Նպատակ կա Հայաստան պետությունը ոչնչացնելու

Նպատակ կա Հայաստան պետությունը ոչնչացնելու

«Փորձ են անում լռեցնել մեր իրազեկման խոսքը։ Երեկ Սուրեն Սահակյանը ողջ գիշեր անցկացրել է ոստիկանական բաժնում։ Մեզնից վերցրել են բարձրախոսը ու դրանով անհնարին դարձրել հետագա երթը։ Մենք այսօր այստեղ բերել ենք հենց այդ բարձրախոսը՝ որպես խոսելու խորհդանիշ։ Ամբողջ խնդիրն այն է, թե մենք կկանգնե՞նք ոտքի, թե կհամակերպվենք, որ մեզնից խլում են մեր խոսելու միջոցը»։ Այս մասին քիչ առաջ «Զանգ» նախաձեռնության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց նախաձեռնության համահիմնադիրներից Միքայել Նահապետյանը։

«Եթե այսօր մեզնից խլում են մեր խոսելու միջոցը, վաղը մեզնից խլելու են մեր ապրելու միջոցը, հետո ապրելու տեղը, իրավունքները, հետո էլ փախստականների ճամբարներում մեզ կտեղավորեն ու կստիպեն, որ դիմումներ գրենք ու օգնություններ ստանանք ինչ-որ բարեգործական կազմակերպություններից։ Ես ուզում եմ տեղեկացնել, թե հենց սկզբից մեր խնդիրը որն է եղել։ Մենք անկուսակցականներ ենք, մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք։ Այս տարվա փետրվար ամսից դեռևս մենք սկսել ենք տեսնել, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող օրակարգը հեռու գնացող նպատակ է Հայաստան պետությունը ոչնչացնելու։ Մենք սրա մասին խոսում էինք դեռ գարնանը, իսկ մեզ վերաբերվում էին որպես անադեկվատներ»,- հավելեց նա։