Արցախի մասով քաղաքական պատասխանատվությունը կիսում է, հարցերին պատասխանելու մասով՝ ոչ

Արցախի մասով քաղաքական պատասխանատվությունը կիսում է, հարցերին պատասխանելու մասով՝ ոչ

Արցախի 75 տոկոսը հանձնած, իսկ 25 տոկոսն Ադրբեջանին չհանձնելու խոստում չտվող Փաշինյանը 2021-ի պետական բյուջեի կատարողականը զեկուցելիս մի ծավալուն հատված նվիրեց Արցախին։ Նա երկար-բարակ թվարկեց, թե ՀՀ կառավարությունն ինչ ծավալի սոցիալական ու ֆինանսական ծրագրեր է իրականացրել Արցախում՝ պատերազմից հետո, որքան գումար է հատկացվել Արցախի կառավարությանը մեր կառավարության կողմից։

«Ուզում եմ հետաքրքիր ամփոփիչ մեկ զուգահեռ անցկացնել. 2019 թ․ Արցախի բյուջեն կազմել է 117,9 մլրդ դրամ, որն ամենաբարձր բյուջեն է եղել մինչ այդ, որից 57,8 մլրդ դրամը Հայաստանից է վճարվել: 2021 թ․ Արցախի բյուջեն՝ եկամտային մասը, եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը Հայաստանի Հանրապետության վճարած գումարն է։ Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, եւ Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել»,- հպարտացավ Փաշինյանը՝ մոռանալով հպարտանալ նաեւ նրանով, որ 2019-ին մենք ունեինք ամբողջական Արցախ՝ իր զարգացած ենթակառուցվածքներով, հողին ամուր կառչած բնակչությամբ, որն իր ձեռքբերումը չէր, իսկ 2021-ին՝ արդեն 75 տոկոսով հանձնված, բզկտված, վիրավոր Արցախ, որը, միանշանակ, իր «ձեռքբերումն» է։

Փաշինյանի ելույթը վայրկյաններ անց սկսեցին տարածել ՔՊ-ականները՝ հասկացնելով, թե ինչպե՞ս եք մեզ մեղադրում, որ ձեռքներս լվացել ենք Արցախից, երբ այսքան օգնություն ենք ցուցաբերում Արցախին։ Այն իշխանությունները, որոնք պատերազմից ի վեր ոտք չեն դրել Արցախ, եւ այն իշխանությունները, որոնց հրաժարականն են պահանջում նաեւ արցախցիները։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, որը ՔՊ-ական չէ, բայց կիսում է Փաշինյանի որոշումների պատասխանատվությունը, դժվարանում է պատասխանատվություն ստանձնել ու պատասխանել նրա կործանարար որոշումների վերաբերյալ քաղաքական հարցերին, մեզ հետ զրույցում ասաց․ «Վարչապետը միանգամայն ճիշտ էր նշում, որ 2022 թ․ պետական բյուջեում, երբ որ օրենքով հաստատվել էր, որ այդ հատկացումը պետք է կազմեր 144 մլրդ դրամ, երբեւէ եւ այդ չափով որեւէ դեպքում հատկացում չի եղել։ Նախորդ տարվա ընթացքում նույնպես 130 մլրդ դրամի սահմաններում է եղել հատկացումը, ընդ որում՝ դրանք միայն այն հատկացումներն են, որ պետբյուջեից տրվում են որպես վարկ։ Այն սոցիալական նշանակության ծրագրերը, որ կատարվել են, այդ թվում՝ պատերազմի հետեւանքները մեղմելու նպատակով, այդ ծախսերը չհաշված։ Միայն նրանք, որոնք տրվել են Արցախի կառավարությանը, այո, եղել են աննախադեպ բարձր»։

- Հանուն ինչի՞ են այդ ծախսերն ու ներդրումներն արվում Արցախում։

- Հանուն նրա, որ Արցախի ժողովուրդը շարունակի ապրել Արցախում, լինի բարեկեցիկ, կենսապայմանների բարելավումներ տեսնի եւ իր ապագա անելիքը կապի Արցախում կայուն եւ մշտապես բնակվելու հետ։

- Իսկ Արցախն իր ապագան ի՞նչ կարգավիճակով պետք է կապի, ըստ Ձեզ, անկախ հանրապետությա՞ն կարգավիճակով, Հայաստանի հետ միավորմա՞ն, թե՞ Ադրբեջանի կազմում գտնվելու։

- Եկեք այն հարցերը, որոնք վերաբերում են կառավարության կողմից մեկնաբանությանը, թողնենք համապատասխան գերատեսչություններին, իրենք պարզաբանում են էդ հարցը եւ պարզաբանում են ըստ էության ու բովանդակության։ Ինձ տվեք ֆինանսական բնույթի հարցեր։

- Դուք, իհարկե, ՔՊ անդամ չեք, բայց այդ քաղաքական թիմի անդամ եք եւ․․․

- Եվ կիսում եմ այն քաղաքական պատասխանատվությունը, որ կառավարությունը կայացնում է յուրաքանչյուր հարցի համար։

- Հետեւաբար, եթե վաղն այս կառավարությունը կայացնի որոշում, որ պետք է Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, Դուք կկիսե՞ք այդ պատասխանատվությունը։

- Ես ասացի, որ մեկնաբանություններ եւ «եթե»-ներ խնդրում եմ չկիրառենք մեր հարցազրույցում, որովհետեւ արդար չեմ համարում այդ տեսակ քննարկումը։ Իսկ մնացած բոլոր հարցերում եւ Ձեր հարցի ընդհանրական ձեւակերպման մեջ, բոլոր էն դեպքերում, երբ կառավարությունը կայացնում է որոշում, ես, լինելով կառավարության մաս, նաեւ դրա պատասխանատվությունը կրում եմ։

- Իսկ Դուք տեսնո՞ւմ եք այն վտանգները կամ ռիսկը, որ բանակցությունների արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

- Ես խնդրեցի, որ հարցերը վերադարձնեք մեր քննարկումների բուն թեմային մոտ, եւ քանի որ Դուք երրորդ անգամ տարբեր եղանակներով փորձում եք նույն հարցին մոտենալ այդ տեսանկյունից, ես վերահաստատում եմ իմ պատասխանը․ խնդրում եմ, որ այդ հարցերն ուղղեք արտաքին գործերի նախարարության իմ գործընկերներին, ովքեր, ընդհանուր առմամբ, կառավարության տեսակետը ձեւակերպում են բովանդակությամբ եւ էությամբ։

- Ես հասկանում եմ, որ Ձեզ համար դժվար է այսպիսի հարցերի պատասխանելը, բայց Դուք ստանձնել ու կիսում եք այդ պատասխանատվությունը։ Ուստի հարցնում եմ՝ Դուք, որպես հայրենասեր մարդ, ինչպե՞ս կարձագանքեք, երբ այս կառավարությունն Արցախի վերաբերյալ նման ճակատագրական որոշում կայացնի։ Իսկ Ադրբեջանն այսօր հենց դա է պահանջում մեզնից։

- Ես չեմ ուզում մեկնաբանել՝ Ադրբեջանն ինչ է պահանջում, ես վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարության որոշումները լավագույն ձեւով են արտահայտելու Հայաստանի Հանրապետության, Արցախի ժողովրդի շահերը, եւ չեմ ուզում օգտագործել այնպիսի պատասխաններ եւ ձեւակերպումներ, որոնք կարող էին բովանդակային առումով լինել ոչ բավարար պրոֆեսիոնալ ձեւակերպված։ Ինձ տվեք ֆինանսական ոլորտին վերաբերող հարցեր, ես կպատասխանեմ դրանց։

- Ավելի՞ լավագույն ձեւով, քան նախորդ իշխանությունները։

- Ես չեմ ուզում որեւէ համեմատություն կատարել։ Նախորդ իշխանություններն այդ ժամանակահատվածում են որոշումներ կայացրել, մեր կառավարությունն այս ժամանակահատվածում է որոշումներ կայացնում, եւ դրանք համեմատելի չեն։ Յուրաքանչյուր որոշում իր ժամանակի ազդեցությունն է կրում։

- Պարզապես, երբ կառավարության անդամները չեն արտահայտում Արցախի վերաբերյալ հստակ դիրքորոշում, օրինակ՝ չեն խոստանում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ ունենալու է հայկական կարգավիճակ, դրանից մարդկանց մոտ կասկած է առաջանում, որ, ամեն դեպքում, այդ հարցը քննարկման ենթակա է։

- Դա շահարկվում է ուղղակի։

- Բայց եթե հիմա Դուք ուղիղ խոստանաք, մարդիկ մի քիչ թեթեւացած շունչ կքաշեն, որ, այ, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

- Նորից մեզ վերադարձնում եք նույն կետին՝ գիտենալով, որ ես այդ հարցի պատասխանն արդեն տվել եմ։ Ոչ թե Տիգրան Խաչատրյանը չի ցանկանում, այլ Տիգրան Խաչատրյանը համարում է, որ իր պատասխանատվության շրջանակներից դուրս հարցեր մեկնաբանելիս կարող է թույլ տալ այնպիսի անճշտություններ, որոնք որ ընդհանուր կառավարության տեսակետը շարադրելու տեսանկյունից չպետք է արվեին։ Այսինքն՝ իմ գործընկերները դա պետք է անեն մասնագիտական առումով շատ ավելի ճիշտ, եւ, ըստ էության, վստահ եմ, նորից իր հիմքում ունենալով մեր լավագույն շահերը։