Քվեարկությունը պետք է համարել կայացած, դիմումների պահանջները ենթակա են մերժման. Մուկուչյան 

Քվեարկությունը պետք է համարել կայացած, դիմումների պահանջները ենթակա են մերժման. Մուկուչյան 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների  «քվեարկությունը պետք է համարել կայացած» և որ ՍԴ դիմած քաղաքական ուժերի «դիմումների պահանջները ենթակա են մերժման»։ 

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումներ են ներկայացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Հայոց հայրենիք», «Զարթոնք» կուսակցությունները։

«Ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու համար պետք է պարզել՝ արդյոք ընտրության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև քվեարկությունների արդյունքների ամփոփման ընթացքում տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ։ Երկրորդ՝ այդ արձանագրված խախտումները պետք է կասկածի տակ դնեն քվեարկության արձանագրված արդյունքները։ Երրորդ՝ խախտումների բնույթը պետք է լինի այնպիսին, որ ընտրության արդյունքների ամփոփման կամ բողոքի քննարկման ժամանակ արդեն հնարավոր չէ ստույգ որոշել քվեարկության մասնակիցների կամարտահայտության իրական արդյունքը։ Այսինքն՝ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է, որ խախտումների հետևանքները կրեն անդառնալի բնույթ, պետք է կորցված լինի քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը ստույգ պարզելու հնարավորությունը», - ՍԴ-ում դիմումների քննության ժամանակ իր ելույթում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Ըստ նրա՝ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելն իրենից ներկայացնում է «բավականին լուրջ քաղաքական և իրավական զենք», որը պետք է օգտագործվի «միայն բացառիկ դեպքերում»։

«Ժողովրդի անմիջական իշխանության դրսևորումը կարելի է համարել միայն այն ընտրությունները, որոնք անցկացվել են ընտրողների ազատ կամարտահայտությունն ապահովող պայմաններում՝ ընդհանուր, հավասար իրավանուքի սկզբունքների վրա», - հավելեց Մուկուչյանը։ 

ԿԸՀ նախագահը նշեց, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելիս պետք է դրվի «քաղաքացիների ընտրություններին մասնակցելու իրավունքի առաջնայնությունը»։

«Հատկապես ընտրության արդյունքներում է նյութականացվում քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը։ Այդ իսկ պատճառով, ընտրության արդյունքների պաշտպանման երաշխիքների ստեղծման հարցերում կարևորվում է արձանագրված արդյունքների վավերականության կանխավարկածը։ Եթե գործնականում այդ սկզբունքը չի պահպանվում ընտրական հանձնաժողովների կողմից, ապա անխուսափելիորեն ձևավորվում են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս նենգափոխել ընտրության արդյունքներն՝ ի հեճուկս ընտրության մասնակիցների կամարտահայտության։ Զուտ ընթացակարգային խախտումները ոչ մի պարագայում չպետք է հանգեցնեն քվեարկության արդյունքների անվավերությունը բոլոր այն դեպքերում, երբ հաշվի առնելով այդ խախտումներն, այնուամենայնիվ, հնարավոր է ամփոփել քվեարկության արդյունքները, քվեարկությունը պետք է համարել կայացած»,- շարունակեց նա։

Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն համաձայն չէ քաղաքական ուժերի, որ համաձայն չէ քաղաքական ուժերի ներկայացրած իրավական հիմնավորումների և պնդումների հետ։ «Եվ գտնում է, որ դիմումների պահանջները ենթակա են մերժման», - շեշտեց նա։