Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը հնարավոր է ամբողջությամբ հանձնվի թշնամուն

Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը հնարավոր է ամբողջությամբ հանձնվի թշնամուն

Ազգային ժողովում կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատեց, որ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի հետ կապված՝ ադրբեջանցիների հետ մի նոր՝ առանձին պայմանավորվածություն կա։ Չասաց՝ փաստաթուղթ, ինչի մասին խոսել ու հրապարակել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ասաց՝ պայմանավորվածություն, ինչը հնարավոր է՝ թղթային տարբերակ էլ ունենա։

Հիշեցնենք․ Բագրատյանը հուշագրի մի տեքստ էր հրապարակել, որտեղ նշված են որոշակի կոորդինատներ, սկզբունքներ, սահմաններ՝ կապված Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի հետ, որը պետք է վերահսկեն հայերն ու ադրբեջանցիները։ Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանն ասաց․ «Առանց Ռուսաստանի Դաշնության միջնորդության որեւէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով։ Դա միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»։

Երկու դեպքում էլ՝ թե՛ բանավոր, թե՛ գրավոր պայմանավորվածության պարագայում, սա հակահայկական ու դավադիր հերթական քայլն է՝ իրականացված ՀՀ իշխանությունների ձեռամբ։ Եթե փաստաթուղթ կա, կնշանակի՝ հերթական գաղտնի փաստաթուղթն է ստորագրվել ժողովրդի թիկունքում։ Եթե չկա, ստացվում է՝ բանավոր պայմանավորվածությամբ ինչ ուզում՝ հանձնում են թշնամուն, եւ որեւէ մեկը դրան չի առարկում։ Ուշագրավ է, որ այս ենթադրյալ փաստաթղթից տեղյակ չէր անգամ ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Նա օրերս դրա վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ ասաց․ «Ես տեղյակ եմ եղել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի փաստաթղթերից»։ Իսկ խնդրահարույց չէ՞, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղյակ չէ դրանից, ԱԳ նախարարն ասաց․ «Արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի վերաբերյալ եւ պաշտպանում է ազգային եւ պետական շահերը։ Մեր ոլորտին վերաբերող գործառույթները մենք կատարում ենք լիարժեք»:

Փաստորեն, Ադրբեջանը եւ Ադրբեջանին վերաբերող հարցերն այլեւս արտաքին ոլորտ չեն համարվում մեզ համար։ Բայց սա ամենը չէ, որից կարելի է ենթադրել, թե ինչպիսի պրոադրբեջանական քաղաքականություն են իրականացնում Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետների, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ բանից անտեղյակ արտգործնախարարի։ ՀՀ իշխանություններն արդեն բառացի հայտարարում են, որ այդ ճանապարհահատվածը վաղուց Ադրբեջանի տարածք է եղել, եւ դա հայտարարում են իշխանական պատգամավորների բերանով, որպեսզի հող նախապատրաստեն այդ տարածքներն էլ Ադրբեջանին հանձնելու համար։

Ահավասիկ, փետրվարի 12-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի հետ կապված, բառացիորեն ասում է հետեւյալը․ «Դուք գիտեք, որ, օրինակ, Գորիս-Կապան հատվածի 21 կմ-ն անցնում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով, միջազգայնորեն ճանաչված սահմաններում, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվելու»։

Մենք հարցումներ ենք ուղարկել տարբեր գերատեսչություններ, պատասխաններն ստանալուն պես կհրապարակենք։ Մասնավորապես, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հարցրել ենք, թե որն է հիմնավորումը, որ Գորիս-Կապան հատվածի 21 կմ-ն անցնում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով, երբվանի՞ց է այդ ճանապարհահատվածը համարվում Ադրբեջանի տարածք եւ ի՞նչ փաստաթղթի հիման վրա, արդյոք GPS-ի տվյալների հիման վրա՞ է նման պնդում կատարվում։
Հնարավո՞ր է, արդյոք, որ այդ՝ Գորիս-Դավիթ Բեկ հատվածը ժամանակավորապես շահագործվի երկու երկրների կողմից՝ ռուսների հսկողության ներքո, եւ կա՞ արդյոք պայմանավորվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որ որոշ ժամանակ անց, ասենք՝ 3 տարուց, այն ամբողջությամբ հանձնվի Ադրբեջանի տիրապետությանը։ Իսկ այդ ընթացքում շրջանցող այլընտրանքային ճանապարհ կառուցվի՝ Հայաստանի տարածքում։ Եթե այո, որտեղո՞վ է անցնելու այդ ճանապարհը, ի՞նչ ծախսերի հետ է կապված, եւ ո՞վ է հոգալու ծախսերը։

Հիմա էլ կա շրջանցող՝ Տաթեւով ճանապարհը, որը շատ վատ վիճակում է եւ պետք է ամբողջովին հիմնանորոգվի։ Մենք զրուցել ենք որոշ նախկին պաշտոնյաների հետ։ 2014-17 թթ․ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանին հարցրինք՝ Գորիս-Կապան ճանապարհը ե՞րբ է կառուցվել, եւ երբեւէ ՀՀ կառավարության կողմից եղե՞լ է նման մտայնություն, որ դա հնարավոր է մի օր հանձնվի Ադրբեջանին, քանզի իրենց տարածքով է անցնում։ «Այդ ճանապարհը սովետի ժամանակ է կառուցվել, բայց մինչեւ պատերազմը դա երկրորդային ճանապարհ է եղել, հիմնականում Նախիջեւանով են գնացել, դրա համար նման խնդիր երբեւիցե չի քննարկվել։ Ամեն դեպքում տրանսպորտի, այսինքն՝ մեր գերատեսչության տեսանկյունից նման հարց չի քննարկվել»,- ասաց նա։ «Էնտեղ պահպանության խնդիրներ են հիմնականում եղել՝ ամառային, ձմեռային, ներդրումներ չեն կատարվել, որովհետեւ պլանավորվում էր, որ «Հյուսիս-հարավը» պիտի էնտեղով անցներ, ու արդեն էդ խնդիրը կլուծվեր, ամեն դեպքում՝ էդտեղ խոշոր ներդրում չի եղել»,- ասաց Առաքելյանը։
Դա է նաեւ պատճառը, որ կառավարությունն ուշադրություն չի դարձրել Տաթեւով անցնող այլընտրանքային ճանապարհին, քանի որ, ըստ Առաքելյանի, «Հյուսիս-հարավի» շրջանակներում քննարկվում էր Սիսիանից դեպի Քաջարան թունելներով, կամուրջներով ճանապարհի կառուցման հարցը, որն այդպես էլ մնաց կիսատ, քանզի նախկին իշխանությունները որոշեցին հեշտ տեղից սկսել՝ հյուսիսից, իսկ նոր իշխանությունը լրիվ դադարեցրեց շինարարությունը։

Խոսեցինք նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ։ Նա ասաց, որ իշխանությունները թող մատնանշեն, թե իրենց ասած այդ «միջազգայնորոն ճանաչված» սահմանը որ մասով է անցնում։ Նրա խոսքով՝ ԽՍՀՄ տարիներին գործող սահմաններով ընդամենը 5-6 կմ է եղել այդ վիճելի տարածքը՝ Գորիս-Չայզամի հատվածը, որը հիմա GPS կոորդինատներով ուզում են դարձնել 21 կմ։ «Հիմա, ոնց որ անտաղանդ ձեւով ինչ կատարվեց, նույն տրամաբանությամբ շարունակվում է, որպեսզի Ադրբեջանը մետր-մետր գա առաջ։ Իսկ էս իշխանություններն էշի ականջին քնած են կամ դիտավորյալ են անում։ Էստեղ միանշանակ դիտավորություն կա»,- ասաց նա։ Նախկին մարզպետը չի լսել, թե Ավինյանն ինչ է ասել, բայց նկատում է՝ շարունակում են ժողովրդի թիկունքում բանավոր պայմանավորվել, իսկ ժողովուրդն էլ, ինչպես տեսնում ենք, թքած ունի, թե ինչ է կատարվում։

«Եթե նույն՝ ԽՍՀՄ սահմանների տրամաբանությամբ շարժվենք, էնտեղ կան բետոնե խորանարդներ, որոնց վրա ԽՍՀՄ զինանշանն է խփած, ու ես նույն ռուսներին էլ եմ մատնանշել, որ սա է իրական սահմանը, ինչո՞ւ է Ադրբեջանը կիլոմետրերով առաջ եկել։ Ձեր նշած այդ հատվածում մի 6 կմ, եթե ճիշտ եմ հիշում, ինքը մտնում է Շուռնուխ եւ Որոտանի հատված, շարունակում է դեպի Չայզամի, հետո դուրս է գալիս դեպի Դավիթ Բեկ, հետո՝ Կարմրաքար եւ Կապան։ Իրենց ասած այդ 21 կմ-ն, հավանաբար, այդ հատվածի մասին է»,- ասաց նա։ Հակոբյանը նկատեց, որ Սյունիքում մեր կողմից, մանավանդ Կապանի հատվածում, ՊՆ-ից հատուկենտ մարդիկ են հսկում պետական սահմանը։ Դրա համար էլ ադրբեջանցիներն օգտվում են առիթից, կրակում են, թեկուզ՝ օդ, ու հոգեբանորեն ազդում են մեզ վրա։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է 2-3 տարի անց այդ հատվածն ամբողջությամբ հանձնեն թշնամու վերահսկողությանը, Հակոբյանն ասաց․ «Էս իշխանություններն ինչ ուզում են, բանավոր պայմանավորվում են։ Բայց ես համոզված չեմ, որ էդ բանավոր պայմանավորվածության հետեւում չկա փաստաթուղթ ստորագրած՝ էլի գաղտնի եւ ծպտյալ»։
Երեկ, ի դեպ, տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները մի քանի կմ մոտեցել են Ագարակ համայնքին եւ սկսել անկանոն օդ կրակել՝ հավանաբար, այդպիսով շարունակելով հոգեբանական գրոհը։