Ե՞րբ կավարտվեն մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքները

Ե՞րբ կավարտվեն մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքները

Սուրբ Էջմիածնի մայր տաճարի ամրակայման եւ հիմնանորոգման աշխատանքները, որ սկսվել են դեռ 2017 թվականին, մինչ օրս չեն ավարտվել, եւ վերջը չի երեւում։ Մեր հարցմանն ի պատասխան, Մայր Աթոռից տեղեկացրին, որ մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքներն այս պահին բնականոն կերպով ընթանում են, սակայն հստակ ասել, թե երբ կավարտվի շինարարությունը, դժվարանում են, բայցեւայնպես, նախատեսվում է մինչեւ տարեվերջ ավարտել։ 
Մայր տաճարի հիմնանորոգման ու ամրակայման էսքիզային նախագծերը համաձայնեցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, իսկ ուսումնասիրությունների ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել իտալացի, ճապոնացի եւ ֆրանսիացի մասնագետների հետ։

Ի դեպ, մայր տաճարի վերջին ամրակայումը կատարվել է 1950-60-ական թվականներին եւ մասնակի բնույթ է կրել, իսկ այս մեծածավալ ամրակայման աշխատանքները նպատակ ունեն զերծ պահել համայն հայության սրբավայրը հնարավոր փլուզման վտանգից: 

Թե մասնավորապես ինչ աշխատանքներ են իրականացվել այս տարիների ընթացքում, եւ առջեւում ինչ անելիքներ կան, մայր տաճարից մեր հարցմանը գրավոր պատասխանեցին․ 
«2017թ. հուլիսից սկսվել են տաճարի կենտրոնական գմբեթի եւ արեւելյան զանգակատան վեղարների ծածկասալերի եւ հարավային զանգակատան վերանորոգման աշխատանքները: Զուգահեռ կատարվել են նաեւ տաճարի գլխավոր գմբեթի վեղարի ծածկասալերի եւ հարավային զանգակատան քարերի վերաշարման տեխնոլոգիական եւ կոնստրուկտիվ լուծումների մշակման նախագծային աշխատանքները: Ավարտվել են տաճարի գմբեթի վեղարի ներսում ամրակապող փոխուղղահայաց պատերի եւ գմբեթակիր չորս սյուների կոնստրուկտիվ ամրացման աշխատանքները, ինչպես նաեւ՝ տաճարի արեւելյան եւ հյուսիսային, հարավային  զանգաշտարակների վերանորոգման, գմբեթի թմբուկի ու վեղարի ամրակայման շիննորոգման աշխատանքները:

Իրականացվել են տեխնածին գրունտային ջրերից տաճարի հիմքերը պաշտպանող ցամաքուրդային համակարգի իրականացման, արեւմտյան զանգակատան զանգերի կախիչների զսպանակային համակարգի նորոգման եւ վեղարի ծածկասալերի համարակալման, վերաշարման համար ապամոնտաժման աշխատանքները: Ընթացքի մեջ են տաճարի օդափոխության, ջեռուցման ու սառեցման համակարգի մոնտաժման, շրջակա տարածքի հին սալարկի քանդման եւ նորի համար երկաթբետոնե հիմնատակի իրականացման ու սալապատման, անկյունային չորս սրահների կեղծ թաղերի ամրակայման աշխատանքները: 2020թ. ավարտվել են մայր տաճարի գմբեթի, արեւմտյան զանգակատան ամրացման եւ վերականգնման, չորս անկյունային սրահների քարաշեն թաղերի եւ տանիքների ամրացման եւ վերականգնման աշխատանքները: 2021թ. սկսվել եւ ընթացքի մեջ են տաճարի Հրեշտակապետաց մատուռի ամրացման եւ վերականգնման աշխատանքները»:

Ներկայումս ընթացքի մեջ են տաճարի գեղարվեստական լուսավորության, ձայնային ու հեռարձակման համակարգերի նախագծային աշխատանքները: Տաճարի ներքին պատկերազարդ մակերեսների, որմնանկարների հիմքի եւ գեղանկարչական շերտի հետազոտական, լաբորատոր ուսումնասիրությունների, ամրակայման եւ վերականգնման նախագծային աշխատանքներից հետո որմնանկարների որոշ հատվածներ ապամոնտաժվել են եւ լաբորատոր պայմաններում հետազոտվել, մշակվել ու վերականգնվել են գմբեթակիր մույթերի եւ կամարների որմնանկարները, գիպսաձույլ նկարազարդ քիվերը: 2021թ. սկսվել են ապամոնտաժված որմնանկարներն իրենց նախկին տեղում վերատեղադրման եւ վերականգնման ամբողջական աշխատանքները: 2022թ. նախատեսվում է ավարտել մայր տաճարի ինժեներական ցանցերի` ջեռուցման, օդափոխության, էլեկտրասնուցման, ներքին ու արտաքին լուսավորության, ակուստիկ, անվտանգության, տեսանկարահանման եւ հեռարձակման համակարգերի արդիականացման, շրջակա բակի բարեկարգման, կանաչապատման, լուսավորման, ներքին կահավորման, ծիսական պարագաներով համալրման աշխատանքները:

Մայր տաճարի պահպանման եւ ամրացման առումով սա վերջին հարյուրամյակներում կատարվող մեծագույն հիմնանորոգությունն է, որոնք միտված են տաճարի երկարակեցությանը: Այս կապակցությամբ 2019 թ․ հունիսի 23-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը սրբատառ կոնդակով համայն հայությանն ուղղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Եկե՛ք կառուցենք լույսի Սուրբ Խորանը» կոչը։ Մայր տաճարի նորոգության համար նվիրաբերվող օգնությունները համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արք․ Տերտերյանի գլխավորությամբ: Ի դեպ, համահայկական հանգանակությունը փակված չէ, եւ մարդիկ այս պահին էլ կարող են մասնակցել դրան։

ՀԳ․ Մեր աղբյուրներն ասում են, որ տաճարի աշխատանքների ձգձգմանը զուգահեռ, Մայր Աթոռը նաեւ թերանում է իր ֆինանսական պարտավորությունների մեջ եւ շինաշխատանքների ֆինանսավորումը կատարում է ընդհատումներով, դժվարությամբ։ Եվ սա նորություն չէ, քանի որ կաթողիկոսը ինչքան սիրով ստանում է գումարներ, նույնքան դժկամությամբ բաժանվում է դրանցից, եւ, որպես կանոն, շինաշխատանքներն իրականացնողները մեծ դժգոհություններ են ունենում նրանից եւ անգամ երբեմն դիմում են դատարան՝ իրենց հասանելիքը ստանալու համար, ինչպես արել է ԱԺ նախկին պատգամավոր, շինարարական կազմակերպության սեփականատեր Արագած Ախոյանը։