Ես ժամանակավոր զինադադարի համար եմ  նախադրյալներ տեսնում․ Հրանտ Միքայելյան

Ես ժամանակավոր զինադադարի համար եմ  նախադրյալներ տեսնում․ Հրանտ Միքայելյան

Լեռնային Ղարաբաղի թեմայով «Հրապարակը» զրուցել է «Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։

-Ձեր գնահատմամբ՝ սահմաններին լարվածությունն ի վերջո կդադարի՞, որովհետև արդեն խոսվում է հրադադարի մասին, ի՞նչ եք կանխատեսում, նախադրյալներ տեսնո՞ւմ եք։ 

-Ես ժամանակավոր զինադադարի համար եմ նախադրյալներ տեսնում, ցավոք սրտի, երկարատև զինադադարի համար պայմաններ չկան։ Եթե ունենք ինչ-որ մի բան, որին կարող ենք հասնել, պետք է հասնել ռազմական դաշտում, նոր զինադադար կնքել։ Բայց կարևորն այն է, որ քանի Ադրբեջանն իր քաղաքականությունը չփոխի և իր մտադրությունը չփոխի, զինադադարն արդյունավետ չի լինի, կամ քանի դեռ Ադրբեջանը ուժասպառ չլինի կամ Ադրբեջանը չհասկանա, որ հայկական ուժերի դիմադրությունը կոտրելու հեռանկար չունի։ Այս երեք հանգամանքից բացի մեկն էլ պետք է աշխատի, և ինչքան հնարավոր է, պետք է բացառվի թուրքական գործոնը, որը, ես ինչքան տեսնում եմ, այդքան էլ չի ստացվում։ Եվ Թուրքիան հիմա ուզում է ուղիղ միջամտություն անել, իրենց խորհրդարանում քննարկվում է այդ հարցը։ Իրականում 4 պայման է՝ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր քաղաքականությունից, որը չի լինի։ Թուրքիայի մասնակցությունը պետք է բացառվի, որը ևս դեռ չի ստացվում։ Երրորդը՝ Ադրբեջանը պետք է ուժասպառ լինի․ դրանից դեռ հեռու ենք։  Եվ չորրորդը՝ Ադրբեջանը պետք է տեսնի, որ հայկական ուժերի դիմադրությունը կոտրելու հեռանկար չունի։

-Ինչպե՞ս չեզոքացնել Թուրքիային և ինչպես անել, որ Թուրքիան հանկարծ չդառնա Մինսկի խմբի համանախագահող երկիր։

-Որպեսզի Թուրքիան չդառնա համանախագահող երկիր, Հայաստանի կարծիքն է բավական։ Այսինքն՝ եթե Հայաստանը թույլ չտա, Թուրքիան չի դառնա։ Այսինքն՝ մեր իշխանությունը պետք է իր կարծիքը պարզ հայտնի՝ «որ մենք դեմ ենք դրան և ոչ թե միայն դեմ ենք», այլ երբ որ այդ հարցը քննարկվելու է նաև դիվանագիտական հարթակում, ոչ ֆորմալ առումով, ոչ հրապարակային, այդտեղ էլ պետք է նույն կարծիքը հայտնի, և այդ պարագայում Թուրքիան չի կարողանա դառնալ համանախագահող երկիր, սա մեկ։ Երկրորդը՝ մենք պետք է հասկանանք, որ ուղղակի հայտարարություններով պատերազմը չի զսպվելու, հայտարարություններով չենք կարողանա ինչ-որ բանի հասնել։ Այսպիսով, բոլոր մեր դիվանագիտական հնարավորությունները  դիվանագիտական հարթակում պետք է օգտագործել, որպեսզի դա լինի։ Որո՞նք են այդ հնարավորությունները․ դե, իհարկե, բանակի հաջողությունները ռազմադաշտում ևս կարևոր են։ Որո՞նք են այդ հնարավորությունները․ նախ Սփյուռքը պետք է մոբիլիզացնել։ Մենք տեսնում ենք, որ Ամերիկայում որոշ գործեր արվում եմ Սփյուռքի կողմից՝ ինքնաբուխ, բայց պոտենցիալը շատ, շատ, շատ ավելի մեծ է և ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, նույնիսկ իսլամական երկրներում բազմաթիվ հնարավորություններ կան։ Եվ այստեղ պետք է աշխատել, այդ ամեն ինչը կազմակերպել, ինչքան հնարավոր է արագ, ակտիվ և արդյունավետ։ Հնարավորությունները, էլի եմ ասում, կան։ Երկրորդը՝ պետք է աշխատել մնացած ուրիշ երկրներում, որոնք Թուրքիայի հետ խնդիրներ ունեն, և այդ երկրների ցուցակը շատ երկար է։  Օրինակ, ոչ սպասելի, բայց տեսականորեն ուժեղ պարտնյոր կարող է հանդիսանալ Սաուդյան Արաբիան։ Իհարկե, Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Եգիպտոս, Սիրիա, Իսրայել, Կիպրոս, Հունաստան, Իրաք, Իրաքի Քուրդիստան, վրացիների հետ պետք է աշխատել, Եվրամիության հետ պետք է աշխատել և պետք է աշխատել, որպեսզի չեզոքացվի Հունգարիայի դիրքորոշումը։ Այսպիսով, դիվանագիտական հարթակում ահռելի աշխատանք կա կատարելու։ Երրորդը՝ Ռուսաստանի հետ ազնիվ, պարզ ու լուրջ հարաբերություններ հաստատվեն։ Ռուսաստանը պետք է համոզված լինի, որ հայկական կողմից անորոշություն և անսպասելիություն չի լինի, և դաշնակցային հարաբերությունները տեղում են, որովհետև ամենաազդեցիկ երկիրն այս տարածաշրջանում մնում է Ռուսաստանը։ Եվ եթե Ռուսաստանը չորոշի աջակցել Հայաստանին, ապա ուրիշ երկրները սենց հայտարարություններով չեն օգնի։ Եվ Ռուսաստանը պետք է ինչ-որ ռեսուրսներ ծախսի դրա վրա, մենք պետք է ցույց տանք Ռուսաստանին, որ այդ ռեսուրսները ծախսվելու են արդյունավետ, և՛ նաև դաշնակցային միջավայրում։ Այսպիսով այս երեք ուղղությամբ պետք է աշխատել, որպեսզի թուրքական գործոնը զսպվի։                

-Իսկ Հնդկաստա՞ն, Չինաստա՞ն, Իրա՞ն։  

-Անշո՛ւշտ, իրենք էլ հետն անպայման։ Եվ պետք է այդ ամեն ինչը անել զուգահեռ և լարված՝ 1 րոպե չխնայելով։

-Պարո՛ն Միքայելյան, տեղեկություններ կային, թե Ադրբեջանը փորձում է ահաբեկիչներ, գրոհայիններ Աֆղանստանից ներգրավել այս պատերազմում։ Հնարավոր համարո՞ւմ եք։ Արդյո՞ք Աֆղանստանն այդպիսի քայլի կգնա։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ էր գրել Աֆղանստանից ահաբեկիչներ ներգրավելու մասին։ Հնարավո՞ր է Աֆղանստանն այդպիսի քայլի գնա, ունի՞ այդպիսի ռեսուրս։

-Անշո՛ւշտ, կարող է, առանց որևէ կասկածի կարող է։  Բայց մտադրված է անել, թե ոչ, ես չգիտեմ։ Որովհետև իհարկե ես Վահրամ Պողոսյանի ասածը կասկածի տակ չեմ դնում, բայց նաև գիտեմ, որ մենք հիմա բավական տեղեկատվություն չունենք, կամ գուցե ինքն ունի, բայց ես չունեմ և չեմ կարող դա հաստատել։ Բայց այն, որ Ադրբեջանն ի վիճակի է դա անել, այստեղ որևէ հարց չկա։ 

-Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի հայտարարություններն ինչ-որ էական ազդեցություն ունեցա՞ն։

-Այս պահի դրությամբ հասցեական հայտարարություն է արել Ֆրանսիան, որի ազդեցությունը տարածաշրջանում այդքան էլ բարձր չէ։ Եվ վճռորոշ հայտարարությունը՝ «ամեն ինչը պետք է կանգնի», արել է Ռուսաստանը, որի ազդեցությունն ավելի բարձր է, բայց հայտարարությունն այդքան հասցեական չէ։ Այսպիսով, մենք ունենք դա։ Գերմանիայի ուղղությամբ, իմ կարծիքով, քաղաքականությունն անարդյունավետ է։ Ոչ թե որովհետև սխալ է վարվում, այլ որովհետև հասցեատերն է սխալ, այսինքն՝ Գերմանիայի ուղղությամբ հաջողության որևէ հեռանկար չկա։ Այսպիսով, մենք պետք է հասկանանք, թե ում հետ է կարելի այդ աշխատանքները տանել, և անել դա ինչքան հնարավոր է արդյունավետ, որովհետև Գերմանիան ի վիճակի չէ այստեղ որևէ բան փոխել, այստեղ որևէ բանի աջակցել։ Ֆրանսիայի ազդեցությունն ամեն դեպքում մի քիչ ավելի բարձր է, իսկ աշխատել է պետք այն երկրների հետ, ովքեր կարող են դա անել։ Եվ ավելի շատ այդ երկրները գտնվում են ասիական տարածաշրջանում, քան եվրոպականում։ Սա պետք է անպայման ճիշտ հասկանալ։ Նաև Դուք թվարկեցիք որոշ երկրներ, անշո՛ւշտ, Իրանի հետ շատ կարևոր աշխատանքներ կան կատարելու, գուցե նաև արդեն արվում է, բայց դեռ շատ բան կա անելու, որովհետև Իրանի պոտենցիալը մեզ համար, պատերազմի զսպման համար կա։ Հնարավորություններ կան, որպեսզի այդ թևն ավելի շատ զարգացնենք։