Կպայքարեն ընդդեմ պոպուլիզմի

Կպայքարեն ընդդեմ պոպուլիզմի

Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է եվրոպացի 30 ամենահայտնի մտավորականների բաց նամակը, որը գրվել է ի պաշտպանություն Եվրոպայի։ Նամակը ստորագրել են՝ Բեռնար Անրի Լեւին, Օրհան Փամուկը, Սալման Ռուշդին, Սվետլանա Ալեքսեեւիչը, Լյուդմիլա Ուլիցկայան, Միլան Կունդերը եւ այլոք։ Նամակի հեղինակները գրել են, որ այսօր, երբ արդեն երեք քառորդ դար է անցել ֆաշիզմի դեմ հաղթանակից եւ երեք տասնամյակ՝ Բեռլինի պատի անկումից, Եվրոպան կրկին կանգնած է հանուն քաղաքակրթության պայքարելու մարտահրավերի առաջ։

Հիմնական սպառնալիքը, ըստ հեղինակների, պոպուլիստներն են, որոնք կոչ են անում վերականգնել ազգային ոգին եւ կորսված ինքնությունը։ «Եվրոպան կրկին եւ կրկին ենթարկվում է օտարների վիրավորանքներով արբեցած եւ ուշադրության կենտրոնում հայտնվելու մարմաջով տառապող կեղծ մարգարեների հարձակումներին։ Այն լքված է իր երկու խոշորագույն դաշնակիցներից, որոնք անցյալ դարի ընթացքում երկու անգամ փրկեցին նրան ինքնասպանությունից։ Դրանցից մեկը գտնվում է Լա Մանշից անդին, մյուսը՝ Ատլանտիկայի մյուս ափին։ Եվրոպական ցամաքը ավելի ու ավելի խոցելի է դառնում Կրեմլի տանտիրոջ հարձակումների հանդեպ։ Բուն Եվրոպայի գաղափարն է փլուզվում մեր աչքերի առաջ»,- ասված է նամակում։

Նամակի հեղինակները նշում են, որ եթե Եվրոպայի հայրենասերները ուշքի չգան, այս տարվա մայիսին տեղի ունենալիք Եվրապառլամենտի ընտրությունները կարող են աղետի վերածվել։ Հաղթանակի կհասնեն քայքայիչները, իսկ ովքեր, որ հավատարիմ են Էրազմ Ռոտերդամցու, Դանթեի, Գյոթեի, Յան Կոմենսկու կամ մյուսների ժառանգությանը, խայտառակ պարտություն կկրեն»։