Ի՞նչ գործով են անցնում դատավորն ու փաստաբանը. մանրամասներ` ԲԴԽ փակ նիստից

Ի՞նչ գործով են անցնում դատավորն ու փաստաբանը. մանրամասներ` ԲԴԽ փակ նիստից

Քիչ առաջ ԲԴԽ-ն բավարարել է դատախազության կողմից Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները:

Մենք տեղեկացանք, որ միջնորդությունը ներկայացրել է գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Արթուր Պողոսյանը, որին Աննա Վարդապետյանն էր նշանակել, և ևս մեկ դատախազ` Կոռուպցիոն գործերով վարչությունից: Մեզ ասացին, որ քրեական գործը կոռուպցիոն բնույթի է, մասնավորապես` դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ու այսօր նույն գործի շրջանակներում ձերբակալված փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որը Արուսյակի կուրսընկերն ու մտերիմն է, պայմանավորվել են, թե ինչպես անեն, որ քրեական հեղինակություններից մեկի նկատմամբ հարուցված քրեական գործը քննի հենց Արուսյակ Ալեքսանյանը:

Մեր տեղեկություններով` խոսքը Ֆազ մականունով հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին առնչվող քրգործի մասին է, որով պաշտպանությունը ստանձնել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Հենց նա է պայմանավորվել իր մտերիմ դատավորի հետ, որ այնպես անեն` գործը նրան մակագրվի: ԱԱԾ-ն այս մասին օպերատիվ տեղեկություններ է ունեցել և ներքին դիտում է սկսել, որի արդյունքում համապատասխան տեսաձայնագրություններ են արվել դատավորի ու փաստաբանի շփումներից, թե ինչպես են նրանք քննարկում իրենց նպատակին հասնելու համապատասխան մեխանիզմները:

Դատախազության ներկայացրած միջնորդությունների քննության ժամանակ ներկայացվել են հենց այս տեսանյութերն ու ձայնագրությունները` որպես ապացույց: Արդյունքում ԲԴԽ-ն բավարարել է դատախազության միջնորդությունները: