերաբար ապրանքներ է բերել Իրանից՝ հոգալով 2 երեխաների, հղի կնոջ ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մոր հոգսերը։ Մեղրիի անցակետի աշխատակիցներն ամուսնու նկատմամբ հատուկ ուշադրություն են ցուցաբերել ի սկզբանե։ 5-6 անգամ մանրակրկիտ զննությունից հետո Մեղրիի մաքսատան ղեկավար Հրաչիկ Գոգինյանը նրան տեղեկացրել է, որ այդ ստուգումներն իր կարգադրությամբ են կատարվում։ Խնդրել է, որ Տիգրանն ինֆորմացիա տա իր ծանոթ պարսիկների վերաբերյալ։

Վերջինս ասել է, թե նրանք տնտեսական իրեր են վաճառում, ոչ մի հետաքրքիր բան չի կարող պատմել։ Գոգինյանը, ըստ Տաթեւիկի, սպառնացել է, որ նրա գլխին կսարքի։ Նախավերջին անգամ Իրան են գնացած եղել միասին։ Հղի կնոջն ու ամուսնուն մանրամասն ստուգելուց հետո ռենտգեն են արել, շատ կոպիտ վարվել իր հետ, Գոգինյանը նորից սպառնացել է, եւ, ի վերջո, ամուսինը ստիպված ասել է, որ կհամագործակցի։ Գոգինյանը տվել է իր հեռախոսահամարն ու ասել, որ Երեւան կգա, մի քանի օրից կհանդիպեն։ Մաքսակետից դուրս գալուց հետո Տիգրանը պատռել է Գոգինյանի համարը, իր քարտն էլ բջջայինից հանել ու ջարդել է։ Վերջին անգամ Մեղրիի անցակետում Տիգրանը հայտնվել է 2019-ի հունվարի 16-ին։ Տպավորություն է եղել, որ բոլորով իրեն են սպասում, ռուս զինվորը հայտարարել է ամուսնու անունը եւ պահանջել, որ մոտենա իրեն, ամուսինն ու իր ընկեր Ավետը պայուսակները թողել են մաքսավորների աշխատասենյակներից մեկում, ու գնացել Գոգինյանի աշխատասենյակ։ Մոտ 30-40 րոպե Գոգինյանը համոզել է, մինչեւ, ըստ կալանավորի կնոջ, կանաչ զանգվածը կտեղավորեին նրանց իրերում։

Երբ այն հայտնաբերվել, է, Տիգրանն աղմուկ է բարձրացրել, հերքել։ Պայուսակները, ըստ Տաթեւիկի, բացվել են առանց ամուսնու ու ընթերակաների։ Հետո նրան տարել են հիվանդանոց, որտեղ անալիզների արդյունքում օրգանիզմում ոչինչ չի հայտնաբերվել, եւ նրան կրկին վերադարձրել են մաքսատուն։ Այստեղ առաջարկել են բացատրություն տալ, եթե չեն ուզում, որ կանաչավուն զանգվածն ավելանա։ Հոգնած եւ սոված ձեռներեցները, հասկանալով, որ իրենց գլխին սարքված է, ստիպված ստորագրել են նրանց թելադրած թղթի տակ։ Տաթեւիկի պնդմամբ, Գոգինյանը պահանջել է 10 հազար դոլար՝ ազատ արձակելու դիմաց, Տիգրանը հրաժարվել է՝ ասելով, որ այդքան փող երբեւէ չի տեսել։ Այս ընթացքում Տիգրանը, չունենալով որեւէ իրավական կարգավիճակ, 2 օր պահվել է Մեղրիի անցակետում։ Տեսնելով, որ Տիգրանն ու ընկերը «տեղից չեն շարժվում», հունվարի 18-ին կազմվել է փաստաթուղթ։ Ըստ Տաթեւիկի՝ նախկին բացատրություններում դրված են եղել հետին թվով ամսաթվեր։ Նաեւ անհետացել է Տիգրանի հեռախոսը, որի մեջ եղել է կարեւոր ապացույց։ Ի դեպ, ամուսնու եւ ընկերոջ պայուսակների զննությունը եւս չի տեսանկարահանվել։ Մեզ հետ զրույցում Տաթեւիկն ասաց, թե իր համար անհասկանալի է, որ հեղափոխությունից հետո կարող են նման մարդիկ պաշտոնավարել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ նման գործ ունեն, որի նախաքննությունն ընթանում է։ Քննչական գործողությունների, վկաների, առերեսումների, հարցաքննությունների մասին չեն հայտնում։ «Ոչ միայն այդ գործով, այլեւ՝ առհասարակ»,- ասաց նա։

Մեր տեղեկություններով՝ այլ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող որեւէ անձ չկա։ Կան վկաներ, որոնցից մեկն էլ Տաթեւիկ Համբարձումյանն է։