Միշտ ասել եմ, որ փոխզիջման տարբերակներից մեկն էլ Բաքուն չգրավելն է

Միշտ ասել եմ, որ փոխզիջման տարբերակներից մեկն էլ Բաքուն չգրավելն է

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով, որտեղ նա զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

Ստեփան Գրիգորյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ։

-Պարոն Գրիգորյան, Դուք հայտարարել էիք, որ մի քանի կուսակցություններից առաջարկ եք ստացել՝ ընդգրկվելու իրենց նախընտրական ցուցակներում։ Ինչո՞ւ նախապատվությունը տվեցիք հատկապես «Սասնա ծռեր»-ին, եթե նկատի ունենանք, որ Դուք դավանում եք արեւմտյան արժեքներին։

-Ես նախ ուզում եմ առաջարկել, որ ուսումնասիրեք կուսակցության ծրագիրը։ «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակում հստակ կա ձեւակերպում, որ պետք է աշխատել արեւմուտքի հետ եւ մերձենալ արեւմտյան կազմակերպություններին։ Աշխատել ավելի ակտիվ, ավելի ինտենսիվ, ինչը չի հակասում իմ մոտեցումներին։ Երկրորդը՝ «Սասնա ծռեր»-ի անդամներն ազնիվ են, սկզբունքային են, պայքարող են։ Օրինակ՝ եթե վաղը մեկի մտքով անցնի հանձնել Լեռնային Ղարաբաղը կամ ազատագրված տարածքները, ապա իրենք կգնան եւ նորից կկռվեն։ Դրա համար էլ իրենց հետ եմ։ Դա՛ է գլխավոր գաղափարախոսությունը, ոչ թե այն՝ ա՞ջ ես, կիսաա՞ջ ես, թե՞ կիսաձախ։ «Սասնա ծռեր»-ի գաղափարախոսության մեխն է՝ պաշտպանել հայրենիքը , պաշտպանել քաղաքացիներին բռնապետերից։ Բացի դրանից՝ մենք բոլորս պետք է հասկանանք, որ «Սասնա ծռերը» լուրջ աջակցություն են վայելում հասարակության մեջ, եւ այդ էներգիան, պոտենցիալը պետք է բերել ԱԺ, ոչ թե թողնել փողոցում, հրապարակներում։ Եվ խելացի իշխանությունները միշտ օգտագործում են այդ պոտենցիալը։ «Սասնա ծռերն» ունեն հայեցակարգ, ծրագրեր, դա է պատճառը, որ իրենց հետ եմ։

-Բայց Դուք ժամանակին կողմ էիք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի տարածքային փոխզիջումների միջոցով։

-Շնորհակալություն հարցի համար։ Ես միշտ ասել եմ, որ ես, այո՛, կողմնակից եմ փոխզիջման։ Միշտ ասել եմ, որ փոխզիջման տարբերակներից մեկն էլ Բաքուն չգրավելն է։ Իմ սկզբունքները չեն հակասում «Սասնա ծռեր»-ի սկզբունքներին։ Իրենք ասում են՝ պահանջատիրություն, բայց եթե իրենց դեմ կանգնած լինի նորմալ երկիր, իրենք պատրաստ են խոսել, քննարկել փոխզիջման մասին։ Բայց մեր դեմ կանգնած է Ադրբեջանն՝ իր վայնասուն հռետորիկայով, որն ասում է՝ Երեւանն էլ է մերը։ Եվ այս դեպքում պետք է առաջին պլան մղվի պահանջատիրությունը։ Այո՛, ես չեմ հրաժարվում իմ խոսքերից, բայց նայած թե ով է քո դեմ կանգնած։ Այսօրվա Ադրբեջանի հետ սխալ է այդ լեզվով խոսելը։

-Դուք ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում շարունակելո՞ւ եք ղեկավարել Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնը։

-Ես իրավունք ունեմ մնալ կենտրոնի խորհրդի նախագահ, բայց իրավունք չունեմ տարբեր ծրագրերում լինել ղեկավար։ Ես հարգում եմ օրենքը եւ հրաժարվեցի մի քանի ծրագրերից, որոնց ղեկավարն էի։ Կա փոխարինող մարդ, որը կզբաղվի դրանցով։ Իմ թիմում կան մարդիկ, որոնք կզբաղվեն կենտրոնի աշխատանքներով։

-Դուք 90-ականներին եղել եք անկախ Հայաստանի առաջին Գերագույն խորհրդի պատգամավոր։ Հիմա երկրորդ անգամ «նույն գետն եք մտնում»։ Ձեր պառլամենտական գործունեության մեջ ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում, որոնք չեն եղել նախկինում։

-Դուք ասացիք այն, ինչ ասաց իմ կինը (ծիծաղում է)։ Պետք է ասեմ գլխավորը՝ փոխվեց իշխանության էությունը։ Հիմա մենք այլեւս չունենք նախագահական ինստիտուտ։ Այսօր ԱԺ-ի դերը տասն անգամ ավելի բարձր է, քան՝ ԳԽ-ինը։ Ես չեմ ուզում նսեմացնել Գերագույն խորհրդին, բայց գործառույթների առումով այս ԱԺ-ն ունի ավելի մեծ դերակատարում։ Ե՛վ աշխատանքի ծավալն է ավելի մեծ լինելու, եւ՛ որակը։ Ժողովրդի կողմից ընտրված միակ մարմինը լինելու է ԱԺ-ն։ Խոսքը ժողովրդինն է, եւ նա պետք է որոշի, թե ով է ընտրվելու։