Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացն առանց խնդիրների չի կարող ընթանալ

Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացն առանց խնդիրների չի կարող ընթանալ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև հակամարտության սուր փուլը հնարավոր է եղել կասեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ։
Այս մասին դիվանագետն ասել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսք է գնում հենց հրադադարի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման ուղղությամբ շարժվելու գործընթացի սկզբի մասին»,- ասել է Գալուզինը։

«Խոսքը չորս հիմնական ուղղություններով երկխոսության միջոցով առաջ շարժվելու մասին է՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով երկխոսություն, երկու երկրների միջև սահմանի երկայնքով սահմանազատում և հասարակական ու խորհրդարանական կապերի հաստատում, առանց որոնց դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին: 

Կարգավորման հիմնական տարրերը՝ զինադադարը և հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային ուղղությունների ձևակերպումը, այս բոլոր սկզբունքները ձևակերպվեցին և սկսեցին իրականացվել բացառապես Ռուսաստանի և նրա նախագահի միջնորդական առաքելության շնորհիվ։ Սա ինքնին արդեն լուրջ ձեռքբերում է։
Այս տարիների ընթացքում Ռուսաստանը փորձում է կոնկրետ գործնական ջանքեր գործադրել չորս ոլորտներում, որոնցից յուրաքանչյուրում ստեղծվել են լուրջ ներուժ և հետագա առաջընթացի հիմքեր։ Հասկանալի է, որ այնպիսի քրոնիկ և զգայուն կոնֆլիկտային իրավիճակների լուծումը, ինչպիսին Ղարաբաղում և դրա շուրջ տեղի ունեցողն է, եթե իսկապես նայեք իրերին, չի կարող ընթանալ առանց «տեղում» առկա խնդիրների»,-ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը։