Սաղ խառնել ենք իրար

Սաղ խառնել ենք իրար

Այսօր Արցախի անկախության օրն է, եւ մենք` հայաստանցիներս, չգիտենք ինչ բառերով դիմել, ինչպես մխիթարել, աջակցել Արցախում ապրող մեր քույր ու եղբայրներին, որոնց առաջ մեղքի մեծ զգացում ունենք: Մեղավոր ենք զգում, որ չկարողացանք նրանց պաշտպանել մարդկային կերպարանքը կորցրած թշնամուց, չկարողացանք նրանց անկախության, ինքնիշխանության պայքարին տեր կանգնել: Չկարողացանք 30 եւ ավելի տարիների ընթացքում հասնել մի լուծման, որն անդառնալի կլիներ եւ կախված չէր լինի ո՛չ աշխարհաքաղաքական իրավիճակից, ո՛չ էլ նրանից, թե ովքեր են Հայաստանում իշխանության գլխին հայտնված ուժերը, ինչքանով են հայրենասեր եւ ինչքան են սիրում Արցախը:

Չկարողացանք տարանջատել մի քանի արցախցիների գործած սխալները` Արցախի խնդրից եւ մեր` այդ խնդրի լուծման հանդեպ ունեցած պարտավորություններից: Չկարողացանք տարանջատել մեր պետության անկարողությունն ու իշխանությունների թերացումները` Արցախի հարցի լուծման հետ կապված դժվարություններից: Մեր հոգում, մեր քաղաքական դաշտում, մեր կյանքում մի այնպիսի «կաշա» ստեղծեցինք, որ մարդիկ սկսեցին Ադրբեջանի հանդեպ թշնամանալու փոխարեն թշնամանալ մենակ մնացած անպաշտպան Արցախի հանդեպ, մեր իշխանություններին պահանջներ ներկայացնելու փոխարեն սկսեցինք արդարացնել նրանց անտարբերությունը, անգործությունը, Արցախն անպաշտպան թողնելը:

Հիմա, երբ Արցախում վիճակն օր-օրի վատանում է, եւ անգամ հացի, առաջին անհրաժեշտության առարկաների դեֆիցիտ կա, մեր` Հայաստանում ապրողներիս վիճակն էլ է անելանելի դարձել: Ոմանց կոկորդով ցամաք հացը կուլ չի գնում, եւ նրանք ամեն մի ռեստորանի կողքով անցնելիս ամեն ծնունդ-հարսանիք անողի ատում են ու անիծում: Ոմանք էլ ուզում են օր առաջ թոթափել Արցախի բեռն ու ապրել աշխարհաքաղաքացու կյանքով: