Ապտակ ու հրճվանք

Ապտակ ու հրճվանք

Երեկ հերթական սուր արձագանքը հնչեց ռուսական իշխանությունների կողմից․ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ կոշտ գնահատականներ տալով Ալեն Սիմոնյանի կողմից Մարիա Զախարովայի հասցեին հնչեցրած խոսքի, Նիկոլ Փաշինյանի կնոջ` Ուկրաինա այցելության եւ երկու ռուսամետ գործիչների` բլոգեր Միկա Բադալյանի եւ Sputnik Armenia-ի մեկնաբան Աշոտ Գեւորգյանի ձերբակալության հետ կապված: Մի ամոթալի տեքստ:

Հաղորդվեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանն է հրավիրվել ԱԳՆ, եւ նոտա է հղվել ՀՀ իշխանություններին: Բոլոր հնարավոր առիթներով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը հերքող ՀՀ իշխանությունները, թերեւս, այլեւս չեն կարողանա ժխտել անժխտելին: Բայց վստահ ենք, որ այս կոշտ հայտարարությունը դույզն-ինչ չի ազդել նրանց տրամադրությունների վրա, գուցե` ճիշտ հակառակը:

Մի կողմից, սա շատ լավ հնարավորություն է՝ Արեւմուտքին ցույց տալու, թե ինչքան լավ են կատարում նրանց հրահանգները եւ ինչ հետեւողականությամբ են փչացնում հայ-ռուսական հարաբերությունները, մոտեցնելով Ռուսաստանի` մեր տարածաշրջանից հեռանալու, Արեւմուտքի համար բաղձալի պահը: Բայց միայն սա չէ, որ ուրախացնում է այս «պատուհասներին»:

Կարծում ենք` այս իշխանության մեջ գտնվող որոշ անհատներ ուղղակի էյֆորիայի մեջ են ընկնում միայն այն փաստից, որ Ռուսաստանի նման հզոր երկրի ԱԳՆ-ն ապտակ հիշեցնող տեքստով հիշել է իրենց, իրենց անունները հնչեցրել: Իրենք կարող էին մի օֆիսում կամ խմբագրությունում շարքային լրագրող, խմբագիր, պրոդյուսեր աշխատել, իսկ հիմա ՌԴ ԱԳՆ-ն նոտա է հղում` իրենց անունները նշելով: Չեխովի «Ուրախություն» պատմվածքը հիշեցի` այն մարդու մասին, որը մեծ հրճվանք է ապրում փաստից, որ իր մասին թերթում գրել են, իսկ գրել են, որ ինքը հարբած վիճակում ընկել է կառքի տակ: