Հովանավորչությունը՝ որպես «ճշմարիտ» ուղի

Հովանավորչությունը՝ որպես «ճշմարիտ» ուղի

Հովանավորչությունը քաղաքական կոռուպցիայի ամենապարզ եւ հաճախակի հանդիպող դրսեւորումն է: Այն առկա էր նախկինների ժամանակ, այն շատ ավելի ծավալուն չափով առկա է «Նիկոլի օրոք»: Այսօր չկա որեւէ նշանակում՝ թեկուզ ընտրության (իբրեւ թե) մեխանիզմով, որ զերծ լինի հովանավորչությունից: Հատկապես ղեկավար պաշտոններում. խոսքը ոչ թե քաղաքական կամ հայեցողական, այլ հենց քաղաքացիական պաշտոնների մասին է: Ինչը նշանակում է, որ բացարձակ չի պահպանվում 2018 թվականի գարնանային իրադարձությունների օրերին «ժողովրդի առաջնորդ» Նիկոլի խոստումը՝ կոռուպցիան արմատախիլ անելու մասին: Իսկ ինչպե՞ս կարող էր կոռուպցիան վերացվել, եթե վարչապետ կարգվելով՝ Նիկոլն իրեն շրջապատեց ոչ թե խելացի եւ ըստ այդմ՝ ինքնուրույն մտածողություն ունեցող անձանցով, այլ այդ հատկանիշներից զուրկ մարդկանցով: Որոնք, ինչպես ժողովուրդն է ասում, «չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ»՝ հարմար տեղավորվելով գործող իշխանության միջանցքներում:

Ստացվեց, որ «ժողովրդի փրկիչը» չգիտեմ ինչից փրկեց ժողովրդին, բայց հաստատ՝ նրան նետեց անդնդախոր դժոխքը: Դա տեղի ունեցավ, մի կողմից, 44-օրյա պատերազմում պարտության, մյուս կողմից, երկիր կառավարելու ոչ ընդունակ մարդկանցով կառավարման համակարգը լցնելու հետեւանքով առաջացած քաոսի (ավելի ճիշտ՝ բարդակի) պատճառով: Լավ, ընդունենք, որ պատերազմում պարտություն կրելը նպատակ չուներ մի քանի հազար զոհ տալու գնով «ղարաբաղյան բեռից ազատվել» (լրագրող Նաիրի Հոխիկյանի տեղեկատվությունը՝ վկա), այլ պայմանավորված էր օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների պատահական զուգադիպությամբ: Բայց այդ դեպքում պետության ղեկավարը կզբաղվեր պարտության վերքեր բուծելով: Ինչը նշանակում է, որ անհրաժեշտ բարեփոխումներ է նախաձեռնում: Եվ ոչ թե կզբաղվեր ինքն իրեն արդարացնելով եւ պարտության մեղքն այլոց վրա բարդելով: 

Անցնենք անսկզբունք եւ անբաշար մարդկանցով կառավարման համակարգը լցնելուն: Չէ, սխալ բան ասացի, այդ մարդիկ թեեւ ապիկար են, սակայն անսկզբունք չեն: Նրանք դրսեւորում են մարդկային ամենատարածված եւ ամենահաստատուն «սկզբունքներից» մի քանիսը՝ անձնական նվիրվածությունն ու ստրկամտությունը, արժանապատվության եւ ինքնուրույնության բացակայությունը: Ինչի շնորհիվ էլ իրենք տեղ են զբաղեցնում կառավարման համակարգում: Ի դեպ, դրանց թվում քիչ չեն նրանք, որ նույն վարքագիծն են դրսեւորել նախկինների օրոք: Եվ այսօր էլ շարունակում են նույն գործելաոճը: Մեկ-երկու անգամ «Հրապարակի» իմ հոդվածներում հիշատակել եմ «սինգապուրյան հրաշքի արարիչ», Սինգապուր պետության վարչապետ Լի Քուան Յուի անունը: Անգլիական գաղութ հանդիսացող եւ 2 միլիոնանոց (հիմնականում՝ չինացի) աղքատ բնակչությամբ կղզին վերջինիս շնորհիվ դարձավ Հարավ-արեւելյան Ասիայի մարգարիտը:

«Սինգապուրյան պատմություններ. Երրորդ աշխարհից դեպի առաջինը» 900 էջանոց ինքնակենսագրականում Լի Քուան Յուն նկարագրել է «հրաշքի» արարման մեխանիզմը: Եվ դրա հիմնական բաղադրիչներից մեկը գրագետ, խելացի, ինքնուրույն մտածողությամբ օժտված անձնավորությունների ներգրավումն էր կառավարման համակարգում: Եվ, ինչպես ինքն է խոստովանել ինքնակենսագրականում, այդ անձանց հետ աշխատելը բարդ էր եւ դժվար, սակայն ինքը վստահ էր, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն հանձնարարված ոլորտում կհասնի առավելագույն արդյունքի: Ի դեպ, ինքը եւս, որպես վարչապետ, արել է նույնիսկ այն, ինչը թվացել է անհնարին: Դա այն է, ինչը բացարձակ չես կարող սպասել ո՛չ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլից եւ ո՛չ էլ նրա մանկլավիկ «ուսապարկերից»՝ գործադիր թե խորհրդարանական: Այնպես որ, կարող ենք վստահորեն արձանագրել, որ «Նիկոլի օրոք» կոռուպցիոն դրսեւորումներից մեկը՝ հովանավորչությունը, դարձել է «ճշմարիտ» ուղի կամ, ինչպես ինքն էր գրել 44-օրյա պատերազմից 10 օր առաջ, «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: