Մերժել են էսքան խնդրելուց հետո, դե հիմա թող իրենց սուտ խոստումների համար պատասխան տան

Մերժել են էսքան խնդրելուց հետո, դե հիմա թող իրենց սուտ խոստումների համար պատասխան տան


Ավազակային հարձակման համար 7 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Փարսադան Փարսադանյանի հարազատները ահազանգում են, որ նրա 3 անչափահաս երեխաները՝ 16, 14 և 9 տարեկան, մնացել են առանց խնամակալի։

Մեզ հետ զրուցել էր  Փարսադան Փարսադանյանի 2-րդ կինը՝ Լուսինե Սիրունյանը, նրա խոսքով՝ երեխաները առանց խնամակալի են մնացել և իրենց միակ ցանկությունն այն էր, որ հայրը վաղաժամկետ ազատ արձակվի․

«Իր պատժաժամկետի կեսը դեկտեմբերին լրացել է։ Ինքը հացադուլ է ուզում հայտարարել, որովհետև երեխաները առանց խնամակալի են, ես իրենց կենսաբանական մայրը չեմ, ես Բելգիայի բնակիչ եմ, հիմա եկել եմ երեխաների մոտ։ Իրենց միակ խնամակալը տատն էր, ով հունիս ամսին մահացավ։ Երեխաները խնամակալ չունեն, ինքը միակ ծնողն է, ես իր 2-րդ կինն եմ, երեխաները հիմա ինձ հետ են բնակվում Սյունիքի մարզի Ագարակ համայնքում։ Ամեն տեղ դիմել ենք՝ Փաշինյանից սկսած, Նաիրա Զոհրաբյանին, Արարատ Միրզոյանին, Արտակ Զեյնալյանին, տարբեր տեղեր, տարբեր ատյաններ։ Նույնիսկ զանգահարել են, որ երեխաներին տանեն մանկատուն, ես այստեղ եմ, որ երեխաներին մանկատուն չտանեն, սա այդ հարցը չէ։ Այդ մարդու բնութագիրը, ամեն ինչը լավ է, ուզում ենք, որ բաց թողնեն, գա հասնի իր երեխաներին»,- մեզ հետ զրույցում ասել էր  Լուսինե Սիրունյանը։

Մենք կրկին կապվեցինք Լուսինե Սիրունյանի հետ՝ հասկանալու համար, թե Փարսադանյանի գործով որևէ առաջընթաց կա՞, սակայն նա նշեց, որ ամուսնու դիմումը վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ մերժվել է, նա նաև մեզ ուղարկեց մի շարք պաշտոնյաների հետ իրենց նամակագրությունը՝ ասելով․ 

«Մերժել են էսքան խնդրելուց հետո, դե հիմա թող իրենց սուտ խոստումների համար պատասխան տան։ Ոչ մեկին էլ ներում չեն շնորհել, այդքանից 1 հոգու 1 տարի 6 ամիս ժամկետը կրճատել են, մյուսներինը՝ մերժել։ Արարատ Միրզոյանը մեր կոնտակտները ուզեց ճշտումներ կատարելու համար, մեզ գրեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով, որ ցանկանում է օգնել։ Մենք նամակ գրեցինք նաև վարչապետի ֆեյսբուքյան էջին, մեզնից կրկին կոնտակտներ ուզեցին»։