Օրբելյանը՝ ԼՂ հայերի՝ Արցախ վերադարձի հնարավորության մասին

Օրբելյանը՝ ԼՂ հայերի՝ Արցախ վերադարձի հնարավորության մասին

«Վերադառնալու իրավունքի իրականացման կառուցակարգերի ստեղծումն ու ապահովումը շատ ավելի կարևոր խնդիր է, իսկ հիմա իմաստ չկա քննարկել վերադառնալու իրավունքը, քանի որ այդ իրավունքը ոչ մեկ ոչ մի քննարկման ժամանակ չի վիճարկել՝ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ միջազգային հանրությունը, այս մասով մեծ շփոթմունք կա»։ 

Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկարներ» թեմայով հրավիրած քաննարկմանն իր ելույթում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ես վերադառնալու իրավունքի իրացման որևէ լուծում կարգավիճակից դուրս չեմ տեսնում։
Պետք է դադարեն քննարկումները վերադառնալու իրավունքի մասին, պետք է պետական մարմինները, քաղհասարակությունը սկսեն այդ թեմայի մասին խոսել վերադառնալու հնարավորություն, վերադառնալու իրավունքի իրացման գործուն կառուցակարգեր տերմինոլոգիայով։ Հակառակ դեպքում մենք տեղում կդոփենք։
Եթե որևէ իրավական, իրավաքաղաքական հարց պետք է լուծվի, չպետք է ամեն անգամ նոր բան մտածել, այլ պետք է առաջնորդվել այն լուծումներով, որոնք արդեն տրվել են Սահմանդրությամբ։ Մենք պետք է ընկալենք, որ Սահմանադրությունը փաստաթուղթ է, որը կարգավորում է պետության ոլորտների գործունեությունը։ Սահմանադրությամբ կա քաղաքացիության իրավունք։ Այս Սահմանդրությամբ մարդուն քաղաքացիությունից զրկելն արգելված է։ Երբ մտածում են արցախցիների քաղաքացիության հարցի մասին, պետք է առաջնորդվեն օրենքով, «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում սևով սպիտակի վրա գրված է՝ քաղաքացու քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթն անձնագիրն է։ Մնացած բոլոր արգումենտներն ու քննարկումներն առարկայազուրկ են: Հետևաբար, առարկայազուրկ է քննարկել, թե ինչ կարգավիճակ պետք է տալ արցախցիներին, այս հարցում պետք է առաջնորդվել օրենքով։ Հետևաբար Արցախի Հանրապետության այն բոլոր քաղաքացիները, որոնք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են,  իսկ դա հավաստող փաստաթուղթը անձնագիրն է, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են ՀՀ քաղաքացիներ, և պետությունն ունի որոշակի պարտավորություններ նրանց նկատմամբ ոչ թե որպես էթնիկ հայերի, այլ հենց որպես ՀՀ քաղաքացիների»,- պնդել է նա։