Նիկոլի ժամանակը

Նիկոլի ժամանակը

Մեզ հայտնի է ժամանակային երեք ձեւ` անցյալ, ներկա, ապառնի:  Մեր անցյալը քանդուքարափ է, ապագան՝ անդուռ ու անլուսամուտ, իսկ ներկան ո՛չ հատակ ունի, ո՛չ առաստաղ: Բնության կողմից սահմանված ժամանակային այդ ձեւերը խառնել եւ բաժանել է կամ ջնջել ու նորից է գրել Նիկոլի ձեռքը: Եվ մենք գտնվում ենք ժամանակային նոր` չորրորդ չափման մեջ, որ մեկ անուն ունի` Նիկոլի ժամանակ ու Նիկոլի չափում:  

Նիկոլի ժամանակ Հայաստանը չունի սահմաններ, ադրբեջանցի զինվորն անարգել մտնում է Վարդենիսի, Սյունիքի գյուղեր տիրոջ վստահությամբ: Հավանաբար, ազատ եւ ժողովրդավարական երկիր ենք, եւ մեր դռները բաց են բոլորի առաջ, անգամ՝ մեր թշնամու, որի երեկ թափած արյունը դեռ չի չորացել, չի փոխանակել ռազմագերիներին եւ չի վերադարձնում մեր զոհերի անթաղ մարմինները: Թշնամի, որ անարգել գերեվարում է խաղաղ բնակիչներ Լաչինի միջանցքից եւ առեւտուր անում Ստեփանակերտի խանութներում: Հայաստանի սահմանամերձ գյուղերի դիրքապահներին հրահանգում է ետ քաշվել զբաղեցրած դիրքերից 800-1000 մետր, քանի որ դրանք ադրբեջանական տարածքներ են: Չունենք բանակ, չունենք կառավարություն, որ գնան եւ ասեն` թուրք բորենի, սա Հայաստանի պետական սահմանն է, իրավունք չունես ներս հրելու:  

Նիկոլի ժամանակն առանց Արցախ ժամանակ է, իսկ Հայաստանը Շագրենու կաշվի պես օր-օրի փոքրանում է` սեղմվելով թուրք-ադրբեջանական արյունոտ թաթերի արանքում: Հայ գյուղացին ստիպված է զենքը ձեռքին տունը հսկել ամեն վայրկյան սպառնացող թշնամու անարգել հարձակումներից կամ բեռները կապել ու գաղթել պապենական տնից: Հայը գաղթական է սեփական երկրում, ու չգիտես՝ դրա անունը արտագա՞ղթ դնես, թե՞ ներգաղթ: 

Իսկ Նիկոլի կեցվածքն է, թե՝ հայեր, հանգիստ ապրեք թուրքերի հետ դեմ-դիմաց, կողք-կողքի, քիթ-քթի Բերձորում եւ հարակից գյուղերում, Վարդենիսում եւ Սիսիանում, ամեն տեղ, մեջ-մեջ ու իրար մեջ: Առեւտուր արեք, գնացեք-եկեք, տվեք ու առեք: Մենք տալիս ենք, թուրքն առնում է, մենք չենք գնում, թուրքը գալիս է: Այսպես հայտնվեցինք ժամանակային նոր չափման մեջ:  

Նիկոլի ժամանակ հայը պետք է ապրի գլխիկոր, խեղճացած, մեջքը ծալած, անանցյալ, աններկա ու անապագա. դրանք թուրքին ենք նվիրաբերել: Ամերիկաներում, ռուսաստաններում հայը պետք է խուսափի փողոց դուրս գալ եւ սրճարան գնալ, որ կողքի սեղանին նստած ադրբեջանցին հանկարծ նվաստացնելով չհռհռա վրան: Ալիեւը հետեւողականորեն պետք է ծաղրի իմ երկրի վարչապետին, քամահրանքով վիրավորի հայերին, ու որեւէ մեկը չպետք է պատասխան տա: Գործն արածի հանգստությամբ կարող է հայտարարել, որ տարածաշրջանն իրար կապող ճանապարհ է անցնելու, եւ մեծահոգաբար նշել, որ Հայաստանն էլ կարող է միանալ, եթե ցանկանա: Իսկ Չաուշօղլուն ասում է, որ իր երկիրը Հայաստանից չունի հողային պահանջ, բայց սիրում է, երբ արդար է կիսվում, իսկ թուրքի արդարը ԼՂՀ տարածքի կեսն էր, Մեղրին: 

Նիկոլի ժամանակը չի տեղավորվում ժամանակային երեք ձեւերի մեջ, Նիկոլի ժամանակը չորրորդ չափում է, որ մահվան ժամանակ է: Այդ մահվան ժամանակից մեզ կարող է դուրս բերել նույն ժամանակի մեջ հրողը միայն` պարզապես իր գնալով: Կյանքի ու մահվան միջեւ բարեխոսող մեր եկեղեցին, գուցե առաջին անգամ, Մայր Աթոռի եւ Կիլիկիո Մեծի Տանն կաթողիկոսների շուրթերով երկրի ղեկավարին հորդորում է հեռանալ` իր հետ տանելով այդ մահվան ժամանակը, որպեսզի կարողանանք ապրել կյանքի ժամանակի մեջ:

Հուսիկ Արա