Հետո չասեք՝ տեղեկացված չենք եղել

Հետո չասեք՝ տեղեկացված չենք եղել

Արցախում եւ Հայաստանում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակը պարտադրում է կրկին անդրադառնալ վիճակի վտանգավորությանը եւ հեռանկարին, թե ինչ է սպասվում մեզ: Սկսեմ 2020թ. արցախյան պատերազմից: Մենք կրեցինք խայտառակ պարտություն, որն ընդմիշտ կմնան մեր հիշողության մեջ: Բայց պատերազմի պայմանական ավարտից հետո այն իրականում չավարտվեց եւ շարունակվում է մինչ այսօր եւ, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կշարունակվի՝ իր բոլոր հնարավոր սեւ հետեւանքներով, մինչեւ թշնամին վերջնականապես կվերցնի Արցախն ու Հայաստանը։

Չբավարարվելով Արցախից եւ Հայաստանից տարածքների գրավումով՝ թշնամին շարունակաբար խոսում է Սյունիքի միջանցքի պարտադիր բացման, «խաղաղության պայմանագրի» կնքման եւ բազում այլ հարցերի մասին՝ փակ պահելով Լաչինի միջանցքը եւ չկատարելով միջազգային կառույցների պահանջները։ Կարծում եմ, որ այս պահվածքին՝ ներքին պայմանավորվածություններով նպաստեցին նաեւ ռուսական խաղաղապահ ուժերն ու Հայաստանի իշխանությունները: Հատկապես զարմանալի է ռուսական խաղաղապահ ուժերի՝ չեզոքություն ցուցադրելու կեցվածքն այն դեպքում, երբ նրանց այնտեղ տեղակայվելու գերագույն նպատակը նման բան թույլ չտալն էր։ Նրանք անգամ աչք չթարթեցին, կարծես նոյեմբերի 9-ի եւ մյուս բոլոր փաստաթղթերում հատուկ գրված է, որ Ադրբեջանի կողմից արված ցանկացած անօրինական քայլի ժամանակ խաղաղապահներն իրավունք չունեն միջամտելու: Իսկ Լաչինի միջանցքը փակ է արդեն 4 ամսից ավելի, եւ դրա պատճառած աղետի հետեւանքներն իրենց կաշվի վրա զգում է Արցախի 120 հազարանոց բնակչությունը։ Մենք միայն կողքից թեթեւակի պատկերացնում ենք:

Բայց դա միայն սկիզբն էր՝ կենացները գնալով քաղցրանում են. հենց ապրիլի 24-ին ադրբեջանցիները երկու պետական անցակետ տեղադրեցին՝ մեկը փակման վայրում, մյուսը՝ Շուշիի հարեւանությամբ, որի մասին եւս, հավանաբար, ռուսական խաղաղապահները եւ Հայաստանի իշխանությունը ներկայացնողները վաղօրոք գիտեին։ Հակառակ դեպքում Ադրբեջանին «թույլ չէին տա» գնալ այդ քայլին: 

Կարծում եմ՝ արդեն բոլորին է պարզ, որ դրանք այլեւս կհանվեն Արցախի լրիվ գրավումից հետո: Ինչու եւ ինչպես բանը հասավ այդ անցակետերի տեղադրմանը: Նախ՝ գլխավորը․ նրանք, ըստ էության, «հարգել» են Հայաստանի իշխանությունների կարծիքը, եւ քանի որ ՀՀ իշխանություններն արդեն համաձայնել են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում, եւ, ըստ էության, հայտարարել են՝ Արցախում երբ ու ինչ ուզում եք, կարող եք անել, նրանք էլ ուզեցին եւ պետական անցակետեր (մեկի փոխարեն՝ երկու հատ) տեղադրեցին։ Ռուսական խաղաղապահներն էլ ասացին՝ եթե հայերը չաղմկեն, ապա համարեք, որ մենք ձեր կողքին ենք ու չենք խանգարի ձեզ: Այսինքն, այդ քայլը եռակողմ պայմանավորվածության արդյունք է, որը հարմար գտան իրականացնել հենց ապրիլի 24-ին: Կուզենայի շատ սխալված լինել, բայց սկսում եմ մտածել, որ պատերազմից հետո ե՛ւ Արցախում, ե՛ւ «սուվերեն» Հայաստանում բոլոր տարածքների գրավումը եւս եռակողմ եւ մնացած երկրների լուռ պայմանավորվածությունների արդյունքում է իրականացվել։ Ներքին ձայնս ինձ հուշում է, որ այդ նույն պայմանավորվածությունների շարունակության արդյունքում ոչ շատ ուշ Ադրբեջանին կանցնի նախ Արցախը, որոշ ժամանակ անց՝ նաեւ Հայաստանի՝ դեռեւս մեզ պատկանող մասը, եւ ազատ հնարավորություն կունենանք (հետագայում նաեւ մեր սերունդները) թուրքերի հետ ջան ասել, ջան լսել՝ մոռանալով ե՛ւ Հայ դատի երազանքը, ե՛ւ Արցախի անկախությունը։

«Թասիբով» հայ ժողովուրդ, ասեմ, որ այս ամենը կարող ես լիովին լուրջ ընդունել՝ քիչ ժամանակ է մնացել այն երանելի ժամանակներին, երբ սկսելու ենք կյանքը համատեղ «վայելել» «մեր թուրք եղբայրների ու քույրերի» հետ։Եվ բոլոր հայ մարդիկ պետք է իրենց հաշիվ տան, որ ժամանակին տեղեկացված են եղել այս մասին, որպեսզի հետո չասեն՝ տեղյակ չենք եղել, թե ինչ է մեզ սպասվում, եւ անակնկալի չգան։
Այդ ամենը դուք ցանկացաք եւ դուք արեցիք։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ