«Հրապարակ»․ Ընդդիմության լքված խրամատները

«Հրապարակ»․ Ընդդիմության լքված խրամատները

Որ քաղաքական դաշտը երեք տարում այսպիսի դեգրադացիա կգրանցեր, դժվար էր հավատալ։ Պատերազմից հետո ասպարեզ եկած նոր ընդդիմությունը՝ նախկին նախագահների առաջնորդությամբ, պետք է քաղաքական իրավիճակ փոխեր երկրում` փորձելով իշխանությունից հեռացնել պարտված քաղաքական ուժին: Հանրային լայն շրջանակներ նրանց հետ հույսեր էին կապում: Ճիշտ է` 2021-ի խորհրդարանական ընտրությունները չարտացոլեցին մեր հասարակության իրական ցանկությունները, եւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը չստացավ մեծամասնություն, բայց մոտ 22 տոկոսանոց արդյունքն էլ վատ ստարտային հիմք չէր՝ ակտիվ գործունեություն ծավալելու, երկրում ծանրակշիռ ներկայություն ունենալու եւ իշխանություններին օր ու արեւ չտալու համար:

Ժամանակին «Ելք» դաշինքն իր 7 պատգամավորով ավելի մեծ ներկայություն ուներ մեզանում, քան այսօրվա ընդդիմությունն իր 36 մանդատով: Իշխանափոխության կարգախոսով ընտրության գնացածներն ընտրություններից հետո հայտարարեցին, որ ԱԺ-ում «խրամատավորվելու» են եւ հասնելու են Փաշինյանի՝ իշխանությունից հեռացմանը։ Սակայն 3 տարի անց ոչ միայն Փաշինյանն է իր գահին, այլեւ ընդդիմության խրամատները հիմնովին կազմաքանդված են։ Նրանց շարքերը նոսրացել են` ոմանք հայրենիքից վեր դասեցին իրենց բիզնես շահերը, ոմանք նախընտրեցին անշառ կյանքը` բերդ ու հալածանքից հեռու, խրամատներում մնացածներն էլ հոգնեցին ու հուսահատվեցին` տեսնելով, որ հանրությունն ապատիայի մեջ է, եւ անգամ Արցախի կորուստը պայքարի չի մղում: Կարճ ասած՝ այսօր ընդդիմության անունը կա` ամանում չկա։ Թեեւ ակնհայտ է, որ ընդդիմադիրներից շատերն այսօր, մեղմ ասած, համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, հասարակությունն էլ հիմնականում դժգոհ է այդ քաղաքականությունից, ինչն ընդդիմադիր գործունեության համար նպաստավոր պայմաններ է ստեղծում: Մարդիկ շարունակ հարցնում են` ո՞վ, եթե ոչ Փաշինյանը:
Ասենք` ոչինչ չէր խանգարում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փորձեր իր նկատմամբ եղած հանրային համակրանքը վերածել քաղաքական կապիտալի եւ քաղաքական դաշտում լիդերություն ստանձներ։ Սակայն խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց նա վայր դրեց մանդատը եւ այսօր դրանից հետո խորը ընդհատակ է անցել, ընկճվել անհաջողություններից։

Խորհրդարանական ընդդիմադիրներից շատերն են այսօր պասիվացել: Օրինակ, 2021-ին ակտիվ ընդդիմադիր Արթուր Ղազինյանը, ով սուր հարցադրումներ էր անում, ելույթներ ունենում, ով քաղաքական գործունեության համար, թվում էր, ամեն բան ունի՝ համակրելի արտաքին, մտավոր պոտենցիալ, ֆինանսական միջոցներ, բայց իշխանությունների կողմից հետեւողականորեն նրան ԱԺ հանձնաժողովի նախագահ չընտրեցին, իսկ Փաշինյանի ուղղությամբ շիշ նետելու միջադեպից հետո առհասարակ նա թիրախավորվեց եւ այդ պատմությունից հետո այլեւս ուշքի չեկավ` հետագայում վայր դրեց մանդատը: Հիմա, ըստ լուրերի, համատեղ ընտանեկան բիզնեսով է զբաղված` կառուցապատմամբ, եւ ընդամենը երբեմն-երբեմն տողատակերով ստատուսներ է գրում, ասենք` ընդդիմությանը մեղադրելով իշխանական նարատիվները տարածելու մեջ, կամ` «անվիճելի եւ բացարձակ է», որ Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը ոչ մի կապ չունի Պուտինին կալանավորելու Հայաստանի իշխանության ցանկության հետ, քանի որ եթե Պուտինը որոշի գալ Հայաստան, ապա հենց այս «իշխանությունը կարմիր գորգեր կփռի, պատվո պահակախումբ կշարի, եւ խոնարհ հարսի դեմքով մեծից փոքր կգնան օդանավակայան՝ նրան դիմավորելու»։

Ափսոս էր նաեւ իրավաբան Արամ Վարդեւանյանը, ով լավ փաստաբան լինելուց բացի, խոստումնալից քաղաքական գործիչ էր ու կարող էր աճել այս ասպարեզում, եթե թիմն ու առաջնորդը նպաստեին դրան։ Բայց որոշ ժամանակ անց բարձր եկամուտներ ունեցող փաստաբանը որոշեց վերադառնալ իր մասնագիտական ոլորտը` դուրս գալով գաղջ ու տհաճ խորհրդարանական միջավայրից: Ի դեպ, այդ միջավայրը հենց Նիկոլ Փաշինյանի անմիջական ջանքերով է այդպիսին դարձել, որտեղ իրենց լավ չեն զգում ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ իշխանականները: Փաշինյանը խորհրդարանը դարձրեց ընդդիմությանը սաստելու, պատժելու «ռինգ», որտեղ գնահատվում են միայն նրանք, ովքեր ավելի թունդ ու անմակարդակ հայհոյանքներ ու վիրավորանքներ կարող են հասցնել հակառակորդ թիմին: Առհասարակ` թշնամու առաջ խոնարհ հարսի, իսկ սեփական ընդդիմության հանդեպ առյուծի կեցվածքը Փաշինյանի «նոուհաուն» է մեր քաղաքական կյանքում:

Խորհրդարանը եւ պայքարի ասպարեզը լքած ընդդիմադիրների շարքում են նաեւ պրոֆեսոր Արմեն Չարչյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Վահե Հակոբյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանը` Թոխմախի Մհերի որդին, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, իշխանությունների հասցեին սուր ելույթներ ունեցող Անդրանիկ Թեւանյանը:

Ցավալին այն է, որ ոչ միայն խորհրդարանական ընդդիմությունն է պառակտված ու շփոթահար վիճակում, այլեւ արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտ էլ գոյություն չունի: Փաշինյանն ամեն ինչ արել է ընդդիմությանը վերացնելու համար, իսկ իրենք ամեն ինչով նպաստել են դրան: