Ում դեմ քրեական գործ է հարուցվում, ասում են`քաղաքական հետապնդում է

Ում դեմ քրեական գործ է հարուցվում, ասում են`քաղաքական հետապնդում է

Իշխանությունը շարունակում է տեռորը մարզերում՝ տեղական իշխանությունը ձեռքը վերցնելու համար։ Հատկապես դաժան տեռորի են ենթարկվում հանրապետության երրորդ քաղաքի՝ Վանաձորի ավագանու անդամները։ Թիրախում է հայտնվել Վանաձորի ՏԻՄ ընտրություններում «Ասլանյան դաշինքը» գլխավորած Մամիկոն Ասլանյանը։ Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ 2021թ. սեպտեմբերի 14-ին հարուցված եւ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում առերեւույթ տվյալներ են ձեռք բերվել «2016թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մ. Ա.-ի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու» վերաբերյալ:

Իրականում՝ այսկերպ օրվա իշխանությունը փորձում է խանգարել շուրջ 5 տարի Վանաձոր քաղաքը ղեկավարած Մամիկոն Ասլանյանի վերընտրվելուն։ Ինչո՞ւ քաղաքապետի ընտրությունից 2 օր առաջ քննիչները հիշեցին ու ասպարեզ հանեցին այս մեղադրանքը, որը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի՝ հաստատվելու, իսկ որ ավելի հավանական է՝ հերքվելու համար։ Վանաձորում «Հայրենիք» կուսակցության թեկնածու, «Մամիկոն Ասլանյան դաշինքի» հետ կոալիցիա կազմել պատրաստվող Վահե Դոխոյանը մեզ հետ զրույցում ասաց․

«Ես համարում եմ ձերբակալումն ապօրինի, քաղաքական դրդապատճառներով, որովհետեւ կար գործ, որը վաղուցվանից է ուսումնասիրվում, եթե պետք է ձերբակալեին, կարող էին ավելի վաղ անել, այս փուլում սա «երջանիկ պատահականությո՞ւն» էր։ Պարզից էլ պարզ է, որ սա քաղաքական հետապնդում է»։ Եթե ստեղծված իրավիճակում Ասլանյանը չմասնակցի ընտրություններին, ապա «Ասլանյան դաշինքը» եւ «Հայրենիք» կուսակցությունը ստանալու են 15 մանդատ, իսկ ՔՊ-ն, «Ապրելու երկիր» եւ ՀԱՍԿ կուսակցությունները՝ 16։ Սակայն Դոխոյանը նշեց, որ օրենքը թույլ է տալիս Ասլանյանին՝ մասնակցել քվեարկությանը․ «Մենք այս պահին օրենքը նայում ենք, մանդատների պահն էդքան էլ միանշանակ չէ, կա մարդու՝ քվեարկությանը մասնակցելու անհնարինություն, իսկ մարդուն չի թույլատրվում մասնակցել քվեարկության, եթե նա դատարանի օրինական վճռով համարվում է դատապարտյալ կամ անգործունակ, այս պահին կա ընդամենը մեղադրանք, որը դեռ պետք է ապացուցվի»։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կարծիքով, այստեղ ոչ մի քաղաքական հետապնդում էլ չկա․ «Կարծես թե նոր մշակույթ է ձեւավորվել, ում աշխատանքից ազատում են, կամ քրեական գործ է հարուցվում, ասում են՝ քաղաքական հետապնդում է։ 2018 թվականից ի վեր նման գործելաոճ գոյություն չունի։ Եթե նույնիսկ մտածում են, որ քաղաքական հետապնդում է, ես կարող եմ մեկ փաստ բերել, որ մենք՝ որպես իշխանություն, փորձել ենք ապահովել ազատ եւ թափանցիկ ընտրություններ եւ եթե մենք նման գործելաոճով զբաղվեինք, դուք շատ լավ գիտեք, թե իշխանությունն ինչ կարող էր անել, բայց քարոզարշավի ընթացում էլ որեւիցե խախտում իմ տեսադաշտում չի եղել»։ Խաչատրյանը երկու փաստ ներկայացրեց՝ կապված Մամիկոն Ասլանյանի կառավարման տարիների հետ, որոնք իր մոտ կասկած են հարուցում եւ ուսումնասիրության կարիք ունեն․ «Նախկինից եկած կասկածներ կան, որ տարբեր տեղերից բազմաթիվ մարդիկ գրանցված են մի տան մեջ։ Դա պետք է ուսումնասիրվի եւ պարզվի՝ ովքե՞ր են այդ մարդիկ, արդյո՞ք գնացել են ընտրությունների, թե՞ ոչ, որը կարող է ազդել ընտրությունների ելքի վրա։ Երկրորդ փաստը․ որ նայում ենք քաղաքապետարանի ֆինանսական մուտքերը, նոյեմբերի 15-30-ն ընկած ժամանակահատվածի աղբի, բնակվարձի մուտքերը կտրուկ ավելացել են, որը վճարել են սոցիալապես անապահով մարդիկ»։

«Որքան ես մամուլից ծանոթացա՝ ստուգումները Մամիկոն Ասլանյանի գործի վերաբերյալ տեղի են ունեցել սեպտեմբեր ամսին, եթե կասկածներ կան, որ տվյալ անձը խախտումներ, չարաշահումներ է արել, լիազորություններն անցել է, ուզում է 10% հավաքի, ուզում է՝ 60, դա իրեն չի ազատում պատասխանատվություն կրելուց»։

- Դուք վստա՞հ եք, որ եթե Ասլանյանը ստանար, ասենք, 10% քվե, այս գործընթացը, միեւնույն է, տեղի էր ունենալու։

- Այո՛։ Մեկը մյուսի հետ, ես համոզված եմ, կապ չունի, քաղաքական ենթատեքստ էլ չկա։

- Որ սա քաղաքական հետապնդում է, հաստատվում է հատկապես նրանով, որ տեղի ունեցավ քաղաքապետի ընտրությունից 2 օր առաջ, նման ձեռագիրը հայտնի է Գորիսի, Վարդենիսի դեպքում, խոսք է գնում Բերդի մասին։

 - Գործն իրավապահները քննում են, ես չեմ ուզում մտնել իրավական դաշտ։ Իհարկե՛, կարող են այստեղ զուգադիպություններ լինել, բայց մի բան կարող եմ հստակ ասել, որ յուրաքանչյուր մարդ, անկախ նրանից՝ իշխանություն է, թե ընդդիմություն, իր արած-չարածների համար պիտի պատասխանատվություն կրի, եւ պետք չէ այստեղ քաղաքական ենթատեքստ ման գալ։