Ամոթ ունենալն այսօր ամոթ է․․․

Ամոթ ունենալն այսօր ամոթ է․․․

Ժողովրդի խոսք է՝ բավական է միայն մարդ պաշտոն ստանա, իսկույն գտնվում է դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը: Հայտնվում են բարեկամներ, որոնց մինչ այդ չէր ճանաչել։ Այդ մասին գիտեն բոլոր փորձառու ղեկավարները, որոնք կենսագրություն, կառավարման փորձ ունեն։ Նրանք իրենց հեռու են պահում  «դպրոցում իրենց կողքին նստած ինչ-որ մեկերից»  և իրենց շրջապատում են բանիմաց, խելացի, փորձառու կադրերով։ Առաջներում երկրի ղեկը պատահական մեկը՝ «ձեռքը բինտով կապած» չէր կարող վերցնել։

Մենք այդ ինչքա՜ն ենք ընկել, ինչքա՜ն ենք իջել, որ երկրի ղեկը վստահել ենք մի մարդու, ով իր հետ իր դասարանցիներին է բերել իշխանության։ Ով իր կողքին նստել կամ քայլել է, ասել է՝ արի՜։ Ու գիտե՞ք ինչու է նրանց բերել, որ ինքը նրանց մեջ խելոք երևա, որ ինքը ինչ ասի՝ անեն։ Սյունիքից մեկի տղային գործ չէին տալիս, հայրը ինձ հետ անկեղծացավ, ասաց․ «Լըկուտին ըսեցի քինա տափին, ասֆալտին պրանի, որ պաշտոն տան, քյաց վեչ, դե մհեկ քինա կեր»։

Այս մի նախադասությունը բավական է, որ պարզ լինի, թե ովքեր են Նիկոլից հետո պաշտոնի եկել։ Պաշտոնի գալով, պաշտոնն էլ են զիբիլ սարքել։ Ինչքան «կոստյում ու փողկապ են կապում» , մեկ է՝ մնացել են նու՜յնը, ինչ եղել, այդպես էլ մնում են։ Պարոնյանական սարկազմով՝ «Եղբայր, կարծես թե  սա կոստյումին մեջ բան մը կա»։  Իրենք չեն ամաչում, որ պաշտոն են ստացել, իրենք մոռացել են, թե ամոթն ինչ է։ Հակոբ Պարոնյանն է լավ ասում՝ «Օհ… ամչնալն ամոթ է այսօր: Վայ անոնց, որ սորված են ամչնալու»: Ամոթ ունենալն այսօր ամոթ է․․․ Եվ դրա համար այդպես անամո՜ թ են․․․