Փախուստի դիմած կոռուպցիոներներին բռնելու ծրագիր է մեկնարկել

Փախուստի դիմած կոռուպցիոներներին բռնելու ծրագիր է մեկնարկել

Չինաստանի իշխանությունները սկսել են «Երկնային ցանց 2019» ծրագրի իրականացումը, որով բռնելու են բոլոր այն կոռուպցիոներներին, որոնք կարողացել են ճողոպրել չինական արդարադատությունից եւ լքել երկիրն ու թաքնվել արտասահմանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ծրագիրն իրականացնելու են միանգամից մի քանի պետական գերատեսչություններ, ներառյալ նաեւ Պետական վերահսկողական ծառայությունը, Գերագույն ժողդատարանը եւ Հանրային անվտանգության նախարարությունը։ Ծրագրի իրականացման ընթացքում կակտիվացվ միջազգային համագործակցությունը, ինչպես նաեւ կստեղծվեն նոր կապեր չինական եւ այլ պետությունների իրավապահների միջեւ, որի նպատակն է լինելու չինական արդարադատությունից խուսափած եւ արտասահմանում թաքնվող չինացի այն պաշտոնյաների հայտնաբերումն ու արտահանձնման կազմակերպումը՝ չինական արդարադատության առաջ կանգնելու համար, ովքեր կապ ունեն կոռուպցիոն հանցանքների հետ։ Նշենք, որ նման ծրագիր առաջին անգամ Պեկինն իրականացրել է 2015-ին։ Այս ընթացքում աշխարհի ավելի քան 120 երկրից մոտ 5000 չինացի նախկին պաշտոնյա է հայտնաբերվել եւ տեղափոխվել Չինաստան, ովքեր այս կամ այն կերպ կապ են ունեցել կոռուպցիոն հանցագործությունների հետ։