Քարվանսարա
Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ առեւտրային շուկաների բացման ավետիսից դեռ ուշքի չեկած՝ ՀՀ քաղաքական իշխանությունը հայտարարում է մեկ այլ՝ հայ-ադրբեջանական դիվանագիտական քարվանսարայի բացման մասին: Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը՝ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, դեկտեմբերի 8-ին, խորհրդարանական հայտարարությունների ժամին, ընդգծել է․ «Պետք է հնարավորինս արագ դուրս գալ բարոյալքված վիճակից ու քայլեր նախաձեռնել։
Ի վերջո, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի։ Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները»:
Նախ, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը չարաչար սխալվում է՝ կարծելով, որ Ադրբեջանը հաղթել է պատերազմում: Բացի այդ, թեպետ Հայաստանը պարտվել է, սակայն Ադրբեջանը ոչ թե հաղթել է, այլ Հայաստանի շուրջ ներքին եւ արտաքին դավադրության եւ պատերազմում Հայաստանի պետության բացակայության հետեւանքով Ադրբեջանին է տրվել Ղարաբաղի ազատագրված տարածքներին տիրանալու երջանկությունը՝ ռուս խաղաղապահների տեղակայման դառնությամբ:
Միաժամանակ, ակնհայտ է, որ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացնում է ոչ թե իր, այլ Նիկոլ Փաշինյանի տեսակետը եւ պաշտոնական Երեւանի՝ արտաքին քաղաքականության նոր՝ ադրբեջանական ուղղությունը: Այդ աղմկահարույց եւ վտանգավոր հայտարարության աղմուկը դեռ չմարած, նույն օրը երեկոյան, շրջանառվող տեղեկատվության համաձայն, Երեւանից Բաքու մասնավոր ինքնաթիռ է թռչել:
Անհիշելի ժամանակներում իռլանդական Ryanair-ի մուտքը հայաստանյան ավիաշուկա Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր որպես դարի գործարք, թեպետ առաջին իսկ թռիչքները Հայաստանում ի սկզբանե համաճարակի տարածման սկիզբը դրեցին, իսկ արդեն այսօր Երեւան-Բաքու գաղտնի չվերթ է իրականացվում:
Այնպիսի տպավորություն է, որ պաշտոնական Երեւանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արագորեն սկսել է գործողության մեջ դնել ռուս-թուրքական կապիտուլյացիոն խաղաղության ծրագիրը՝ Հայաստանն արագորեն վերածելով տարածաշրջանի շուկայի առեւտրային եւ աշխարհաքաղաքական քարվանսարայի, ուր իջեւանում են Հայաստանի մասնատման եւ Ղարաբաղի հանձնման մեջ ներգրավված պետությունների ներկայացուցիչները: Խաղաղության դավադիր ծրագիրը ենթադրում է նաեւ հայ-ադրբեջանական եղբայրություն:
Ուշագրավն այն է, որ «հաղթող կողմ» Ադրբեջանը ձկան պես լուռ է Երեւանի կողմից հնչող նորօրյա քիրվայության եւ նորաբաց քարվանսարայի առաջարկների եւ պատրաստակամության մասին: «Հաղթող կողմը» Հայաստանին միջպետական դիվանագիտական հարաբերությունների հաստատում չի էլ առաջարկել, սակայն Երեւանն ինքնամոռաց նետվում է Ադրբեջանի գիրկը: Սա գրեթե ստոկհոլմյան ախտանիշ է, երբ պատերազմում պարտված կողմը սկսում է ջերմություն զգալ ագրեսորի նկատմամբ: Այդպես պատանդն է պատանդառուի, ստրուկը՝ ստրկատիրոջ, ռազմագերին՝ թշնամու նկատմամբ ջերմություն եւ համակրանք զգում: Դատելով հայկական կողմի հայտարարություններից եւ քայլերից՝ ՀՀ իշխանությունը սկսել է ստոկհոլմյան ախտանիշով տառապել:
Կապիտուլյացիոն խաղաղության ծրագիրն այժմ գործողության մեջ է դրվում, սակայն ի սկզբանե ակնհայտ էր, որ կրկնակի թշնամիներով շրջապատված եւ ոխերիմ «ռազմավարական դաշնակից» ունեցող Հայաստանի համար պատերազմի եւ խաղաղության կեղծ երկընտրանք առաջադրելն ինքնին վտանգավոր էր, եւ այն ծառայելու էր պարտադրված անպատվաբեր խաղաղության հաստատմանը: Մանավանդ որ, խաղաղությունը չի լուծելու այն հարցերը, որ իր հետ բերել է այս պատերազմը: Խաղաղությունը կարող է միայն բացահայտել հենց խաղաղության ծրագրի ողջ վտանգները:
Իրադարձությունների հետագա զարգացման հեռանկարը գծում է այն վտանգավոր ուղղությունը, ուր մեզ տանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը որոշ կասկածներ է առաջացնում, թե հայ-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ի սկզբանե մշակված ծրագիր է եղել, որին կա՛մ Հայաստանը տեղյակ է եղել, կա՛մ ակամա ներքաշվել է այդ ծրագրի մեջ: Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, օրինաչափորեն, ընդունվեց որպես պաշտոնական Երեւանի դիրքորոշում, եւ ռուսական լրատվամիջոցներն արագորեն եւ համաձայնեցված սկսեցին այն շրջանառել:
Եվ մինչ Երեւանը խոսում է անպատվաբեր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, հայկական հողերին, եկեղեցիներին, հայերի տներին տիրում են ադրբեջանցիները, որոնք այդ ամենը ստացել են որպես ռուս-թուրքական մանանա:
Պատկերացնելու համար, թե ինչ ներկա եւ ապագա է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թողել Հայաստանին, պարզապես կարելի է նայել Հայաստանի տարածքային կորուստների քարտեզը, մեր սահմանների վտանգավոր հեռանկարը, հայկական կողմի զոհերի, անհետ կորածների եւ ռազմագերիների թվաքանակն ու նրանց ընտանիքների ապրելիքը, եւ պարզ կդառնա, որ Հայաստանի համար միացել է շղթայական կորուստների ժամացույցը, որը մի պահ պարզապես կարող է պայթել, քանի որ ժամացույցի մեխանիզմին ռումբ է միացած:
Ամենատարօրինակն այն է, որ պատերազմական հրթիռների արկերը հազիվ լռած, զոհերի օրավուր աճող թվաքանակի հրապարակմանը զուգահեռ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտարարում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին: Մինչդեռ այդ հայտարարությունը կարող է խորացնել հանրային բարոյալքումը եւ մեծացնել պատերազմի աղետալի հետեւանքները:
Անդրանիկ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը փորձում են Հայաստանի ժողովրդին ուղեկցել դեպի հայ-ադրբեջանաթուրքական քարվանսարա: Սակայն մի՞թե մեր երկիրն իջեւանատուն է քոչվոր ցեղերի համար:
Կարծիքներ