Մեկը մեկին արժեն
Որքան էլ որ բողոքենք մեր ճակատագրից, աստղերի դասավորությունից, որի արդյունքում մեզ բաժին են ընկել վատ իշխանություններ, անգրագետ կառավարիչներ, պնակալեզ մտավորականներ, ծախու քաղաքական գործիչներ ու պայքարի ոչ ունակ ընդդիմություն, ստիպված ենք ընդունել, որ նրանք՝ բոլորը, մեր հասարակության արժանի զավակներն են: Մեր հասարակությունը` իր հիմնական մասով, հենց այդպիսին է. անգրագետ, ծախվելու միշտ պատրաստ, այս ու այն կերակրատաշտին կցվելու համար հոգի տվող, վախկոտ, անողնաշար, պայքարից խուսափող:
Չէ, անշուշտ, կան մի 10 տոկոսի չափ ազնիվ մարդիկ, իրական մտավորականներ եւ հայրենասեր գործիչներ, բայց նրանք չեն առաջնորդում մեր հասարակությանը եւ նրանք մեր հասարակության իրական զավակները չեն, այլ բացառություն են: Իսկ հասարակությունը գերազանցապես օր մթնեցնող, ոչ մի գաղափար չկրող, անսկզբունք եւ անդեմ մարդկանցից է կազմված, որոնք զբաղված են միայն օրվա հաց փախցնելով:
Ահա՝ այս մեկն իրեն ընդդիմադիր է հռչակել, որովհետեւ չի հաջողեցրել հայտնվել իշխանական ճամբարում, բայց այնքան ճամբարներ է հասցրել փոխել, որ պարզ է` իր համար լրիվ մեկ է, թե որ ճամբարում կլինի, միայն թե իր գործունեությունը կարողանա մոնետիզացնել` հնարավորինս շատ փող աշխատել:
Այս մյուսը իբրեւ թե իշխանության մեջ է` պաշտոն ունի, կարգավիճակ, բայց թքած ունի այդ պաշտոնի վրա, պետության եւ անգամ իրեն նշանակած անձի ու կուսակցության վրա: Նա մի բանի մասին է միայն մտածում` այնքան փող հասցնի աշխատել, որ իշխանափոխությունից հետո մի ապահով երկրում հանգրվանի ու բարեկեցիկ ապրի: Այս երրորդն էլ ողջ օրը կոռուպցիայի դեմ պայքարից է խոսում, արդարությունից ու առաջընթացից, իսկ իր ողջ կյանքն անարդարության, հետադիմության եւ կոռուպցիայի դասական օրինակ է:
Կարծիքներ