ՔՊ-ական ԴՆԹ-ով է պաշտոն տալիս․․․

ՔՊ-ական ԴՆԹ-ով է պաշտոն տալիս․․․

Պատիժը, ի տարբերություն խրախուսանքի, միշտ կրում է բացասական բնույթ։ Պատժվող անձը չի կարող երախտապարտ լինել, շնորհակալություն հայտնել այն անձին, ով իրեն պատժում է, մանավանդ, երբ անհամաչափ է պատիժը։ Պատժելը գործողության վերջին փուլն է, մարզպետին պատժել «կախիչ պոկվելու համար» դա ողբերգություն է։ Առավել ևս ողբերգություն է, երբ «պատժվող» մարզպետը շնորհակալություն է հայտնում իրեն պատժելու համար։

Այսպիսի մի բան էլ կա։ Պատժվող անձը, երբ պատժվելուց հետո ունենում է բարձր տրամադրություն, ուրեմն կամ այդ անձն է խելագար կամ պատժողին լրջություն չի տալիս։ Նիկոլ Փաշինյանը յուրային բարձր պաշտոնյաներից  շատերին է «պատժում» ՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում։ Նախարարին, մարզպետին աշխատանքից ազատելու, «պատժելու համար» սույն պաշտոնյաները շնորհակալություն են հայտնում «պատժվելու» , աշխատանքից ազատվելու համար։ Սա ի՞նչ հոգեբանական նոր երևույթ է։ Անձը զրկվում է աշխատանքից և շնորհակալություն է հայտնում։ Անձը «պատժվում» և շնորհակալություն է հայտնում։ Նման պարագայում ո՞նց կարելի է չհիշել Թումանյանի քառյակը․ 
Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
-Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

Սա ի՞նչ թատերական կրկնվող խաղ է։ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ հանրությունը մտածի, որ ուժեղի մոտ միշտ էլ թու՞յլն է մեղավոր և ինքը կարող է շրջանցել բոլոր օրենքները և օրվա իր տրամադրությամբ ում ուզի՝ դու՞րս շպրտի։ Պետական լծակների չարաշահումը ու՞ժ է համարում։ Սա, իհարկե, կա։ Պետական լծակներն օգտագործում է սեփական ուժը ցուցադրելու  և իր զանգվածի մարսողությանը համապատասխան կերակուր մատուցելու համար։  Բայց դա ընդհանուր բնութագրում տալու մի տարր է։ Պետք է սթափ գիտակցել, որ ինքը կադրեր է նշանակում, որոնք մարզպետի ու նախարարի պաշտոնի հետ ոչ մի կապ չունեն։ Շատերին  «փողոցից բռնում» ու բերում, ասում է՝ դու մարզպետ  կամ նախարար ես։ Շատերին գյուղում ուսուցիչ աշխատելուց թևից բռնում ու ասում է՝ դու մարզպետ կամ նախարար ես։ Բայց այդ մարդը պիտի ՔՊ- ականի ԴՆԹ անցած լինի։ ՔՊ-ական ԴՆԹ-ով է պաշտոն տալիս, դրա համար էս օրին ենք․․․

Այդ մարդը գիտի, որ ինքը մարզպետացու կամ նախարարացու չի։ Լոռու մարզպետի կենսագրությանը նայենք։  2010-2018թթ. աշխատել է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ, 2012-2016թթ. եղել է Վանաձորի ավագանու անդամ։ 2018 թվականից «մեյդան է ընկել»։   2018թ. եղել է Լոռու մարզպետի տեղակալ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 2020թ. դեկտեմբերի 17-ի ՀՀ կառավարության թիվ 2064-Ա որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետ: Ինչքան հասկանում եմ,  մարդը եղել է ռազմագիտության դասատու, նման առարկա չգիտեմ հիմա թողե՞լ  են դպրոցում։ Եթե չեն թողել, կարող է դրա համար էլ շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Իր արևին՝ դաս էր տալիս։ Բերել ես, որ ի՞նչ անես։ Որ նսեմացնե՞ս ու նա շնորհակալություն հայտնի՞ իրեն նսեմացնելու համար։ Բերել ես, որ ազատելուց սոցիալական ցանցերը, հանրությունը խնդա՞ արածիդ համար։ Որ մի քանի օր կամ ամիս հետո մի կարևոր պոստ տանե՞ս  ու նորի՞ց խնդացնես հանրությանը։  Շնորհակալությունը դրա՞ համար է։ 

Իր համար հանգիստ դասատու էր աշխատում․․․ Հրաժարականի դիմում գրածներն ու աշխատանքից ազատածվները, իշխանության «տաշած քարերից ոչ մեկը» գետնին չի մնացել։  Թևիդ տակ ես առել կամ մի փափուկ տեղ վայրէջք ես արել, որ նորից օ՞դ թռցնես։ Լավ, ինչու՞ համար են այս մանկական թվացող քաղաքական  խաղերը։ Հայրենիքը խաղալի՞ք է, որ տալիս ես ձեռները՝ փչացնեն։ Հայրենիքը փորձարկման գործի՞ ք է, որ խմբակային փորձարկումներ ես անում, հատկապես՝ սահմանամերձ, «վիճելի» տարածքներում։