Երևանն ըստ էության ձեռքերը լվացել է Արցախում տեղի ունեցող զարգացումներից

Երևանն ըստ էության ձեռքերը լվացել է Արցախում տեղի ունեցող զարգացումներից

«Սասնա ծռեր» շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«ՉԹՈՂՆԵՆՔ, ՈՐ ՄԱՖԻԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԻ ԵՎ ԱՐՑԱԽՆ ԱՆՋԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ -2

Նիկոլ Փաշինյանը Կրեմլին հաճոյանալու համար Արցախում իշխանությունը թողեց իշխող մաֆիային: Նա նաև ոչ մի միջոց չձեռնարկեց մաֆիային պատժելու ուղղությամբ: Ավելին՝ շարունակելով Արցախի կեղծ անկախության թատրոնը, մաֆիայի ձեռքերն ազատ թողեց:

Կարող ենք փաստել, որ Երևանն ըստ էության ձեռքերը լվացել է Արցախում տեղի ունեցող զարգացումներից: Դրա հետևանքով մաֆիան և նրա օտար տերերն են ստանձնում այդ զարգացումների վերահսկողությունը:

Նիկոլ Փաշինյանի կրեմլահաճո քաղաքականության համատեքստում պետք է դիտել նաև Վիտալի Բալասանյանին չպատժելու հանգամանքը: Անցած երեսուն տարիների համար աննախադեպ երևույթ է, որ Ստեփանակերտից որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ երկրի ղեկավարին սպառնա ֆիզիկական ոչնչացմամբ և մնա անպատիժ:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը դա թույլ տվեց և իր անգործությամբ ըստ էության օժանդակեց ու խրախուսեց Վիտալի Բալասանյանին, որպեսզի նա նախապատրաստի Արցախը Մոսկվային հանձնելու իր դավաճանական պլատֆորմը և դրանով հանդես գա որպես Արցախի նախագահի թեկնածու:

Արցախի նկատմամբ Երևանի վերահսկողության թուլացումը հասել է վտանգավոր աստիճանի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վիտալի Բալասանյանի քարոզարշավին աջակցելու համար Կրեմլը քաղտեխնոլոգներ և փիառ մասնագետներ է ուղարկել Արցախ:

Որպես Արցախում մաֆիային տապալելու և Արցախի միացումն ավարտին հասցնելու ջատագով ուժ, մենք ջանքեր ենք գործադրում այս նպատակով ժողովրդին մոբիլիզացնելու համար:

Հաջողության հասնելու համար մենք կարիք ունենք Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մասնակցության և աջակցության:

Առաջիկա օրերին կներկայացնենք աջակցության մեխանիզմը»: